Հարցազրույց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արման Կոլոսովի հետ
– Արման, մեզ հետ զրույցներում մինչ օրս մասնագետները իրենց հիացմունքն են հայտնում գարնանը կայացած Գալուստ Ներսիսյանի ռեժիսուրայով Անատոլի Լեւանդովսկու «Ժաննա դը Արկ» միստիկ դրամայում ձեր խաղացած Ուրվականի կերպարի մասին։ Նկատենք, որ շուրջ երեք տարի է՝ թատրոնում եք, բայց հանդես եք եկել տարբերվող դերերով, որոնք, բնականաբար, տարբեր հոգեվիճակներ են ներկայացնում։ Օրինակ՝ պատմական եւ կատակերգական պիեսներում կերտել եք Դուքս, Բյուզանդիո Դեսպան, Կույր…
– Այո, 2021-ից եմ թատրոնում։ Առաջին դերս Ջորջն էր՝ Վինա Դիլմարի «Հիշիր վաղվա օրդ» պիեսում (ռեժիսոր՝ Նունե Խեչումյան)։ Նշեցիք Դուքսը, դա Ջոն Ֆլետչերի եւ Ֆրենսիա Բոմոնթի «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» կատակերգությունում է (ռեժիսոր՝ Սարգիս Մանուկյան), Երկրորդ կույրը՝ Մեթեր Լինգի «Կույրերը» պիեսում։ Ըստ Ստեփան Զորյանի՝ Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ» պատմական դրամայում (ռեժիսոր՝ Նունե Խեչումյան) հանդես եմ եկել համանուն դերում, Բյուզանդիո Դեսպան՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի»-ում (ռեժիսոր՝ Վահե Շահվերդյան)… Կարող եմ շարունակել թվարկել խաղացածս դերերը, բայց դա երկար ժամանակ կպահանջի։ Համամիտ եմ՝ իսկապես տարբեր հոգեվիճակներ ներկայացնող դերեր են։
– Մեծ հաշվով՝ նոր-նոր կարիերա անող դերասանի համար հենց թեկուզ այսքան գլխավոր դերերի թվարկումը խոսուն փաստ է։ Մեր թատրոններում կան դերասաններ, որոնք ոչ թե մեկ-երկու տարի, այլ տասնամյակներ շարունակ, ինչպես ասում են՝ բեմի երես չեն տեսել։ Ընդ որում՝ խոսքը միայն գլխավոր դերերի մասին չէ։ Բայց սա «այլ օպերայից» է։ Նման զբաղվածությունը կամ տարբեր ռեժիսորների կողմից նկատվելը, ի՞նչ եք կարծում՝ միայն տաղանդի՞ շնորհիվ է։
Կարդացեք նաև
– Աշխատասիրության եւ վստահության։
– Դուք հատել եք երիտասարդության սահմանը… Լսել ենք, որ մասնագիտական ուսումը սկսել եք 1990-ականների կեսերին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, մեծ դադարից հետո շարունակում եք ուսումը Վանաձորում։ Կմանրամասնե՞ք ուսումնառության հետ կապված ձեր պատմությունը։
– Ներկայումս, ինչպես նշեցիք, Վանաձորի մասնաճյուղում եմ, երրորդ կուրսում, ուսանում եմ Մայիս Սարգսյանի արվեստանոցում։ Իսկ Երեւանում թատերական ինստիտուտ եմ ընդունվել 1997-ին եւ մեկ տարի Հակոբ Ղազանչյանի արվեստանոցում էի։ Կիսատ թողեցի ուսումս, ամուսնացա, ընտանիք կազմեցի…
– Մեզ համար մի տեսակ խրթին պատմություն է ստացվում. երեւանյան ուսումը թողել եք, ներկայումս այն շարունակում եք Վանաձորում, ինչ է, չէ՞ր կարելի հենց Երեւանում շարունակել, ապա կարիերան սկսել մայրաքաղաքում, Երեւանում թատրոն չկա՞ր…
– Պատմությունը խրթին չէ՝ գոնե ինձ համար։ Փորձեմ այն պարզ ու հակիրճ ներկայացնել. 2021-ին եկա Վանաձոր՝ ծնողիս առողջական խնդիրների պատճառով, նրան խնամելու նպատակով։ Հետոն արդեն գիտեք. ընդունվեցի Վանաձորի մասնաճյուղ, անմիջապես դիմեցի լուսահոգի Վահե Շահվերդյանին, արդյունքում համալրեցի Աբելյանի անվան թատրոնի արտիստական խումբը։
– Արման, համացանցում տեսնում ենք ձեր մասնակցությամբ Arman & Yana դուետի տեսահոլովակները…
– Յանան կինս է, առաջին մասնագիտությամբ ջութակահարուհի, այո, կազմել ենք դուետ, ծրագրում հիմնականում մեր հեղինակած երգերն են, իհարկե, կան մեկ-երկու կոմպոզիտորների երգեր նույնպես։ Թողարկել ենք երկու CD, տեսահոլովակների թիվն արդեն 7-ն է։ Շարունակում ենք մասնակցել հեռուստատեսային տարբեր նախագծերի, փառատոների։ Ես նաեւ Վանաձորի երգի թատրոնի հետ եմ համագործակցում, հաճախ ենք հրավիրվում տարբեր միջոցառումների եւ այլն։
– Մի առիթով տեղեկացրել ենք մեր ընթերցողին սիրված դերասանուհի Ժենյա Ավետիսյանի հետ դեռեւս հեռավոր 1960-ականներին Մոսկվայում տեղի ունեցածի մասին. Սայաթ-Նովային նվիրված միջոցառմանը, որտեղ դերասանուհին հանդես է եկել աշուղի բանաստեղծությունների ընթերցմամբ, ելույթից հետո նրան է մոտեցել անվանի դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին ու ասել՝ «շքեղ կին, եթե ես ճիշտ ժամանակին գավառից չտեղափոխվեի Մոսկվա, չէի դառնա այն, ինչը կամ։ Ձեզ նման տաղանդավոր դերասանուհին, էլ չասեմ՝ գեղեցկուհին, ինչ է անում փոքր քաղաքում։ Թեեւ չգիտեմ, բայց հաստատ կարող եմ ասել, որ ունեք երկրպագուների մեծ բանակ, սիրված եք ու ցանկալի։ Եթե չտեղափոխվեք մեգապոլիս, հա, կասկած անգամ չունեմ՝ կմնաք սիրված ու ցանկալի, բայց, իհարկե, ձեր փոքր երկրի սահմաններում։ Մտածեք այդ ուղղությամբ»…
– Կներեք ընդհատելու համար, հասկացա։ Երկքաղաքացի եմ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի։ Բայց մտքովս անգամ չի անցել եւ չի էլ անցնի, որ տեղափոխվեմ մեգապոլիս։
– Այն պատճառով, որ ռուս-ուկրաինական պատերա՞զմ է…
– Պատերազմը աղետ է ցանկացած ազգի համար։ Մեծ ցավ եմ ապրում այդ պատերազմի առիթով եւ մեր երկրում գերլարված իրավիճակի պատճառով։ Շատ ենք լսում, որ մեր երկրում ապագա չկա, շատերն են գաղթում։ Այդ հարցի շուրջ ես միշտ հետեւյալ համեմատականն եմ անցկացնում. նույնն է, թե երբ ծնողդ ծեր է, հիվանդ, անօգնական, դու լքես նրան։ Այո, հեշտ չէ, նույնիսկ դժվար է, բայց նա քոնն է, միակը…
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.08.2023