Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրային խորհրդի մասին» օրենքում: Այսպիսով՝ Խորհրդի շրջանակներում գործելու է Փաստահավաք հանձնաժողով: Այն փաստեր է հավաքելու և ուսումնասիրություններ կատարելու 1991 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. ներառյալ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն համապետական և ՏԻՄ ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր և այլն:
Ուսումնասիրությունների ընթացքում Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից ստանալ տեղեկություններ, կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, այս մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում պահանջել և ստանալ դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել և ստանալ դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ և այլ: Ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ ևս:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում