Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գյումրին ռուսական պետհամարանիշով մեքենաներով լեփ-լեցուն է, բայց եկողները տուրիստներ չեն»․ զբոսավար

Օգոստոս 24,2023 19:03

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի պատասխանատու Լիզա Գասպարյանն, անդրադառնալով այս քաղաքի զարգացման հիմնական ուղղություններից մեկին՝ զբոսաշրջությանը, նշեց՝ 2018, 2019 թվականների հետ համեմատ զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազել է․ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին քաղաքի պատմական կենտրոնն այլևս հյուրերով լեփ-լեցուն չէ։

«2023 թվականի զբոսաշրջության մեկնարկը տվեցինք բավական ուշ՝ եղանակի պատճառով։ Առաջին պատճառը եղանակն է, հիշում եք հունիսի վերջ, հուլիսի սկիզբը եղանակն անձրևոտ էր, սառը։ Իհարկե, այս եղանակն ամբողջ Հայաստանում էր, այնպես չէր մյուս մարզերն ակտիվ էին, մենք՝ պասիվ։

2018, 2019 թվականներին որ տեսել էինք զբոսաշրջային գերհագեցած սեզոն, այս տարի նույնը չտեսանք, ոլորտը թերծանրաբեռնված է։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին պիտի որ ակտիվություն տեսնեինք, ակտիվությունը ոչ միայն քաղաքի փողոցներում պիտի լինի, այլ նաև հյուրատնային, հյուրանոցային տնտեսություններում, ռեստորաններում, սրճարաններում։

Վերջին տարիներին մի շատ սիրուն ավանդույթ է ձևավորվել․ նաև թատրոնների, կինոթատրոնների տոմսեր ենք ամրագրում, բայց այս տարի չեղավ կամ շատ քիչ տոկոս եղավ։

Այսինքն՝ տուրիզմի ոլորտի մարդիկ, որոնք վաճառքով են զբաղված, հստակ թվերով կարող են ասել՝ վաճառքը բավականաչափ նվազ է, ես չեմ վարանի ասել, այդ թիվը հրապարակվել է մի քանի անգամ․ 30 տոկոս ենք ունեցել, ոչ թե պակասել է 30 տոկոսով, այլ մենք երբ ընդհանուր պիկի հետ համեմատում ենք, ունեցել ենք 30 տոկոս վաճառք։

Օգոստոսին քաղաքի կենտրոնում, պատմական փողոցներում, հրապարկում ակտիվություն, աշխուժություն կա, բայց մենք երբեմն-երբեմն հետազոտություններ ենք անցկացնում, պիտի նկատած լինեք, որ բացառապես Գյումրիի բարբառով խոսող մեր հայրենակիցներն են, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց եկել են տուն։

Իհարկե, սա շատ լավ ավանդույթ է՝ վերջին տարիներին ձևավորված, նկատում ենք, որ քաղաքը ռուսական պետհամարանիշով մեքենաներով լեփ-լեցուն է, մերոնք են, գյումրեցիներն են, բայց հյուրանոցային տնտեսությանն այս դեպքում որևէ օգուտ չկա։ Թե՛ հյուրանոցային համարների և թե ՛զբոսավարության շատ քիչ վաճառք է լինում, որովհետև մարդիկ եկել են իրենց տուն։

Իհարկե, շարժ կա, սրճարանային, ռեստորանային ծառայություններից օգտվում են, անգամ հագուստի խանութներից, ամեն դեպքում սա չենք կարող մաքուր տուրիզմ դիտարկել»։

Մեր զրուցակիցը նշում է, որ Գյումրիում այս սեզոնին զբոսաշրջության ակտիվ չլինելը բնավ կապված չէ միայն եղանակային վատ պայմանների հետ, ներքին կազմակերպչական բազում հարցեր կան, խանգարում են նաև արտաքին գործոնները։

«Ասեմ, որ տարին սկսվեց լոուքոսթրների Հայաստան գալով, և իմ շրջապատում մարդիկ կան, որոնք արդեն 3-4 անգամ կարողացել են Եվրոպա գնալ, հանգստանալ, գալ։ Այսինքն՝ մեկ անգամ որպես տուրիստ եվրոպական որևէ երկրի դեսպանատուն մտնելով՝ երկրորդ անգամ քեզ մուլտիվիզա են տրամադրում։ Սա բացում է Եվրոպայի դռները ու բավականաչափ էժան է, համար է Եվրոպա գնալ, հանգստանալը, գաղտնիք չէ, որ Հայաստանում ներքին տուրիզմը բավականաչափ թանկ է, մարդիկ ներքին տուրիզմի վրա 2-3 օրվա համար ծախսած գումարով կարող են ընտանիքով մեկ շաբաթով դրսում հանգստանալ։ Սա շատ լավ գիտենք վաղուցվա փաստ է»,-ասում է Լիզա Գասպարյանը։

Նա, խնդիրը տեղայնացնելով, նշում է՝ չպիտի թույլ տալ Գյումրիում զբոսաշրջությունն անկում ապրի և պասիվ սեզոնին այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պիտի կատարվեն, քանի որ զբոսաշրջությունը բիզենս է, որին պիտի մոտենալ հենց այդ տրամաբանությամբ։

Ըստ նրա, զբոսաշրջությունը Գյումրիում զարգանում է  ինքնաբուխ, անհատների ջանքերով,  ոչ թե պետական ծրագրով․ որևէ ռազմավարություն մշակված չէ ո՛չ ՏԻՄ-ի կողմից, ո՛չ էլ ՀՀ կառավարության մակարդակով։

«Քանի որ այս պահին քաղաքի զարգացման միակ հեռանկարը տուրիզմն է, ՏԻՄ-ը գումար պիտի ծախսի, որ հետ գա այդ գումարը, տուրիզմը բիզնես է, պարզ մարկետինգային կանոններ գոյություն ունեն։

Չպիտի թողնենք, որ ոլորտը մահանա, պիտի մտածենք արտաքին գովազդի, արտաքին շուկաներ ներգրավելու մասին։ Դեռևս աշխատում ենք երևանյան շուկայի վրա, ինչ սկսվել է տուրիզմը Գյումրիում, մենք միայն երևանյան շուկայի վրա ենք աշխատում, առանձնապես պրոֆեսիոնալ  մարկենտինգային գործողություններ չենք էլ անում։ Գան, տեսնեն, գնան, պատմեն հարևաններին, բարեկամներին, նրանք էլ  գան Գյումրի։

Զուտ սարաֆանային գովազդով ենք աշխատում, քաղաքը ինքը պիտի ճանաչի, որ ինքը տարածաշրջանում, ես չեմ ասում Հայաստանի Հանրապետությունում, միակ քաղաքն է, որն ունի «Կումայրի»  պատմական արգելոց-թանգարան։ Դա պիտի լինի մեր ամենակարևոր մարկետինգային դրոշը․ մարկենտինգային կարգախոսը։

Կովկասում ո՞ր քաղաքներ են ամենապահանջվածը զբոսաշրջիկների համար, մենք այդտեղ պետք է ունենաք ագրեսիվ մարկետինգ, թե՛ բելգիացին, թե՛ լիբանանցին կամ մեկ այլ երկրի քաղաքացի, երբ գա, քայլի Թբիլիսիի փողոցներով, մի մեծ գովազդ տեսնի, որ Թբիլիսիից շատ ավելի սիրուն, շքեղ, պատմական, հնամենի քաղաք կա, դա Գյումրին է։ Մենք այ այդպես պիտի վաճառք անենք, բայց, ցավոք, պիտի նշեմ, որ այս տարիները մենք բաց թողեցինք՝ ոչ գրագետ վերաբերվելով, ուղղակի թողնելով ինքնահոսի, իսկ այն, ինչ ինքնահոսով է սկսվում, ինքնահոսով էլ ավարտվում է։

Մենք պիտի պարբերաբար մտածենք քաղաքում մի գրավիչ, մի առանձնահատուկ զբոսաշրջային արտադրանք առաջարկելու մասին, կարող է ասենք մեր Ձորի թաղում ինչ-որ մեծ, շքեղ  ժամանակակից կամուրջ կառուցվի։ Սա օրինակի համար եմ ասում, գուցե տարօրինակ բան եմ ասում, բայց գան մարդիկ, որոնք ավելի հնարամիտ են, ավելի լավ գաղափարներ ունեն,  ներդրում անեն, քաղաքը գտնի այդ ներդրողներին։

Ես բազմիցս ասել եմ որպես զբոսավար՝ չորս փողոցով չեմ կարողանում անընդհատ Գյումրին պահել զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, նոր ուղղություն է պետք։

Սլաբոդկա թաղամասի փողոցների վերանորոգման ծրագիրը հաստատվել է, բայց դեռ քանի տարի է պետք, երկու տարուց ավել խոսում ենք Երերույքի տաճար տանող ճանապարհի և Վահրամաբերդի վանական համալիր տանող ճանապարհների կառուցապատման մասին, բայց նախորդ օրն ենք այդ տարածքից եկել, դեռ գրունտային աշխատանքներ են արվում, մինչդեռ մենք դա պիտի հասցնեինք մինչև տուրիզմի սեզոնի մեկնարկը ավարտեինք։ Մենք միշտ այլընտրանք, նոր բաներ պիտի առաջարկենք»։

Լիզա Գասպարյանը քննադատում է նաև Զբոսաշրջային պետական կոմիտեին՝ նշելով, որ անգործության է մատնված։

«Հինգ տարի նույն կռվի մեջ ենք, որ որևէ արտաքին գովազդ, որևէ ինֆորմացիա թողարկելիս, հազար ու մի ֆեստերի, ցուցահանդեսների են մասնակցում, Հայաստանի գրեթե բոլոր տեղանքները կան, Գյումրին բացակայում է։ Ես չգիտեմ դա ինչ քաղաքական, ինչ անձնական վերաբերմունք է, շատերը Գյումրիում, որոնք զբաղվում են տուրիզմով, առճակատման մեջ են։

Եղել են իրավիճակներ, երբ հրավիրված ենք եղել կոնֆերանսի, առաջինն այս հարցն ենք բարձրաձայնել, չի եղել Գյումրի, բոյոկտել, դուրս ենք եկել, չի կարելի անընդհատ նույն մարզերը, նույն լոկացիաները  գովազդել, փիառել, գումար ծախսել, իսկ Գյումրին միշտ մնա ստվերում։ Տարիներ շարունակ երկաթյա վարագույրի հետևում է մնացել Գյումրին, հիմա էլ շարունակվում է ձևով, նույն քաղաքականությունն է վարվում», -նեղվում է զբոսաշրջային ընկերության պատասխանատուն։

Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031