Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ «Բացառում եմ ՔՊ-ի հետ կոալիցիան․ մյուսների հետ կոալիցիան կախված է արժեքների եւ գաղափարների ընդհանրությունից»

Օգոստոս 23,2023 23:42

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանն այսօր մեկնարկած քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում բացառեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, եթե իր գլխավորած կուսակցությունը բավարար քվե ստանա, կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Այլ ուժերի հետ կոալիցիա կազմելն էլ, ինչպես ասաց Նորիկյանը, կախված է հետընտրական զարգացումներից։

Եթե տվյալ քաղաքական ուժի արժեքային համակարգը, գաղափարները համահունչ լինեն «Արդար Հայաստան» կուսակցության արժեքների եւ գաղափարների հետ, Նորիկյանը չբացառեց, որ կոալիցիա կկազմի։ «Նաեւ չեմ բացառում, որ Երեւանում հնարավոր կլինի կոալիցիոն կառավարում ապահովել»։

Ինչո՞ւ չհաջողվեց ընդդիմադիր դաշտում համաձայնության գալ եւ մեկ թեկնածուով մասնակցել այս ընտրություններին, քանի որ այդ մասին ի սկզբանե խոսվում էր, թե այդպես հնարավոր կլինի իշխող ուժին հաղթել։ Ի պատասխան այս հարցին՝ Նորիկյանն ասաց, թե ինչպիսին է եղել քաղաքական ուժերի դրսեւորումները կոնսոլիդացիայի շուրջ՝ «կգա ժամանակը՝ անուններով, փաստերով կասեմ»՝ հայտարարեց նա: «15-16 քաղաքական ուժի եւ առանձին անհատների հետ անձամբ եմ հանդիպել, փորձել եմ նախաձեռնել մի քանի քաղաքական ուժերի եւ անհատների հետ հանդիպում։ Չի ստացվել՝ տարբեր պատճառներով։ Հանգեցինք հետեւյալին, որ մեր քաղաքական դաշտում սեփական եսից կամ ուժերից դուրս այլ իրողություն չեն տեսնում»,- պատմեց Նորիկյանը։

Նախքան քարոզարշավի մեկնարկը՝ առանձին ուժեր փաստացի սկսել էին քարոզարշավը, պաստռաներ էին տարծում, տեսանյութեր, հանդիպումներ։ Ըստ էության՝ այս նախընտրական շրջանում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել։ Այս առնչությամբ Նորիկյանն առանձնացրեց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, նշելով՝ վարչական ռեսուրսը չարաշահում է։

«Արդուկը միացնում ենք՝ Ավինյանի ձայնն է գալիս։ Գալիս ես այն դրոշակով, որ ապահովելու ես թափանցիկություն, մրցակցային ընտրություններ, օրինականություն, բայց դրա անվան տակ իրականացնում ես ճիշտ հակառակը։ Վարչական ռեսուրսի այնպիսի չարաշահում, ինչպիսն արվել է Ավինյանի կողմից կամ գործող իշխանության կողմից, դժվարությամբ եմ հիշում։ Նախկինում տեսնում էինք՝ հինգ հազար դրամով առնել, բռնաճնշումներ, ֆիզիկական ճնշում, գողություն, ծեծ․․․ այս իրավիճակն ավելի ցցուն է այժմ այն առումով, որ Հայկ Մարությանից հետո Տիգրան Ավինյանն է եղել փաստացի քաղաքապետը։ Այսինքն, չունենալով քաղաքապետի մանդատը, յուրացրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը ՝ փոխքաղաքապետի անվան տակ։ Նա 2021-ի դեկտեմբերից քաղաքապետի լիազորություններն է իրականացրել, սա վկայում է այն մասին, որ «ինչ ուզեմ՝ կանեմ» սկզբունքն է գործել»,-ասաց Նորիկյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031