Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Կարինե Ռաֆայելյանի «Մենիկ» (պատմվածքներ) և «Փոխատեղումներ» (գրախոսություններ, թարգմանություններ, հարցազրույցներ) ժողովածուների շնորհանդեսը։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում նշեց, որ արձակագիր Կարինե Ռաֆայելյանը բազմապլան հայացքով է ներկայացրել և վերլուծել կյանքի մի շարք երևույթներ։ Գրողների միության նախագահը բարձր գնահատեց վաստակաշատ արձակագրի գրական ավանդը։
Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանն էլ նշեց, որ հեղինակի «Մենիկ» ժողովածուն հոգեբանական ու աշխարհագրական նոր գոտում է գտնվում։
Կարդացեք նաև
«Պատմվածքներն ավելի հասարակական են, փոխհարաբերություններն ու երկխոսություններն ավելի շատ են, ամբողջովին ներկայացնում են հասարակությունը։ Հերոսներն ունեն ներքին խոսք, բայց իրենք հասարակության անդամներ են և ցանկանում են հասարակությունը տեսնել իրենց նման։ Սրանով էլի մենակյաց են դառնում․․․ Գրողի մի առավելությունն էլ այն է, որ ավելի օբյեկտիվ է նայում հասարակությանը»,-նշեց Վահագն Սարգսյանը։
Շնորհանդեսին ելույթ ունեցան Հակոբ Մովսեսը, Նանեն, Ալիս Հովհաննիսյանը, Հովիկ Վարդումյանը, Հովիկ Հովեյանը։
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ