«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր Էրեբունի վարչական շրջանում էր շարունակում նախընտրական քարոզարշավը։ Արցախի փողոցի 8/2 եւ 8/3 շենքերի բնակիչները մոտեցան Ավինյանին եւ բողոքեցին, որ երրորդ կարգի վթարայնություն ունեցող իրենց շենքն օրեցօր թեքվում է, եւ շենքում ապրելը վտանգավոր է։ «Օր օրի շենքը ծռվում է, եկեք դուք ձեր աչքով տեսեք, թե ինչ ճաքեր ունենք։ Վերելակներն ամենավատ վիճակում են։ Մենք տալիս ենք սպասարկման փող, բայց ոչ մեկը չի սպասարկում, ոչ ոքի չի հետաքրքրում, դա նորմալ երեւո՞ւյթ է»,- բողոքեց բնակչուհիներից մեկը։
Այցելելով տարածք՝ Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ շենքերը վտանգավոր են արդեն։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանն ասաց, որ շենքերն ամրացվել են տարիներ առաջ։ «2018 որոշում կայացվեց երեք հարկ հանել շենքերի վրայից, հետո որոշվեց դա չանել։ Մի հատ սեյսմիկ կանենք, կասենք»,- ասաց համայնքի ղեկավարը։
«Սա ապրելակերպ չէ, պետք է անպայման շենքը փլվի, ասեն՝ 110 բնակարանների մարդիկ մահացան, որ հետո նոր գաք՝ օգնե՞ք»,- բողոքեց բնակչուհիներից մեկը։ Տիգրան Ավինյանը խոստացավ հարցին անդրադառնալ առաջիկայում։
Ավինյանն ասաց, որ չորրորդ կարգի վթարային շենքերը քաղաքապետարանն անձնապես իր վերահսկողության տակ է առել։ «Ըստ առաջնահերթության է խնդիրը լուծվում, կա չորրորդ կարգի վթարային շենք, չորրորդ կարգն այն է, որ հեսա հայ-հայ է փլվում է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ