Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը Բաքվին է հանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների նոր փաթեթ․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 24,2023 12:14

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացներին:

Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ,

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է և Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված: Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր Խաչի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով:

Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով: Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետն ազդարարում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո»:

Այս դրույթի չկատարումը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով: Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա:

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այս համատեքստում, էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլ նաև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերն արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պիտի ունենան:

Միևնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները: Շնորհակալություն»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031