Ես սովորում եմ ԱՄՆ Տեխաս նահանգի «Founders» դասական ակադեմիայի 12-րդ դասարանում: Օրեր առաջ, դասընկերուհիս ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի մասին էր խոսում:
Ես խոսքի մեջ ասացի, որ Սնուփ Դոգը սեպտեմբերին համերգ է տալու Երևանում: Սա ասելու նպատակս Հայաստանն ամերիկացիների աչքերին բարձրացնելն էր: Մտածեցի՝ թող իմանան, որ իրենց հանրահայտ ռեփերը մեր երկրում էլ է համերգով հանդես գալու (թեև ես դեմ եմ այս պայմաններում նման ոճի համերգ կազմակերպելուն):
Դասընկերուհուս հետաքրքրեց լուրը: Համացանցում որոնում տվեց «Snoop Dogg Armenia concert»: Առաջին արդյունքը հայկական լրատվամիջոցներից մեկի անգլիալեզու նյութն էր համերգի նախապատրաստման համար 6 միլիոն դոլար տրամադրելու ՀՀ Կառավարության որոշման վերաբերյալ:
Աղջիկը զարմացավ և հետևյալ հարցն ուղղեց ինձ. «Հայաստանն իր հարկատուների գումարներն այսպիսի՞ ծրագրերի վրա է ծախսում»:
Կարդացեք նաև
Ժպտացի՝ չիմանալով, թե ինչ ասեմ, որպեսզի ճիշտ լինի:
Ամերիկացին շարունակեց՝ «պետությունն ինչո՞ւ պետք է ռեփերի համերգի վրա հարկատուներից հավաքված գումարներ ծախսի»:
«Չգիտեմ, Կառավարության որոշումն է», – կրկին պատասխան չունենալով ասացի ես:
Այս հոդվածը գրելու համար զրուցեցի դասընկերուհուս հետ՝ իմանալու, թե՞ ինչու քննադատաբար մոտեցավ Կառավարության որոշմանը: «Դա հարկատուների փողերի կոպիտ չարաշահում է: Այդ միջոցները պետք է ուղղվեն հասարակական աշխատանքներին», – ընդգծում է Մայա Դեյվիսը:
Եզրահանգումս հետևյալն է՝ եթե նույնիսկ «առաջադեմ» և «ժամանակակից» ԱՄՆ-ի քաղաքացին է կարծում, որ Սնուփ Դոգի համերգի համար պետական խոշոր միջոցներ հատկացնելը սխալ է, ապա Կառավարությունն իրոք պետք է վերանայի իր ծախսերի քաղաքականությունը:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ