Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրական հովիվներն» արդարացրել են ֆերմերների հույսերը

Օգոստոս 24,2023 18:44

Եղեգիս համայնքում մեղրաքամն ավարտվել է

Մեղրասեր բրդոտներն այնքան հաճախ են հայտնվում Վայոց ձորում, որ բջջային հեռախոսներով նրանց ֆիքսելը սովորական է դարձել: Շատին գյուղում արջերը հայտնվում են օրվա ցանկացած ժամի: Իսկ թե ինչ վարքագիծ կդրսևորեն՝ կախված է սնունդ հայթայթելու ցանկությունից: Վերջին անգամ, կենդանուն իր մեղվանոցի տարածքում՝ Եղեգիս գետի ակունքի մոտ, շուրջ 2300 մետր բարձրության վրա, դեմ առ դեմ հանդիպել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:

Միայն թե դա եղել է ոչ թե քոթոթ, այլ հսկայական արջ: Մեղվափեթակներն անվնաս են մնացել արևային էներգիայով սնուցվող «էլեկտրական հովվի»՝ նոր տեխնոլոգիայի շնորհիվ:

«Առաջին անգամ էլեկտրական հովիվի ուժը զգացի այդ օրը՝ կեսգիշերն անց: Շունն անհանգիստ էր, դուրս եկանք վրանից ու տեսանք, որ արջը մոտեցել է, ուզում է մեղվափեթակը տանի: Դիպել էր «էլեկտրական հովիվին» ու մոլորված կանգնել. ելք էր փնտրում՝ ոնց անի, որ հասնի մեղվափեթակին: Փորձեցինք արջին քշել, պտտվեց, փորձեց մեկ այլ դիրքից մոտենալ ամենամոտ մեղվափեթակին: Ու էդպես շուրջ կես ժամ փորձերից հետո զայրացած գետն անցավ, մտավ դիմացի ծառերի մեջ ու գնաց: Երբեք չէի պատկերացնի, որ արջը կարող է մեկ-երկու քայլի վրա լինել մեղվափեթակից: Անակնկալի գալով՝ անգամ չհասցրեցի հեռախոսով ֆիքսել: Արջն այնքան մեծ էր, որ մի փեթակով դժվար բավարարվեր»,-ասել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:

Ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը: Դրա իրական արդյունքն առանց բերքի կորստի իրականացվող մեղրաքամն է: Թեև եղանակային պայմանների առումով տարին բարենպաստներից չէր  մեղվաբուծության համար, սակայն լավ բերք ստանալ հաջողվել է՝ մեղվափեթակները երկու, երեք դաշտ տեղափոխելու շնորհիվ: Շարժական «էլեկտրական հովիվներն» ապահովել են դրանք տեղից տեղ տանելու և շատ արագ նոր տարածքում նորից ցանկապատելու ճկունությունը: Մեղուներն աշխատել են ժրաջան, չեն խառնվել այլ փեթակների, ավելի շատ շրջանակ են գործել ու անարատ բերք ապահովել: Ավելացել է փեթակների թիվը. հիսուն փեթակով սար են բարձրացել, ութսունով՝ վերադարձել: Գործած շրջանակների թիվը հասել է երեք հարյուրի, ավելացել է արտադրված մեղրի քանակը: Արդեն ութ տարի մեղվաբուծությամբ զբաղվող Նորայրը վստահ է, որ առանց «էլեկտրական հովվի» օգնության արջի հարձակման հետևանքներից խուսափել չէր լինի: Այժմ մեղուներին նախապատրաստում են տարբեր հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների՝ հաջորդ տարի ավելի լավ բերք ստանալու ակնկալիքով:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում ոչ միայն միջազգայնորեն հռչակված կոնկրետ օրերի շրջանակում, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկարատև արդյունք ապահովող ծրագրերի միջոցով: Տարիների գործընկերներն առաջնահերթություն են համարում համայնքներում նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացն ու դրանց կիրառման նպատակով իրականացվող դասընթացները: Ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 1 Հա տարածք: Բնապահպանական մարտահրավերները լուծվում են նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ ձևավորելով էկոլոգիական գիտակցություն:

Վիվա-ՄՏՍ-ի մասին

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

 «Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031