Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկի կողմից չի եղել հայց որեւէ ատյանում՝ մշակութային արժեքների ոչնչացման համար

Օգոստոս 24,2023 13:30

ՇՈՒՇԻՆ, «ԽՈՅԸ» եւ ապագայի «ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԸ»

2017 թվականին էր, երբ ձեւավորվեց Շուշի քաղաքի հայտնի քանդակների պուրակը, Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բարերար, երկրաբան, ՌԴ ԳԱ անդամ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Գրիգոր Գաբրելյանցի (լուսանկարում) նախաձեռնությամբ ու հովանավորությամբ կազմակերպված քանդակագործության սիմպոզիումի արդյունքում, որին մասնակցում էին նաեւ օտարերկրյա քանդակագործներ։ Շուրջ տասը քանդակ, որոնք Շուշիի կորստից հետո մնացին այնտեղ, ինչպես նաեւ Գաբրելյանցի ստեղծած երկրաբանական թանգարանն իր բացառիկ նմուշներով, նրա հիմնած պատկերասրահը իր ողջ գույքով ու մշակութային հարստությամբ։ Քանդակների հայտնի պուրակն այժմ նույնպես վերացել է Շուշի քաղաքի քարտեզից՝ ենթարկվելով վանդալիզմի։ Մինչ օրս չկա հայտ միջազգային այն կազմակերպություններին ու իրավական կառույցներին, ովքեր զբաղվում են մշակութային կոթողների պահպանությամբ։ Չեղավ նման նախաձեռնություն ոչ մեր երկրի, ոչ որեւէ համապատասխան կառույցի կողմից, լուռ էին նաեւ քանդակների օտարերկրացի մասնակից-հեղինակները եւ այդ ամենը մինչ օրս։ Խախտենք քար լռությունը քանդակագործ Իսահակ Ապրեյանի հետ զրույցով, ում քանդակը թերեւս ամենացցունն ու խորհրդանշականն էր, որը նույնպես արժանացավ վանդալիզմի ճակատագրին։

– Անառիկ Շուշին «դժբախտ ու դժգույն» որակածներն արդյոք հասկացե՞լ էին՝ ի՞նչ ունենք ու ի՞նչ ենք կորցնում:

– Շուշին իմ հոգում մեծ հետք թողեց իր բնությամբ ու իր կոլորիտով, իր պատկերով։ Լինում էին պահեր, երբ ակնթարթորեն ամպերը ծածկում են քո ամբողջ շրջապատը եւ կարծես վայրկենական հայտնվում ես երկնային, աստվածատուր քաղաքում։ Անկեղծ ասեմ, իր փոքրիկ փողոցներով, սպիտակ տներով, կարծես հայության երկնային մայրաքաղաքը լիներ, որին խլեցին մեր ձեռքերից դեւը իր դեւիկներով, դա վերաբերում է առաջինը մեր միջի, հետո նրանց կողմի դեւին։


– Ամեն ստեղծագործություն զավակի նման մի աներեւույթ կապով կապվում է հեղինակի հետ, եթե անգամ ինքնուրույն կյանքի ուղի է ստանում: Ձեր ամենահայտնի գործերից մեկը՝ «Խոյը» կամ «Հայկական պարը», ինչպես դուք եք իրեն անվանում հիմա՝ մնաց Շուշիում, քանդակների հայտնի պուրակում: Միջազգային սիմպոզիումի առիթով ստեղծված Ձեր այդ գործը գիտեմ, որ միստիկ մեսիջներ էր կրում, կամ գոնե այդպիսի մեկնաբանություն ունի իր մեջ արտահայտած խորհրդանշանների առումով։ Բարբարոս ազգի մշակութային սպանդին ենթարկվեցին նաեւ այդ քանդակները, ինչպիսի զգացումներ եք ունենում հիշելիս այդ ամենը՝ որպես հայ, որպես ստեղծագործող, որպես մարդ: Կա՞ կոտրված լինելու զգացում, թե՞ հակառակը: Այլազգի հեղինակների կողմից եղե՞լ են բողոքի արձագանքներ տեղի ունեցածին, տեղյա՞կ եք:

– Շուշիում ստեղծված այդ քանդակիս իմաստը խորությամբ հետո պիտի հասկանայի։ Սիմպոզիումի հետաքրքիր պահն այն է, որ անելիքը թեմատիկայի առումով չգիտես, որովհետեւ նախօրոք չես իմանում ի՞նչ քար է, ի՞նչ չափ, գույն, ամրություն, ամենակարեւոր բանը՝ թե ի՞նչ ռելիեֆ կունենա, եւ ահա, ազդարարվեց քարի վիճակահանության պահը, քանդակագործի անվանականչը, որից հետո նա պետք է մոտենա եւ ընտրի քարը: Անկեղծ ասած, ընտրեցի ամենամեծ քարը, ընկերս, որ ինձ հետ մասնակցում էր, քանդակագործ Գոռը ինձ համոզում էր՝ «ապեր, մի վերցրա էդ քարը, կտանջվես վրան», բայց եղավ այն, ինչ պիտի լիներ, Շուշիի մարմարից, որի պնդությունը դեպի գրանիտն է տանում։ Ծնվեց ղոջ տղաս՝ խոյս, օր օրի ջոջցավ, զորացավ, դուրս եկավ քարից, որին պիտի հետո անուն դնեի՝ «Խոյապար», քանի որ մեր ազգային շատ պարերի հիմքը խոյի պաշտամունքի հիմքի վրա է ստեղծված, որոշեցի այդ պահը քանդակի լեզվով ցույց տալ։ Խոյ, որը պատրաստվում է մարտի, որի պտտվող եղջյուրը պատկերվում է հավերժական պարույրի խորհրդանիշի խորհուրդը, որը պտտվելով գնում է դեպի հավերժություն, դեպի կենտրոն, որտեղ Արեւն է իրենից ճառագող լույսով եւ պայթյուն, որից ծնվում են Արորդիները՝ իրար ձեռք ձեռքի տված, պարելով գնում են դեպի հավերժություն, դեպի Լույսի ակունք… Հետո պիտի հասկանայի՝ ինչ եմ քանդակել, սա ինձ համար բացվեց միայն պատերազմից հետո։ Իմ քանդակի հետ ոչնչացվել են նաեւ մյուս քանդակագործների գործերը, մենք տասը հոգի էինք՝ Մայա Ավագյան (ՀՀ, Աշտարակ), Անանիա Քոչարյան (ՀՀ, Երեւան), Աշոտ Երիցյան (ՀՀ, Երեւան), Իսահակ Ապրեյան (ՀՀ, Երեւան), Գոռ Նադոյան (ՀՀ, Երեւան), Միհրան Հակոբյան (Արցախ, Ստեփանակերտ), Միլիյա Չպայակ (Սերբիա, Բելգրադ), Կանտա Կիշորե Մոհարա (Հնդկաստան, Բհուբանեհսվար), Չանդեր Պարկաշ (Հնդկաստան, Ուդհամպուր), Մարվա Քենդիլ (Եգիպտոս, Կահիրե)։ Որեւէ մեկի կողմից իմ իմանալով չի եղել հայց՝ ուղղված մշակութային արժեքների ոչնչացման պահով որեւէ իրավական ատյանի, հայերիս գուցե կարելի է հասկանալ, մարդկային կորուստները չափազանց մեծ ու ցավոտ են, իհարկե մշակութայինն էլ իր տեղն ունի, բայց մեր վիշտն ու կորուստն անչափելի էր, մեզ՝ հայ հեղինակներիս այդ առումով կարելի էր հասկանալ: Գիտենք հանցագործին, երբեք ուշ չի լինի դա անել: Իսկ միջազգային առումով, կարող էր լինել աղմուկ, նրանց կողմից, ովքեր Շուշիին նվեր էին արել իրենց ստեղծագործությունները, մեր օտարազգի կոլեգաների կողմից կարող էր լինել:

– Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիից լինելը կապ ունի՞ մասնագիտական ընտրության հարցում։

– Գյումրեցի, էստեղացի, էնտեղացի լինելն արդեն էական չի, հիմա պիտի մտածես հայ լինելը պահելու մասին: Հասել ենք նման հանգրվանի։

– Ցավը, ցասումն ու բողոքը գրեթե համազոր են քայլել սիրո, գեղեցիկի ու երջանկության զգացումից ծնված արվեստի գործերի ստեղծման ճանապարհով, հայ քանդակագործը կերկնի՞ մի նոր Սասունցի Դավիթ, ի՞նչ եք կարծում:

– Իմ կարծիքով, մեր ազգի ցավոտ կողմը նա է, որ ինձանից սկսած՝ սպասում ենք Դավթին, մեկ անձ Դավթին, հազարավոր ձենովօհաններս, վերգոներս, հինգ հազար Դավիթներ եկան, կռվեցին ու գնացին իրենց խոյապարը պարելով դեպի Ճշմարիտը, Լույսը, Արեգակն արդարը, որ բխում է Հորից, վայ մեզ՝ հոգով տկարներիս, որ ապրում ենք այս անարդարության խավարի մեջ։

– Խոյը վերակերտելու ցանկություն կա՞:

– Անելու եմ, բայց հաղթանակից հետո ու էս անգամ խոյի արեւից կգան դեպի մեզ տղերքը:

– Ամենազարմանալի ու օրիգինալ գործը որ՞ն է, որ ստեղծել եք: Նոր աշխատանք ունե՞ք, որ պիտի իրագործեք:

– Գլուխգործոց, որպես այդպիսին, չունեմ ինձ համար, ուզում եք վերագրեք վտանգավոր, չափազանց համեստությանը, բայց չկա մի գործ, որ առանձնացրած լինեմ, դրա իրավունքը ես ինձ չեմ տվել, այն վերապահված է կյանքին ու ժամանակին, որքան էլ խառն ու խրթին լինի այն: Ժամանակը ցույց կտա՝ այդպիսի բան ստեղծե՞լ եմ, թե՞ ոչ:

Ունեմ նոր գործ, որը շուտով ավարտին կհասցնեմ եւ կցուցադրվի. «բարձեր» են: Ստեղծագործական ընթացքի մեջ եմ, քանդակային գեղեցիկ շարք է լինելու:

– Միտքը, գաղափարը արդյո՞ք կապ ունի «Փափուկ բարձ» հասկացողության բուն իմաստի հետ եւ ի՞նչ ուղերձ ունի իրենով փոխանցելու:

– Ազգը լավ խոսք ունի՝ «փափուկ բարձ դրին մեր գլխի տակ»: Երեւի դա էր պատճառը, որ ֆիդայիների բարձը փափուկ չի եղել, այլ՝ ժայռ, քար, որը թեկուզ անհարմար էր, բայց խիղճները հանգիստ է եղել ազգի հանդեպ:

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031