Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական հայրենիքը» ԱՀ նախագահից պահանջում է հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները

Օգոստոս 24,2023 16:31

«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ

2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։

Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։

Ժողովրդի ներկայացուցչական մարմնում յոթ մանդատով ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերի և նրանց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ հանդիսացող պադվալային առաջնորդների անվեհեր պայքարի և համախոհության արդյունքում հնարավոր եղավ հաջողացնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։

Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից։

Գործադիր իշխանությունը, սակայն, առավել հարմար միջավայր է համազգային այդ նպատակների իրագործման համար, ուստի կրկին համախոհաբար պիտի ձեռքը գցել նաև կառավարությունը։ Այս առումով ինտրիգի առաջին մասը բացահայտված է․ Մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրել(ում)։ Որպեսզի ինտրիգն ամբողջանա, պիտի նաև իմանալ, թե նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է պարտադրվել գործող նախագահին, որպեսզի վերջինս իր հերթին համոզի իր քաղաքական թիմին՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցությանը։ Ի դեպ, պակաս կոլորիտային չէ նաև ապագա կառավարության կազմը։

Ծրագիրը կա, դերաբաշխումն իրականացված է, անվանական ցուցակները՝ համապատասխան պադվալներում վավերացված, նախնական պայմանավորվածությունը՝ ձեռք բերված։ Մնում է՝ մնացածը։ Եվ Արցախը փրկվա´ծ է, գիշատիչների խնջույքը՝ կայացա´ծ։ Ցնծա՜, հա´յ ժողովուրդ։

Ելնելով «Արցախ» ուսումնական զորավարժարանում ընթացող փրկիչ-որոնողական լայնածավալ գործողություններից՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահից պահանջում է․

☑️ Հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ժողովուրդն իրավունք ունի ճանաչելու իր ճակատագրի ճարտարապետներին։

☑️ Հավուր պատշաճի գնահատել համաշխարհային տրամաչափի այդ քաղաքական դերակատարներին և վերջապես ի կատար ածել պադվալային պայմանավորվածությունները՝ պաշտոն ու ֆինանսական միջոցներ տրամադրելով վերջիններիս։

☑️ Առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել Արցախի՝ համախոհաբար ճյուղավորված քաղաքական քաղցկեղն առավել արմատավորելու համար, քանզի Արցախի փրկությունը Հայաստանում իշխանափոխության մեջ է, իսկ Հայաստանի փրկությունը՝ Արցախի ցեղասպանվող ժողովրդի պայքարի։

☑️ Արցախի ճակատագիրը շաղկապել վերոնշյալ քաղաքական շրջանակների հետ, որոնց 25-ամյա գործունեությունն ուղղված է Արցախի սնանկացմանը։ Օբյեկտիվ են գործող Նախագահին ուղղված պահանջ-մեղադրանքները՝ իրենց գործունեության կամ անգործության արդյունքը՝ Արցախի հանձնման գործընթացը սեփականելու և միանձնյա տնօրինելու մեջ։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում ներարցախյան քաղաքական խմորումներից և դրանց գնահատական տալուց, քանի որ դրա գնահատականը օրեր անց գործնականում ժողովո՛ւրդը կտա։

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031