Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժության ծրագրերով ուսանողների կրթաթոշակը կդառնա 70 հազար դրամ, գերազանցիկներինը՝ 77 հազար դրամ

Օգոստոս 24,2023 12:10

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերի ուսանողների կրթաթոշակը զգալի կավելանա։ Այսօր կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, ըստ որի՝ նշված ուղղություններով մանկավարժության ծրագրերի ուսանողների ամսական կրթաթոշակը սահմանվեց 70 հազար դրամ, իսկ գերազանց առաջադիմության պարագայում՝ 77 հազար դրամ։

Նախագիծը զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (լուսանկարում)  ասաց, որ ներկայումս տրվող 4-5 հազար դրամ կրթաթոշակը որեւէ էական ազդեցություն չի թողնում ոչ կրթության մատչելիության եւ ոչ էլ կյանքի որակի վրա, միաժամանակ՝ այն պետությանն արժենում է բավականին զգալի միջոցներ։

«Նախագիծը երկու հիմնական ուղղություն է նախատեսում՝ պետության համար կարեւոր եւ առաջնային մասնագիտությունների սահմանման, որոնց միջոցով դրանք կդարձնենք ավելի խրախուսվող եւ խթանող, կմեծացնենք այս ոլորտում սովորողների թիվը։ Առաջին փուլում ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղությունները՝ ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը։ Վերջին տարիներին ունենք մտահոգիչ ցուցանիշներ, գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար։ Ոլորտի ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ նոր ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն»,-ասաց նախարարը։

Նրա ներկայացմամբ՝ առաջին տարում կրթաթոշակ կստանան նշված ուղղությամբ սովորող բոլոր ուսանողները, երկրորդ տարուց կգործի առաջադիմության շեմ․ «Նախատեսում ենք, որ այս տարի կունենանք 58 շահառու՝ բակալավրական կրթական ծրագրերով, եւ առավելագույնը 169 ուսանող՝ մագիստրոսական»։

Այս նախագծով նաեւ բարելավվում են օրենքով կրթաթոշակի իրավունք ունեցող սոցիալական խմբերի համար կրթաթոշակի չափերը․ «Հաշմանդամություն ունեցող ուսանողներն են, նրանց համար կսահմանվի 50 հազար դրամ կրթաթոշակ, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներն են ներառված։

Նմանատիպ մեկ այլ նախագիծ էլ ներառված է չզեկուցվող փաթեթով, ըստ նախարարի, այն վերաբերում է ՄԿՈՒ ոլորտին՝ քոլեջներին, որտեղ հիմնականում արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներում սովորող ուսանողների համար սահմանվում է 50 հազար դրամ կրթաթոշակ, առաջադիմության պարագայում՝ 55 հազար դրամ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031