Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովին այսօր առավոտյան թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում, մի քանի ժամ սպասեցնելուց հետո, հայտարարել են, որ նա պետք է վերադառնա ՌԴ, չի կարող Հայաստան մուտք գործել, քանի որ Հայաստանի համար անցանկալի անձ է: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. նա օդանավակայանում պետք է դիմավորեր ռուս գործընկերոջը:
Հիշեցնենք, Վիկտոր Կրիվոպուսկովը 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ՆԳՆ հետախուզական-օպերատիվ խմբի շտաբի պետը ԼՂԻՄ-ում, տարիներ շարունակ աշխատել է Հայաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունում, ղեկավարել է «Ռոսսոտրուդնիչեստվոն»: Իր տարբեր հարցազրույցներում եւ հոդվածներում, Վիկտոր Կրիվոպուսկովը Արցախի հարցում, միշտ հանդես է եկել Արցախի հայկականության տեսանկյունից, քննադատել է նաեւ ադրբեջանական վայրագությունների նկատմամբ աչք փակելու ՌԴ-ի քաղաքականությունը: Նրա պաշտոնավարման շրջանում եւ նրա նախաձեռնությամբ վերանորոգվեցին Գյումրիի «Պլպլան ժամը», Օշականում ռուս-պարսկական պատերազմի հուշարձանը:
Վիկտոր Կրիվոպուսկովը Հայաստան էր գալիս մասնակցելու Հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության հասարակական կազմակերպության շնորհանդեսին, որը նախատեսված էր օգոստոսի 29-ին: Հայաստանից նա մեկնելու էր օգոստոսի 31-ին:
Թե ինչո՞ւ է ռուս գործիչը հայտնվել Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում՝ օդանավակայանում նրան հստակ պատասխան չեն տվել: Արամ Սարգսյանը ենթադրում է, որ պատճառը կարող է լինել Հայաստանի գործող իշխանության նկատմամբ նրա քննադատական մոտեցումը, որն արտահայտվել է վերջին շրջանի տարբեր հարցազրույցներում եւ հոդվածներում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ