Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը փոխարինում ենք ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ. Փաշինյան

Օգոստոս 24,2023 14:48

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներին:

Կառավարությունը սահմանել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը և հաստատել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը:

Որոշմամբ նախատեսված կարգավորումներն ուղղված են նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները, ինչպես նաև բարձր կրթաթոշակների միջոցով լրացուցիչ խթանող քայլերի՝ առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով: Հիմք ընդունելով ոլորտում իրականացված, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած վերլուծությունները, սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները (մասնագիտական մանկավարժություն՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների): Այս ուղղություններով ուսանողների համար կսահմանվի 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց սովորելու դեպքում՝ 77 հազար դրամ։ Որոշման նպատակն է նաև հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով։ Արդյունքում ակնկալվում է ապահովել կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններ ու չափեր, որոնք կնպաստեն ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: Նախատեսվում է, որ 2023-2024 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով նպատակային մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 58, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առավելագույնը 169:

«Պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տարեկան տրամադրվում է շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետև մեկ ուսանողին հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում: Հետևաբար, կարելի է պնդել, որ դա որևէ էական ազդեցություն չի կարող թողնել ո՛չ կրթության մատչելիության, ո՛չ էլ կյանքի որակի վրա: Միաժամանակ, այն արժենում է պետությանը զգալի միջոցներ։ Եվ որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրն, պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրամադրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու գործընթացի կանոնակարգումը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությամբ, մասնավորապես՝ կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումների ներդրումը: ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին 50000 ՀՀ դրամի չափով, իսկ ով կունենա գերազանց առաջադիմություն՝ լրացուցիչ կտրամադրվի ևս 5000 դրամ կրթաթոշակ: «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմություն դեպքում կտրամադրվի կրթաթոշակ 25000 ՀՀ դրամի չափով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այս թեմայով քննարկումները սկսվել են՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարության նախագծի ձևավորման շրջանակում. «Կարծում եմ՝ կարևոր որոշում ենք կայացնում: Այսինքն՝ «բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը փոխարինում ենք ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ։ Մեր ունեցած գումարները կենտրոնացնում և ծախսում ենք ավելի նպատակային»:

Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետագայում այս ոլորտում այլ քաղաքականություն իրականացնել՝ կրթաթոշակի տրամադրումը պետք է կապված լինի կրթության որակի հետ. «Քաղաքականությունը պետք է սրբագրենք, որովհետև պետք է կապ տանք կրթության որակի հետ։ Մենք մարդուն արդեն վատ մեսիջ ենք տալիս՝ հաշմանդամություն ունես, դրա համար կրթաթոշակ ես ստանում: Մեր մեսիջը պետք է լինի հետևյալը՝ կրթաթոշակ եմ ստանում, որովհետև լավ եմ սովորում։ Եթե մարդ սոցիալական խնդիր ունի, թող դրանով զբաղվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ն որոշում կկայացնի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում այս նույն մոտարկված համակարգը ներդնելու համար։

Կհատկացվի 450 մլն դրամ՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շուրջ 600 շահառուի տրամադրելու նպատակով

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն փաստացի աջակցություն է ստացել 3,088 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով։

2023 թ. օգոստոսի 15-ի դրությամբ ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 1685 շահառու, որից 236-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (222,355,306 դրամ), 494-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (22,965,628 դրամ), 955-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (982,744,936 դրամ)։

Ընդհանուր առմամբ, վճարվել է 1,228,065,870 դրամ, որից 300 մլն դրամն ապահովվել է բյուջեի վերաբաշխման միջոցով, իսկ 928,065,870 դրամը ծրագրի շրջանակում 2023 թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար նախատեսված միջոցների հաշվին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. երրորդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 450 մլն դրամ։

Իրականացվում են երեք ծրագրեր: Մասնավորապես, առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով: Երկրորդ՝ ծրագրի շրջանակում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղված է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ծրագրերի լավարկման, դրանց վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է նաև հանրապետությունում ծնելիության ցուցանիշները. «Վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակման համաձայն՝ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների թվով 2005 թվականից սկսած, իսկ մինչ այդ ուղղակի չկա վիճակագրություն, մենք ունենք ռեկորդ: Այսինքն՝ 2022 թվականի ամփոփմամբ Հայաստանում ծնվել է 11956 3-րդ և հաջորդ երեխա։ Համեմատության համար նշենք, որ 2005 թվականին ծնվել է 5260, 2018թ.՝ 8271 երեխա։ Այսինքն՝ միայն 5 տարվա մեջ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների 50 տոկոս աճ ունենք։ Այս պահին 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների համամասնությունը 2022 թվականի տվյալներով կազմում է 1-ինը՝ 36 տոկոս, 2-րդը՝ 31.2 տոկոս և 3-րդը ՝ 33 տոկոս։ Միանշանակ կարելի է փաստել, որ կառավարության կողմից վերջին 5 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը, հատկապես 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան կապակցությամբ, բավականին արդյունք են տվել»:

Գործադիրը 8 մլրդ 972 մլն դրամ է հատկացրել 81 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է՝ 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 21 ճանապարհահատվածի, 2022 թ.-ից անավարտ 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների, 18 ճանապարհահատվածի և 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների, 2 ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների, ավարտված 4 ճանապարհահատվածի ընդունման և 5 տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախատեսել ֆինանսական միջոցներ, ինչպես նաև թույլատրել կապալի 1 պայմանագրում կատարել փոփոխություններ։ Հիմնանորոգվող ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 81.0 կմ է, ընդհանուր գումարը 8,972,683,160 դրամ է:

Մասնավորապես՝ իրականացվում են Աշոցքից դեպի Բավրա 11,5կմ ճանապարհահատվածի, Վայքից Զառիթափ 7.5 կմ հատվածի, Գորիսից Կապան 4 կմ ճանապարհահատվածի, Կարբի- Օհանավան 5.8 կմ հատվածի, Ազատամուտի տարածքում 3.96 կմ հատվածի, Վերին Պտղնի- Ջրվեժ 8.2կմ ճանապարհահատվածի, Ջրվեժից Խարբերդ 9.5կմ ճանապարհահատվածի, Հրազդանի տարածքում 4.2 կմ հատվածի, Չարենցավանից Ֆանտան 2.3 կմ հատվածի, Արագյուղ – Հարթավան 1.3 կմ հատվածի (Երնջատափ գյուղը շրջանցող հատված), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի (2-րդ տեղամաս – 25 կմ), Ագարակաձորից դեպի Գնիշիկ 12կմ ճանապարհահատվածի, Ծիլքարից դեպի Լեռնապար 3.8 կմ հատվածի, Ներքին Բազմաբերդ– Կաքավաձոր ավտոճանապարհի 4.1 կմ հատվածի, Ակնալիճ – Արևիկ 3.6 կմ հատվածի, Արագյուղ – Քարաշամբ ավտոճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի, Հ-36 ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվում են Մուսալեռից Մեծամոր հատվածի մի մասում ջրահեռացման համակարգի, Արծվաբերդի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնման աշխատանքներ:

Ավարտվել են Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Բազում, Պուշկինի թունել 4,954 կմ հատվածի, Ճամբարակ – /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-4 – Աղավնավանք 11 կմ հատվածի, Հ-93, /Հ-75/ – Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կմ հատվածի, Գյումրի – Արևիկ – Այգեբաց – Վարդաքար – մարզային նշանակության ավտոճանապարհի Այգեբաց, Վարդաքար 5.76 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:

Ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության հետևյալ ծառայությունները՝ Դիլիջան-Իջևան հատվածում անվտանգության տարրերի բարելավում և սև կետերի շտկում, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհ հիմնանորոգում՝ Վանաձոր քաղաքի հատվածում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի (Սելիմի լեռնանցք) 1 կմ հատվածի վերակառուցում, Մ-14 ավտոճանապարհի Շողակաթ -Շորժա 5.3 կմ հատվածի հիմնանորոգում, Երևանից – Ողջաբերդ 16.73 կմ հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգում, Ոսկետափ – Վեդի 3.8 կմ հատվածի հիմնանորոգում և այլն:

Կբարելավվեն Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2022 թվականին խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվել են 1,5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով։ Խաղողի մթերման նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։ Վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։ Վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն են առաջանում նաև եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված Վերին Լարսի սահմանային անցակետի փակ լինելու պատճառով։

Այսպիսով՝ ծրագրի շրջանակում 2022 թ.-ին տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի և պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 6 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները: 2023 թ. հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և Էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն ապահովվել է արտահանումների հաշվին և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին: Արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետների երկարաձգման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը ստանալու նպատակով սահմանվում է, որ շահառուն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որում նշվում է արտահանման անհնարինության պատճառները և դիմումին կցում է դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն արտահանումների հաշվին ապահովված լինելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը: Ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկերից բացի 2023 թ. օգոստոսի 15-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ:

Կառավարությունը հաստատել է Ներդրումների ներգրավման ծրագիրը.կիրականացվեն ներդրումների ներգրավման ոլորտում առանցքային բարեփոխումներ

Գործադիրը հաստատել է Ներդրումների ներգրավման ծրագիրը: Մասնավորապես, ներդրումային քաղաքականության համակարգի կատարելագործմամբ կիրագործվեն հետևյալ նպատակները` ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային արտոնությունների սահմանում, ինստիտուցիոնալ մակարդակում թափանցիկ, արդյունավետ և գործուն համակարգի ստեղծում, ներդրումների խթանման և դյուրինացման մեխանիզմների ներդրում։ Ըստ հիմնավորման՝ ներկայացվել են ներդրումային միջավայրի հիմնախնդիրների լուծման ուղղությունները՝ ներդրումային արտոնությունների տրամադրման միջոցով։ Մասնավորապես՝ առաջնային ներդրումների արտոնության տրամադրման նպատակն է շահառու ձեռնարկությունների ներդրումային նախագծերի զուտ ներկա արժեքը (net present value) ավելացնելը, ներքին շահութաբերության մակարդակը (internal rate of return) բարձրացնելը և ներդրումների հետգնման ժամկետը (payback period) կրճատելը։ Արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի (cash grant) տեսքով կապիտալ ներդրումների 12%-ի չափով։

Աշխատատեղերի ստեղծման արտոնության (ԱՍԱ) տրամադրման նպատակն է շահառու ձեռնարկությունների գործառնական ծախսերի կրճատումը՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի (cash grant) տեսքով սահմանված ժամկետում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր մեծության 12%-ի չափով։ Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ․-ի ծրագրի, նախատեսվում է գործազրկությունը իջեցնել մինչև 10%։ Աշխատատեղերի ստեղծման արտոնությունները կարող են գրավիչ պայմաններ հանդիսանալ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի արտահանելի ծառայությունների ոլորտում ձեռնարկություններ հիմնելու համար։ Ֆինանսատնտեսական մոդելների հիման վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է ստեղծել 3500 նոր աշխատատեղ՝ 6 տարվա հորիզոնում տրամադրելով 8.6 մլն ԱՄՆ դոլար արժեքով ԱՍԱ, ինչի արդյունքում կարող է 10 տարվա հորիզոնում գեներացվել 334 մլն ԱՄՆ դոլար արժեքով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Անձնակազմի վերապատրաստման արտոնության նպատակն է խթանել տեղաբնակ աշխատուժի մասնագիտական որակների կատարելագործումը և նվազեցնել գործատուների գործառնական ծախսերը։ Անձնակազմի վերապատրաստման արտոնությունը տրամադրվում է դրամաշնորհի տեսքով, անձնակազմի վերապատրաստման գծով կատարված ծախսերի չափով, սակայն չի կարող գերազանցել սահմանված ժամկետում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր մեծության 8%-ը, որը վճարվում է նշված ժամկետի ավարտից հետո 3 ամսվա ընթացքում։

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել էն վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: Մասնավորապես՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կանոնակարգել զինապարտների, զորակոչի ենթակա անձանց փորձաքննության գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի, մասնավորապես՝ առողջության անձնագրերի, բժշկական քարտերից քաղվածքների (այդ թվում` էլեկտրոնային) տրամադրումը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. հստակեցվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար սահմանվում են բնակարանային ապահովության նոր պայմաններ, որոշման մեջ իրացվում են օրենքի 65-րդ և 73-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոշման մեջ օրենքին տրված հղումները համապատասխանեցվում են գործող օրենքի դրույթներին, հստակեցվում են հատկացված բնակարանի գնման վկայագրի գործողության և օգտագործման, ՊՆ ծառայողական ֆոնդի պահպանման և սպասարկման պայմանները:

Հանրապետության մի շարք կրթական հաստատություններ միացման ձևով կվերակազմակերպվեն

Գործադիրի որոշմամբ Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոցը Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոցին միացման ձևով կվերակազմակերպվեն: Ըստ հիմնավորման՝ նման որոշում ընդունելու համար հիմք է հանդիսացել այդ դպրոցների սովորողների թվաքանակը, ուսումնական հաստատությունների տեղակայման վայրը, շենքային պայմանները: ԿԳՄՍ նախարարությունը ծառացած խնդիրների կարգավորման նպատակով առաջարկում է վերակազմակերպել և հիմնել մեկ միջնակարգ դպրոց, որի նպատակն է՝ ապահովել համայնքի տարածքում սովորողների հանրակրթության 3-րդ աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, բարձրացնել ուսման որակը՝ միջնակարգ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:

Կառավարության որոշմամբ Արմավիր մարզի Արմավիր քաղաքում գործող 2 ավագ դպրոցները և 4 միջին մասնագիտական ու նախնական արհեստագործական ուսումնական ծրագրեր իրականացնող հաստատությունները միացման ձևով կվերակազմակերպվեն՝ սովողների թվաքանակի և հաստատություններին ամրացված ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ նոր մասնաշենքի առկայության դեպքում հնարավորություն կստեղծվի միավորել ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար, իսկ վարձակալության և տնտեսված այլ գումարը կտրամադրվի նյութատեխնիկական բազայի համալրմանը և մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը:

Մեկ այլ որոշմամբ էլ միացման ձևով կվերակազմակերպվեն Արմավիրի հ. 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոցը:

Օրենսդրական նախաձեռնություններ 

Գործադիրը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման պարագայում կբարձրացվի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը և կհստակեցվի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը:

Հավանություն է տրվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը: Նախատեսվում է հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները համապատասխան կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով: Օրինագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններին կվերապահվի հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը:

Այլ որոշումներ. Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի 4 մլրդ դրամի միջպետական վարկ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջև փոխհամագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ին միացված ծրագրային և տեխնիկական միջոցներով ապահովում են այդ ապրանքների վրա առկա հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ: Միաժամանակ, վերոգրյալ գործողությունների չիրականացումը սահմանել որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է արդյունավետ դարձնել հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է հաստատել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031