«Այսօր մենք պետք է քննարկենք Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները»,- Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ չնայած մարտահրավերներին, միջազգային բարդ իրավիճակին՝ ԵԱՏՄ-ն լավ զարգանում է։ ՀՀ վարչապետը հայտնեց, որ միության ներսում ապրանքաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այժմ ՀՀ-ն կենտրոնացած է 2025-ի ռազմավարության վրա, և աշխատում ենք այն նախագծի վրա, որը ներկայացվել է ՌԴ-ի կողմից։ Նա նշեց, որ այդ նախագծի դրույթներն իր համար ընդունելի են, բայց նաև կան նրբություններ, որոնք պետք է լրացուցիչ քննարկվել․ «Գլխավոր նրբությունն այն է, որ կան մի շարք հարցեր տնտեսական ինտեգրացիայի ոլորտում, որտեղ անդամ երկրների դիրքորոշումները որոշ չափով տարբերվում են։ Կարծում եմ՝ կա հնարավորություն գտնել ընդհանուր կարծիքներ և կարևոր է, որ մեր գործընկերները դրական են տրամադրված»։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձ կատարեց ԵԱՏՄ-ի հետագա զարգացմանն ու ասաց․ «Շատ նրբություններ կան Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման առումով։ Սկզբունքային կարևորություն ունի միասնական գազային, էներգետիկ շուկայի ստեղծումը, կարևոր է նաև կոորդինացումը ֆինանսական քաղաքականության հարցում։ Մեր բոլորի հիմնական նպատակն է մեր երկրների տնտեսությունների զարգացումն ու մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը։ Այս հարցերում ԵԱՏՄ-ն մեծ շահագրգռվածություն ունի։ Մենք տեսնում ենք մի շարք ազդանշաններ, որոնք խոսում են այն մասին, որ այլ երկրներ ևս հետաքրքրված են եվրասիական տնտեսական միության հետ հետագա համագործակցության հարցում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ