Երեւանի քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ օգոստոսի 24-ին սկսեց Հայաստանի զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի դատաքննությունը։
Հիշեցնենք, որ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացել է այս տարվա հուլիսի 23-ին։ Նրա հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաեւ ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ում հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից, եւ գործով կալանավորված է նրա այն ժամանակվա օգնականը։
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ.Հ.-ն, Մ.Մ.-ն եւ Մ.Հ.-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաեւ առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի եւ մի խումբ այլ անձանց հետ նաեւ Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով եւ գործով դեռեւս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
2019թ. հոկտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք: 2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ.Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով։
Կարդացեք նաև
Երեք մեղադրյալների, որից մեկը կին է, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Փոխգնդապետներ Լեւոն Հարությունյանի եւ Մխիթար Մելքոնյանի նկատմամբ նաեւ «պաշտոնավարման կասեցում» է կիրառվել։ փոխգնդապետ Լեւոն Հարությունյանը newday.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ցավում է Արա Մխիթարյանի մահվան առիթով ու նաեւ ափսոսում` որ կասեցրել են իր պաշտոնավարումը։
«Ես սիրում եմ ծառայությունը, ափսոսում եմ, որ մինչեւ նոյեմբեր կասեցրել են պաշտոնավարումս, այդ անհիմն որոշումից պետությունն է տուժելու»,-ասաց փոխգնդապետ Հարությունյանը՝ ավելացնելով, որ պնդելու է իր ցուցմունքը։
Երկու փոխգնդապետները դիմել են զինծառայողների իրավական սոցիալական հարցերով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչ Արսեն Վարցյանին։
«Կա ծեծ ու սպանություն։ Մեղադրվում են սպանված Արա Մխիթարյանի ընկերները՝ սուտ մատնության մեջ։ Բոլոր իշխանությունները սպային նայել են որպես «մատերիալի», չեն մտածում, որ այդ սպան իր կյանքի գնով փրկում է հայրենիքը։ Ոչ միայն Նիկոլի իշխանության օրոք, այլ բոլոր իշխանություններն ուզում են իրենց սրբացնել, իրենց թիմակիցներին ներկայացնել հրեշտակ։ Չեն մտածում, որ պետությունը զինվորականների վրա ծախս է արել, հիմա կասեցրել են պաշտոնավարումը, պիտի վճարեն պարապուրդի համար։ Մենք հասնելու ենք արդարության»,-newday.am-ի հետ զրույցում ասաց նա։
Լուսանկարները՝ Անի Գեւորգյանի
Արմեն ԴԱՎԹՅԱՆ