Ես չեմ ուզում մարդկանց պրոբլեմի վրա ձայներ տանել, առավել ևս՝ խոստանալ, թե ես սրա համար կպայքարեմ, միայն, թե դուք ինձ ընտրեք և ես սեպտեմբերի 18-ին այս հարցը կլուծեմ, քանի որ այս հարցի միակ ճանապարհն իրավական է: Նման պատասխան տվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ Aravot.am-ի դիտարկմանը, թե բնակիչները կարծես թե ձեզանից գոհ չմնացին, ի՞նչ եք կարծում՝ նրանք ձեզ սեպտեմբերի 17-ին կընտրե՞ն:
«Եթե նույնիսկ բնակիչները վերընտրեն այն մարդուն, ով այս շինթույլտվությունը տվել է , ես որևէ մեկից նեղանալու իրավունք չունեմ: Երբ մարդ որևէ գործողություն է անում և հետևանք է լինում, ինքը ոչ մեկից չպետք է նեղանա, ինքն իրենից պետք է նեղանա: Դավիթ Խաժակյանը կլինի Երևանի ավագանի, թե չի լինի, սա կառուցվելու է, եթե մենք ուզում ենք, որ ապագայում սա չլինի, պետք է մեր գործողություններից հետևություններ անենք: Ես չեմ ուզում մարդկանց պրոբլեմի վրա փորձել ձայներ տանել, առավել ևս՝ խոստանալ, թե ես սրա համար կպայքարեմ, միայն թե դուք ինձ ընտրեք և սեպտեմբերի 18-ին ես այս հարցը կլուծեմ, քանի որ այս հարցի միակ ճանապարհն իրավական է»,-նշեց Դավիթ Խաժակյանը:
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 2-րդ օրը «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն մեկնարկեց Սարյան 33 հասցեից, որտեղ բնակիչները հրավիրել էին իրենց շենքին կից կառուցվող առևտրային տարածքի խնդրով: Նախապես այն կաթսայատուն էր եղել, սակայն հետո առևտրային կենտրոնի շինթույլտվություն է ստացել: Վեր բարձրացող շինությունը, ըստ բնակիչների՝ խանգարում է իրենց բնականոն կյանքին, տեղաշարժմանը, չի պահպանվել նորմերով նախատեսված շինությունների միջև պահանջվող 3 մետր հեռավորությունը, ինչը հակահրդեհային կանոնների խիստ խախտում է:
Մոտ մեկ տասնյակ բնակիչների հետ հանդիպմանը Խաժակյանը հորդորեց դիմել դատարան և իրավական ճանապարհով խնդրի լուծումը ստանալ: Այս հանգամանքը, սակայն դուր չեկավ բնակիչներին և նրանք հիասթափված նեղսրտեցին. «Բայց մենք մեր վարչապետին հավատացել ենք, մեր Փաշինյանին ենք ընտրել, որին հավատացել ենք, հավատում ենք, բայց արդեն էլ չպետք է հավատանք, որ նմանատիպ բաներ չկատարվեն»: «Ես բա՞ն եմ ասել»,- ռեպլիկի կարգով նետեց Խաժակյանը:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, թե ինչու՞ եք հատկապես Կենտրոն համայնքում հանդիպում բնակիչների հետ ու հատկապես նորակառույյցների խնդիրներով՝ Դավիթ Խաժակյանն ասաց, քանի որ իր հեռախոսահամարը հրապարակված է՝ բնակիչները զանգահարում են իրենց խնդիրներով, իրենք էլ կազմակերպում են հանդիպումները, վաղն օրինակ լինելու են Էրեբունի համայնքում, բոլորովին այլ հարցերով:
«Ես մեղավոր չեմ, որ մարդկանց նման խնդիրներ են պատճառում ու մարդիկ չգիտեն՝ ուր գնալ և ում դիմել, ես ակունքը շատ լավ պատկերացնում եմ և երբ բարձրահարկերի արանքում նման շինթույլտվություններ են տվել, հետո էլ խոսում են քաղաքի համաչափ զարգացումից, Կենտրոնի բեռնաթափումից, ով ուզում է սրա շինթույլտվությունը տված լինի, այդ արտահայտությունը չպետք է կիրառի»,-ասաց Խաժակյանն ու մեր ճշտող հարցին, թե ո՞ր քաղաքապետի օրոք է շինթույլտվությունը տրվել, ի պատասխան հավելեց․ «Ասում են, որ 2022թ.. տրվել է շինթույլտվությունը, ենթադրում եմ, որ 2021թ.-ին եղել է նախագծման թույլտվությունը՝ մի քաղաքապետի օրոք, 2022թ,-ին էլ մյուսի օրոք»:
Նա համոզված է, որ քաղաքաշինական նորմերում հստակություն չկա, ուստի քաղաքապետարանը պետք է նախաձեռնի դրանք փոխել, «բայց քաղաքապետարանն էլ մտածում է, եթե նորմերը փոխեմ, ուզածս շինթույլտվությունը չեմ կարող հետո տալ, հետո ու՛մ կարող եմ լավություն անել, եթե նորմով ես ինքս ինձ սահմանափակեմ» :
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ