Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխել հաջորդ պատերազմը

Օգոստոս 24,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Եթե Լաչինի միջանցքը մնում է արգելափակված` Արցախի հայկական մնալու հեռանկարն է հօդս ցնդում

ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստի անցկացմանը զուգահեռ տեղեկատվական ուշագրավ արտահոսք տեղի ունեցավ:

Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով արցախցիների իրավունքների ապահովման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ Ստեփանակերտը չի ստացել Մոսկվայից, օրերս լրատվամիջոցներին հայտնել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։

Անցյալ շաբաթ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը փաստաթուղթ հրապարակեց, պնդելով, թե դա Արցախի հարցով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի առաջարկներն են։ Համացանցում հայտնված փաստաթուղթն այսպիսի վերնագիր ուներ՝ «Խորհրդային Ադրբեջանի նախկին Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանի օրենսդրության համաձայն», եւ դրանում նշված էին 14 կետեր: Մասնավորապես ըստ այդ առաջարկների՝ հայ բնակչությունը պետք է հավասար իրավական պաշտպանություն ունենա եւ խտրականության չենթարկվի, պետք է համամասնորեն մաս կազմի Ադրբեջանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը։ Նշվում է, որ հայերենը պետք է ազատ օգտագործվի ադրբեջաներենի հետ պաշտոնական գրագրության մեջ եւ հանրային վայրերում, հայերի մասնավոր ունեցվածքի անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվի եւ այլն։

«Հուլիսի 27-ին Արտգործնախարարության հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականին, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովմանը: Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա», – հայտարարել է Արցախի ԱԳ նախարարը: «Եթե միջնորդներից որեւէ մեկը նման հույսեր ուներ, ապա տեսնելով Ադրբեջանի կողմից այդ քաղաքականության արդյունքներն այն պարագայում, երբ որ 120 հազար մարդ միտումնավոր մատնված է սովի, ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ, ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, այսինքն՝ որեւէ հիմք որեւէ միջնորդ չունի, որպեսզի նման ինչ-որ առաջարկներ հնարավոր լինի կյանքի կոչել», – ասել է Ղազարյանը:

Մոսկվայում հուլիսի 25-ին արտգործնախարարների մակարդակով եռակողմ բանակցություններից շաբաթներ անց ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումից առաջ Լավրովին վերագրվող փաստաթուղթը ի՞նչ նպատակով հրապարակվեց, դժվար է ասել: Բայցեւ նկատենք, որ հենց Լավրովը մոսկովյան բանակցությունների օրը հստակ հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում, սակայն դրանց բովանդակությունը չբացահայտեց։

Հայկական կողմի նպատակը պետք է լինի Արցախը հայկական պահելու քաղաքական գիծը: Միջազգային խաղացողներն, իրենց շահերին համահունչ, կարող են տարբեր առաջարկներ ներկայացնել ու դրանք անվանել` «լարվածությունը մեղմող», «իրավիճակը լիցքաթափող» եւ այլն: Սրանք բառեր են, իսկ այնտեղ` Արցախում, հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր են:

Մենք հասել ենք արդեն մի սահմանագծի, երբ հայկական կողմից արդեն ցանկացած զիջում ուղիղ կերպով Արցախի գոյությունն է դնելու հարցականի տակ: Բաքուն տարբեր քայլերով փորձում է հայկական կողմին ապակառուցողական կողմ ներկայացնել: Արցախի արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի Եվլախ քաղաքում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկին: Սերգեյ Ղազարյանը շեշտեց՝ արցախյան կողմը մերժել է այդ առաջարկը Լաչինի անցակետից Վագիֆ Խաչատրյանի առեւանգումից հետո. «Այդ տրամաբանությամբ ինչ-որ հանդիպումներ, հատկապես՝ առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայությամբ հանդիպումներ Ադրբեջանի տարածքում անհնար է»:

Ըստ Ղազարյանի՝ Ստեփանակերտը պարբերաբար ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկներ է փոխանցում, բայց դրանք մերժվում են։ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները վերջին անգամ գարնան սկզբին են հանդիպել: Ստեփանակերտը հայտնել էր, որ դրա ընթացքում տեխնիկական ու հումանիտար հարցեր են քննարկվել։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը իր խողովակներով Լեռնային Ղարաբաղի իշխանությանը փոխանցել է՝ «կա՛մ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր»։

«Ինտեգրացիոն քաղաքականության» մի մասնիկ է Բաքվի առաջարկը` «Աղդամի ճանապարհը», որին համաձայնելը ակնհայտորեն կօրինականացնի Լաչինի միջանցքի շրջափակումը:

Պարզից էլ պարզ է, Բաքվի նպատակն է` կտրել Հայաստանի եւ Արցախի Հանրապետության կապը, արգելափակելով Լաչինի միջանցքը: Բաքվի այդ առաջարկն ինքնին աբսուրդ է. եթե Ադրբեջանը «Աղդամի ճանապարհի» առաջարկով մարդասիրության ժեստ է անում, ապա, առհասարակ ինչո՞ւ է միտումնավոր սովի մատնել 120 հազար արցախցիների:

Հետեւաբար, Անվտանգության խորհրդի հրատապ նիստին պետք է հաջորդեն հստակ քայլեր: Անդրադառնալով անցյալ շաբաթ կայացած նիստին, Արցախի արտգործնախարարն ընդգծեց՝ արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, եւ այս գործընթացը շարունակվելու է. «Մտահոգություն ունենք մի շարք երկրների կողմից, որ փորձեր են կատարվել ինչ-որ հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի եւ այլ ճանապարհների, տրանսպորտային կոմունիկացիաների միջեւ, ինչն անթույլատրելի է, եւ որը չի համապատասխանում Լաչինի միջանցքի նոյեմբերի 9-ի 2020թ. փաստաթղթով սահմանված պարամետրերին: Այստեղ պետք է նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, եւ այս գործընթացը շարունակվելու է: Իսկ կարողությունների առումով՝ այո՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հենց այն կառույցն է, որն ունի ե՛ւ նման իրավասություն, ե՛ւ նման լիազորություններ ու կարողություններ, որպեսզի կանխարգելի այն ցեղասպան քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից»:

«Աղդամի ճանապարհի» առաջարկով Բաքուն նպատակ է հետապնդում Հայաստանի հետ կապը կտրել ու վերահսկողության տակ վերցնել Արցախը, հետեւաբար, այն չի կարող ներկայացվել որպես «այլընտրանք» Լաչինի միջանցքին: Լաչինի միջանցքը միայն հումանիտար խնդիր չի լուծում, դա Արցախը հայկական պահելու երակ է, դա արցախցու հիմնական իրավունքի պաշտպանության հարց է:

Մինչդեռ հայկական կողմի ձախողումն այն էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի գոյատեւման հրամայականը երեւաց որպես հումանիտար խնդիր: Լաչինի միջանցքը քաղաքական խնդիր է, որը տարիներ շարունակ բանակցային տարբեր փուլերում հայկական կողմի համար գլխավոր, առանցքային հարցերից է եղել: Եթե Լաչինի միջանցքը մնում է արգելափակված` Արցախի հայկական մնալու հեռանկարն է հօդս ցնդում։

Հետեւաբար, հայկական կողմը, եթե չի ցանկանում նոր աղետ բերել Արցախի ու Հայաստանի գլխին` պետք է հրաժարվի Լաչինի միջանցքի հարցը բացառապես հումանիտար լույսի ներքո ներկայացնելուց։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ,

«Առավոտ» օրաթերթ, 23.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031