Մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պահվածքը, որը ջերմ ընդունելության էր արժանացրել Նիկոլ Փաշինյանին, որին ժամանակին խիստ քննադատում էր: Առուշանյանը հետո խիստ տոնով անդրադարձավ իրեն քննադատողներին՝ նույնիսկ սպառնալով. «Խորհուրդ կտամ հեռու մնալ, եթե չեն ցանկանում իրենց ծնոտի հետ պրոբլեմ ունենալ»:
Թեմայի հետ կապված մեկնաբանության խնդրանքով «Փաստը» դիմեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Հիշեցնենք, որ Առուշանյանը ժամանակին այդ կուսակցության անդամ է եղել:
Վահե Հակոբյանը նախ մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Առուշանյանը 2022 թվականից կուսակցության անդամ չէ, և շեշտեց, որ Առուշ Առուշանյանն ինքն է իր քայլերի, գործողությունների և որոշումների պատասխանատուն:
Վահե Հակոբյանն առաջին հերթին ուշադրություն հրավիրեց այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումով ընդունում էր այն ամենը, ինչ իր մասին մինչ այդ խոսում էր Առուշանյանը. «Ոչ ոք հարցին այդ դիտանկյունից չանդրադարձավ, քանի որ վաղուց չկա որևէ սկզբունքի կամ սկզբունքայնության ակնկալիք Փաշինյանից: Փաշինյանը կարմիր գծեր չունեցող անձ է: Ավելին, վաղուց բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է հնարավոր բոլոր կարմիր գծերը լղոզելուն՝ լինեն դրանք վերաբերող ազգային, պետական շահերին, անվտանգային խնդիրներին, քաղաքական պայքարի գրված ու չգրված կանոններին, թե մարդկային փոխհարաբերություններին: Այդ ձեռքսեղմումն էլ է դրա վառ օրինակը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Առուշանյանի բառամթերքին ու իրեն քննադատողներին սպառնալուն, ապա Վահե Հակոբյանն ասաց. «Երբ բառակազմում հայտնվում են այնպիսի արտահայտություններ, ինչի մասին նշում եք, ապա դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս իրավիճակի խղճուկ լինելը: Ցավով ու ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար, պատասխանատու է իր առաջ, Աստծո առաջ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում