Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սխալ որոշումները կանխելու ձեւը

Օգոստոս 24,2023 10:00

Երեկ մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրարշավը: Հաճախ եմ կարծիքներ լսում՝ «այս վիճակում ի՞նչ ավագանի, ի՞նչ ընտրություններ»: Ոմանք էլ պնդում են, որ ընտրարշավը միջոց է, որով իշխանությունները ուշադրություն են շեղում Արցախում կատարվող ողբերգությունից: Ամենայն հարգանքով բոլոր հնչող տեսակետների հանդեպ՝ ուզում եմ իմ կարծիքը հայտնել, որը գուցեեւ հակասի ընդհանուր «թրենդին»:

Մեր հիմնական խնդիրներից մեկը ես համարում եմ ժողովրդավարության բացակայությունը: Իսկակա՛ն, ոչ իմիտացիոն ժողովրդավարության, երբ պետության առաջին դեմքը, ունենալով զսպումներ եւ հակակշիռներ, չի կարող սխալ, խելագար կամ կործանարար որոշումներ ընդունել: Երբ ավտոկրատ ղեկավարը չի կարող ասել՝ ես ընտրողների մանդատ եմ ստացել՝ ասելու, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Կամ՝ ես ժողովրդի քվեն ունեմ՝ պնդելու, որ Անկախության հռչակագիրը սխալ փաստաթուղթ է: Պատկերացրեք, որ Բայդենը նման բան ասի՝ ինչպե՞ս այդ դեպքում կվարվեն ԱՄՆ Կոնգրեսը եւ Գերագույն դատարանը:

Արդեն առիթ եմ ունեցել հիշեցնելու հայտնի քաղաքագիտական ճշմարտությունը, որ ժողովրդավարությունը հաստատվում է այն դեպքում, երբ incumbent-ը՝ գործող ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը պարտվում է ընտրություններում: Դրա համար ընդդիմությունը (դարձյալ շեշտեմ՝ իսկական, ոչ արհեստական) անպայման պետք է մասնակցի բոլոր մակարդակների ընտրություններին: Մեր դեպքում Արցախը փրկելու ուղին խաղաղ, օրինական իշխանափոխության մեջ է, որը կարող է սկսվել մայրաքաղաքից:

Ավինյանի եւ նրա «դուբլյորների» համար, բնականաբար, ձեռնտու է, որ պայքարն ընթանա «ներկաներ-նախկիններ» խոսույթի շրջանակներում: Դա հնարավորություն կտա իշխանական թիմին ներկայացնելու, թե ինչպիսի հերոսություններ են նրանք արել վերջին 5 տարիների ընթացքում եւ թե ինչ հրաշալի առավելություններ ունեն «թալանչիների» հետ համեմատ: Անձամբ ինձ թվում է, որ ո՛չ երկրի, ո՛չ էլ քաղաքի կառավարման առումով ՔՊ-ականները ՀՀԿ-ականներից սկզբունքորեն չեն տարբերվում: Նույն ավտորիտար ոճն ու անհանդուրժողականությունը, նույն կոռուպցիան: Պարզապես պետք է հասկանալ, որ կոռուպցիան նախեւառաջ ոչ-տնտեսական՝ քաղաքական, խմբակային ազդեցությունն է պետական միջոցների բաշխման վրա մայրաքաղաքում եւ հանրապետությունում; Եվ այդ առումով, ինչպես այլ առիթով ասել է Փաշինյանը, մեզ մոտ «թեւածում է ԽՍՀՄ ուրվականը»:

Այնպես որ՝ ավագանու ընտրությունները, բացի ամեն ինչից, ցույց կտան, թե որքանով են երեւանցիները պատրաստ դուրս գալ նշված խոսույթից եւ տեսնել լուծումներ, որոնք սկզբունքորեն, իրենց հիմքով անգամ տարբերվում են այն ամենից, ինչը մենք տեսել ենք 30 տարվա ընթացքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031