Ասում է «Sigma sol» եւ «Լուսարեք» խմբերի հիմնադիր, կիթառահար Տիգրան Ավետիսյանը
Կիթառահար Տիգրան Ավետիսյանը «Sigma sol» փսիխոդելիկ, պրոգրեսիվ եւ դասական տարրեր պարունակող ռոք խումբը հիմնադրել է 2016-ին։
Խմբի հիմնադիրը վստահեցնում է, եթե խումբը դիտենք որպես կոմերցիոն նախագիծ, ապա գուցե շատ բանի դեռ չի հասել, բայց մյուս կողմից էլ արել է եզակի քայլ։ «Միակ կոնցեպտուալ խումբն է Հայաստանում, որ մի գաղափարի շուրջ է ստեղծագործում։ Ի սկզբանե պատերազմներին դեմ էինք խոսում, որոշակի քաղաքական ենթատեքստերով ասելիք էինք փոխանցում ունկնդրին։ Առաջինը եղանք, որ փսիխոդելիկ պրոգրեսիվ անգլալեզու երաժշտություն ստեղծեցինք Հայաստանում։ Տիկ-տոկի, ինստագրամի դարում դժվար է հաջողության հասնելը ծանր երաժշտությամբ, ամեն տեղ մարդիկ հեշտ, թեթեւ ընկալելի, պարային ու ռիթմիկ երգեր են սիրում, այդ առումով բարդ կլիներ այս խմբով լուրջ նվաճումների հասնելը։ Երաժշտական բարձր ճաշակ ունեցող մարդիկ են գնահատել մեր գործունեությունը, ինչն ավելի է մեծացրել մեր հավատը մեր գործի հանդեպ։ Արցախում վերջին ամիսներին բեմադրված «Անմահների դիրքը» ներկայացման երաժշտությունը նույնպես մեր խմբինն է, որ տեղ է գտել «Ռեդ» ալբոմում։ Այս պահին ունենք քսան ձայնագրություն, մեկ ալբոմ, հիմա երկրորդ ալբոմի վրա ենք աշխատում»,- ասում է մեր զրուցակիցը։
Այս պահին խումբը ստեղծագործական ճգնաժամ է ապրում։ Պատճառները կապված են անձնական ու այլ բնույթի կարեւոր խնդիրների հետ, ինչն էլ խոչընդոտում է խմբի անդամների ստեղծագործական բնականոն ընթացքը։ «Կարծում եմ՝ առաջիկայում կկարգավորվի, որովհետեւ մենք դեռեւս ունենք կիսատ գաղափարներ, նոր ծրագրեր, որոնք անպայման պետք է իրագործենք։ Երաժշտությունը երբեք չի պարտվում. այն կյանքը սնուցող երակ է»,-մանրամասնում է Տիգրան Ավետիսյանը։
Երաժշտությունը երբեմն շատ անձնական է լինում, երբեմն էլ` բնավորություն է դառնում։ Հինգ տարբեր տրամադրություններն այս խմբի դեպքում փորձերի ժամանակ միավորվում են, որովհետեւ նրանց բոլորին երաժշտությունն է կապում։
«Իսկապես, բարդ է աշխատելը հինգ տարբեր տրամադրությունների եւ բնավորությունների տեր մարդկանց հետ։ Մարդու մոտ ամեն ինչ իդեալական է լինում միայն մի դեպքում, երբ մարդը մենակ է աշխատում։ Բայց մենակ մարդը չի կարող յոթ գործիք նվագել ու իրագործել գաղափարները։ Բոլորս կայացած մարդիկ ենք ու գիտակցում ենք, որ պատրաստ պիտի լինենք ինչ-ինչ հարցերում միմյանց զիջելու, երբեմն՝ մեր ուզածին դեմ գնալու, որ կարողանանք ստեղծագործել։ Սա է մեր կյանքը…»,-համոզված է զրուցակիցս։
Կարդացեք նաև
Այսօր շատ երաժշտական խմբեր հանդիսատեսի հետ հաղորդակցվելու համար կարեւորում են համացանցի դիտումները, մեկնաբանությունները, եւ ոչ թե համերգները, ակումբներում, մեծ բեմերում հանդես գալը: Տիգրանն ասում է` ժամանակի թելադրանքն է, մարդիկ ալարկոտ են դարձել, քիչ են տեղաշարժվում։ Արտիստներն էլ տրանսֆորմացվել են. ինչ պահանջարկ կա, այդ ուղղությամբ են աշխատում՝ հիմնականում կենտրոնանալով յութուբյան դիտումների վրա։ Բայց կենդանի շփումն ու յութուբում լսելը տարբեր են։ «Մենք փորձում ենք հաճախ համերգներ ունենալ, որ դեմ առ դեմ լինենք հանդիսատեսին, իրար էներգիա փոխանցենք։ Այդպես նաեւ «առաջին ձեռքից» ենք լսում ե՛ւ քննադատություններ, ե՛ւ գովեստի խոսքեր»,-նշում է նա։
Տարիներ առաջ մի հարցազրույցում Տիգրանը նշել էր, որ Հայաստանում հոգեմետ, մռայլ տարրերով, ռոք էլեմենտներով փսիխոդելիկ երաժշտությամբ հնարավոր չէ գումար աշխատել։ Հետաքրքրվեցինք` որո՞նք են հիմնական պատճառները։
Առաջինը, որ միանգամայն կարեւոր է, ոճային բարդությունն է, որովհետեւ այս խումբը ոչ ստանդարտ, հետաքրքիր տարրեր պարունակող երգեր է ստեղծում, ինչը շատ մարդիկ չեն ընկալում, բնականաբար, նաեւ չեն գնահատում։ Սա հիմնական պատճառն է, բայց զրուցակիցս վստահեցնում է` կարելի է այլ պատճառներ նույնպես թվարկել։
Վերջին շրջանում Տիգրանը ստեղծել է «Լուսարեք» խումբը, որը որոշակի կապ ունի նախորդ խմբի հետ։
«Քանի որ ժամանակավոր դադարի մեջ ենք, իսկ նվագելու ծարավ կար, որոշեցինք չնստել ու շարունակել ստեղծագործել։ Ինձնից բացի, «Sigma sol»-ից երկու հոգի նոր խմբում են՝ Դավիթ Օլիզարենկոն՝ հարվածային գործիքներ, ու բաս կիթառահար, վոկալիստ Արման Մսրյանը։ Սկսեցինք նոր ճանապարհը՝ խաչ չքաշելով նախորդ խմբի վրա։ Մեզ միացան նաեւ Կորյուն Խաչկալյանը, որը նվագում է ակուստիկ կիթառ, վոկալիստ Լիլիթ Պետրոսյանը եւ սաքսոֆոնահար Գեորգի Հակոբյանը։ Նրանք նոր գույն են տվել խմբին։
Բավականին ինքնատիպ ստեղծագործությունների վրա ենք աշխատում։ Հիմա կոմերցիոն դաշտ ենք մտնելու, որ կարողանանք երաժշտությամբ գումար վաստակել։ Փորձում ենք մենք մեր ձեւաչափով մատուցել սիրված երգերը՝ ռոքի տարրերով, ջազով, նոր ռիթմերով հագեցած։ Դեռ մի քանի համերգ ենք ունեցել, նոր ենք սկսել մեր ճանապարհը։ Հույս ունենանք, որ հանդիսատեսի արձագանքը չի ուշանա»,-եզրափակեց Տիգրան Ավետիսյանը։
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.08.2023