Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա գործիք է, որն իշխանությունը փորձում է ունենալ, որպեսզի որոշակի ինդուլգենցիա տա իրական հանցագործներին»․ Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ ներկայացրած դիմումի մասին

Օգոստոս 24,2023 11:01

«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

– «Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքում կատարած փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով։ Ըստ այդ փոփոխությունների՝ գործուն զղջալու իրավակարգավորումը ներդրվել է նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Ի՞նչ խնդիր եք արծարծում ՍԴ ներկայացրած ձեր դիմումում։

– Ինչպես Ազգային ժողովում այս նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էինք, մենք արձանագրել ենք այս կարգավորումների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք հակասում են Սահմանադրության մի շարք հոդվածների, միջազգային մի շարք պարտավորությունների։ Երբ արդեն սպառվեց Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը, մենք նախաձեռնեցինք դիմումի ներկայացումը Սահմանադրական դատարան։ Դիմումը ստորագրել են 33 պատգամավորներ, որոնցից 29 պատգամավոր ներկայացնում են «Հայաստան» խմբակցությունը, 4 պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Դիմումը ծավալուն է, միայն բուն դիմումը շուրջ 63 էջ է, իսկ ամբողջ փաթեթը՝ կից փաստաթղթերով հանդերձ, շուրջ 100 էջ է։ Ուզում եմ նշել, որ դիմումի ստեղծման վրա աշխատել են Հայաստանի բարձրակարգ իրավաբաններ, նաեւ հաշվի է առնվել ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի կարծիքը։ Մենք մանրամասն վերլուծել ենք թե ընդունված կարգավորումը, թե դրանից առաջացող ռիսկերը եւ վերլուծել, թե դրանք Սահմանադրության կոնկրետ որ հոդվածներին են հակասում եւ միջազգային պարտավորությունների շրջանակում որ նորմերին են հակասում։ Միանգամից արձանագրեմ, որ շուրջ 11 հոդվածի մասով մենք խնդիր ենք տեսնում, մասնավորապես, դա վերաբերում է ընտանիքի պաշտպանության սահմանադրական կարգավորումներին, արժանապատվության, կյանքի իրավունքին, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությանը, խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի կարգավորումներին, անձնական ազատությանը, արդար դատաքննության իրավունքին։ Սրանք սահմանադրական այն հոդվածներն են, որոնք մեր կարծիքով խախտվում են այս կարգավորման պատճառով։

Բացի դա, նաեւ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք սկզբունքների նույնպես հակասում է։ Դրանցից առաջինն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն է, իրավական նորմի որոշակիության սկզբունքն է եւ մեղքի ու պատժի համաչափության սկզբունքն է, որը խախտվում է։

Ի՞նչ է առաջարկել կառավարությունը, եւ ի՞նչ է ընդունել քաղաքական մեծամասնությունը։ Նրանք առաջարկում են, որպեսզի ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար, ինչպես այսօր առկա Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ավելի թեթեւ հանցագործությունների դեպքում է, գործուն զղջալու հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից։ Մեր խորին համոզմամբ՝ այս նորմի գործադրումը հակասում է թվարկածս հիմնական նորմերին, նախ այն պարզ պատճառով, որ սրանով խեղաթյուրվում է արդարադատության բուն էությունը։ Եվ եթե անձը կատարել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կամ առնվազն ենթադրվում է, որ կատարել է այդպիսի հանցագործություն, սա նշանակում է, որ պետք է պատշաճ քննություն իրականացվի։ Մինչդեռ, գործուն զղջալու հիմքով եւ այն էլ թվարկված պարամետրերի պայմաններում, երբ քննչական մարմինը ստանում է իրավունք, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկի հանցագործության մեջ մեղադրվող անձին, նա, ըստ էության, յուրացնում է դատարանին վերապահված գործառույթը։

Ի վերջո, անձը պատասխանատվության պետք է ենթարկվի կամ մեղմացուցիչ հանգամանքներով ավելի պակաս ժամկետով ազատազրկման կամ այլ պատասխանատվության պետք է ենթարկվի միայն պատշաճ դատաքննության անցնելուց հետո։ Այսինքն՝ նրան վերագրվող արարքը պետք է ստանա իրավական այնպիսի գնահատական, որ նաեւ դատաքննությամբ ստուգման ենթարկվի՝ հաստատվի կամ հերքվի։

Օրենքի նախագծի հեղինակները փորձում էին բերել փաստարկներ, թե իբր այսօրվա կարգավորումների համաձայն՝ նույնպես հնարավոր է, որ կիրառվի ավելի մեղմ պատիժ, քան նախատեսված է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով։ Բայց նրանք մոռանում են նշել, որ դա իրականացվում է դատաքննության միջոցով, այլ ոչ թե քննիչի սուբյեկտիվ վարքագծով, որը կարող է հաստատվել նաեւ նույն դատախազի կողմից։ Մեկ այլ օրինակ են իրենք բերում, թե իբր այլ երկրներում դա կիրառվում է։ Սա կեղծ թեզ է, իրականում չկա որեւէ երկրորդ երկիր, որը համանման կարգավորում է իրականացնում։

-Արդարադատության նախարարն ասում էր, որ եթե մարդն առաջին անգամ է կատարել հանցագործությունը եւ զղջացել է, կարող է կիրառվել այս մեխանիզմը։ Անգամ նա օրինակ բերեց Դիլիջանի քրեականի պետի գործը՝ ասելով, որ նա առաջին անգամ է հանցանք կատարել, եւ կարող է կիրառվել գործուն զղջալու ինստիտուտը։ Հիմնավոր չե՞ն իշխանությունների փաստարկները։

-Իրենց բերած բոլոր օրինակներն անպիտան են այս կարգավորման ներքո, մի քանի պատճառով։ Նախ եւ առաջ, ինչպես նշեցի, արդեն իսկ խաթարվում է մեղքի եւ պատժի համաչափության սկզբունքը։ Երկրորդ, խախտվում է տուժողի իրավունքը, եւ մեծ հավանականություն կա, որ մենք ականատես ենք լինելու տուժողների իրավունքների զանգվածային խախտումների։ Հիմնավորումը, թե իբր թեթեւացնում ենք դատարանների եւ իրավապահ մարմինների ծանրաբեռնվածությունը, նույնպես վերաբերելի չէ այս դեպքին։ Ինչո՞ւ, որովհետեւ եթե տուժողը կամ որեւէ շահագրգիռ անձ սկսի բողոքարկման մեխանիզմի գործադրումը, կրկնակի ու ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ են գործելու նույն քննչական մարմինները, դատախազությունը։ Ընդամենը 2021 թվականին է ընդունվել Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որը ծանր հանցագործությունների համար նախատեսում է համագործակցության համաձայնեցման կամ արագացված վարույթների հնարավորություններ, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում համագործակցության վարույթը լիարժեք կարող է գործադրվել։ Այսինքն՝ մենք այսօրվա Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակներում արդեն իսկ ունենք որոշակի մեխանիզմներ, որոնք կարող են իրականացնել։

Քաղաքական դրդապատճառը բազմիցս մամուլում էլ է տեղ գտել։ Ենթադրվում է, որ նպատակը գաղտնի համաձայնության գալն է որոշակի հանցագործություններ կատարած անձանց գործերով։ Մի շարք դրվագներում նույն իրավապահ մարմինների կողմից անձին վերագրվող արարքը՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը չկարողանալով ապացուցել, փորձում են սրանով քողարկել կամ ազատել պատասխանատվությունից։ Զուգահեռաբար մեղքը բարդում են նույն այդ անձանց վրա, բայց գործի քննության ընթացքում կարող են եզրակացության գալ, որ այդ անձինք ոչ մի հանցագործություն էլ չեն կատարել։ Օրինակ՝ նույն դասալքության դրվագները, իրենց ասելով՝ շուրջ 11 հազար անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել։ Փաստ է, որ այս դրվագներով հարուցված քրեական գործերի ճնշող մեծամասնությամբ՝ 70-80 տոկոս դեպքերում քննչական մարմինները պարզապես չեն կարողանում անձին վերագրվող արարքում ապացուցված համարել հանցակազմը։ Անձին ներկայացնում են մեղադրանք, թե իբր ինքը խախտելով օրենքի պահանջները՝ չի գնացել զինվորական ծառայության, մինչդեռ գործի ընթացքում պարզվում է, որ կամ պատշաճ ծանուցում չի իրականացվել, կամ բժշկական անհրաժեշտ զննություն չի անցնել, կամ նրան մեղսագրվող արարքը բացարձակ կապ չունի անձի իրական գործողությունների հետ։

Մեր խորին համոզմամբ՝ սա գործիք է, որն իշխանությունը՝ իրավապահ համակարգի դեմքով, փորձում է ունենալ, որպեսզի որոշակի ինդուլգենցիա տա իրական հանցագործներին։ Մյուս կողմից, փորձում է իր լծակի տակ պահել առանձին անձանց, բայց որ ամենավատն է, սրանով փորձ է արվում խեղաթյուրել, աղավաղել արդար դատաքննության ինստիտուտը։

Արձանագրեմ նաեւ մի կարեւոր հանգամանք․ առաջին անգամ է, որ Սահմանադրական դատարանում վիճարկվում է Քրեական օրենսգրքի ընդհանուր մաս։ Միշտ եղել են հատուկ մասի առանձին կարգավորումներ, որոնք վիճարկվել են, բայց առաջին անգամ է, որ ընդհանուր մասի նորմ է վիճարկվում։ Ինչո՞ւ է սա կարեւոր, որովհետեւ այս կարգավորումը հակասության մեջ է այսօրվա գործող կարգավորումների հետ։ Ըստ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի եւ մեկնաբանման կանոնների՝ եթե կա հակասություն ընդհանուր եւ հատուկ մասերի միջեւ, գործում է ընդհանուր մասի նորմը։ Մինչդեռ, այսօր Քրեական օրենսգրքում ունենք առանձին հոդվածներ, որտեղ կա խրախուսական այդ նորմը։ Օրինակ՝ եթե անձը նպաստել է ահաբեկչության բացահայտմանը, օգնել է, որպեսզի կանխվի ահաբեկչությունը, բայց նրա գործողություններում կա հանցակազմ, ապա այս օժանդակությունը խրախուսական նորմ է, որպեսզի անձն ազատվի պատասխանատվությունից։ Երբ իրենք այս կանոնը բերում ու ընդհանուր մասում դնում են, ստացվում է, որ սա հակասում է արդեն խրախուսական նորմ եղած հատուկ մասի կարգավորումներին։ Եվ ստացվում է, որ դարձնում է անիմաստ, մինչդեռ անձը կարող էր այդ իրավունքից օգտվել։ Երկրորդ, ընդհանուր մասում տրված կարգավորումը բացարձակապես սուբյեկտիվ մոտեցման վրա է կառուցված, այսինքն՝ քննչական մարմինն ինքը պետք է գա այդ համոզման, որ անձը գործուն զղջացել է, կատարած արարքն ընդունել է, վնասը հատուցել է։ Եվ այս ներքին հակասությունը բերելու է նրան, որ մի շարք հոդվածներ, որոնք այսօրվա Քրեական օրենսգրքում ամրագրված են եւ ունեն խրախուսական նորմեր, ուղղակի դառնալու են անպիտան, եւ քաղաքացիների իրավունքները կոտնահարվեն։

Բացառությամբ մի քանի հոդվածների, ողջ Քրեական օրենսգրքով սահմանված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար նախատեսվել է այս մեխանիզմը։ Առաջին հայացքից թվում է, թե սա մեղմացնող նորմ է, բայց իրականում սա հանրային ընկալման եւ հանրային դաշտում արդարադատությունն արդյունավետ իրականացնելու տեսանկյունից խաթարում է ամբողջ մեխանիզմը։ Եվ սա է պատճառը, որ մենք դիմել ենք Սահմանադրական դատարան։

Համոզված ենք, որ սա ընդամենը մի խմբի կողմից իրականացված նախաձեռնություն է։ Նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը, ԲԴԽ-ն, վարչապետի աշխատակազմի երկու ստորաբաժանումները, ոստիկանությունը կտրուկ դեմ են արտահայտվել այս փոփոխություններին։ Ավելին, նրանցից մեկն անգամ ուղիղ տեքստով է ասել, որ սա բերելու է կոռուպցիոն ռիսկերի մեծացմանը։ Այսինքն՝ դու կարող ես համաձայնության մեջ մտնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կամ նրա շահերը ներկայացնողի հետ եւ ազատել անձին քրեական պատասխանատվությունից՝ խախտելով մի շարք նորմեր։

Եվ զարմանալի է, որ Մարդու իրավունքների պաշտպանի եզրակացությունը չկա, որն այսպիսի դեպքերում պետք է լինի, նաեւ միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչի եզրակացությունը չկա։ Ըստ տեղեկությունների՝ նրանք երկուսն էլ դեմ են այս մոտեցմանը։ Այսինքն՝ մենք գործ ունենք մի օրենսդրական կարգավորման հետ, որն ընդունվել է այսօրվա իշխանության կոճակ սեղմելու քանակի միջոցով՝ առանց որակն ու բովանդակությունն ընկալելու։

Սահմանադրական դատարանն ունի հնարավորություն, որպեսզի իսկապես մանրամասն անդրադառնա այս հարցերին։ Նույնիսկ եթե առանձին կարգավորումների շրջանակներում մեր բերած անխոցելի փաստերը ՍԴ-ն մի կողմ թողնի, միջազգային իրավունքի տեսակետից չի կարող աչքերը փակել նման դրսեւորումների վրա: Դիմումը մուտք է արվել օգոստոսի 9-ին։ Ընդ որում, մենք նաեւ միջնորդել ենք, որպեսզի այս կարգավորումների գործողությունը կասեցվի մինչեւ պատշաճ քննության ավարտը։ Սա կարեւոր է, որովհետեւ եթե առանձին անձանց մասով սա կիրառեն, հետո խնդիր է առաջանալու։

Սահմանադրական դատարանը դեռ չի նշանակել ոչ զեկուցող, ոչ էլ գործի քննության ժամկետներ։ Ըստ օրենքի՝ վեցամսյա ժամկետում վերջնական որոշում պետք է կայացվի։ Ակնկալում ենք, որ առաջիկայում ՍԴ-ն կնշանակի նաեւ գործով զեկուցող։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031