«Տեսնում եմ՝ ԳԽ պատգամավորներ կան այստեղ։ Հիշում եմ՝ ամեն բառի, ստորակետի վրա ոնց էինք աշխատում, քանի որ լցված էինք ՀՀ ստեղծելու, ուժեղացնելու մտքով ու կրքով, և ունեցանք այդ հռչակագիրը։ Եկեք մեկ անգամ ևս շնորհավորենք հռչակագիրը և այն ԳԽ-ին, որը բարձր նշաձող դրեց մեր խորհրդարանական մշակույթում»,- Շառլ Ազնավուրի հրապարակում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական արշավի մեկնարկին կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, ԳԽ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր՝ անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով ուղերձում ամրագրումներ էր արել, որոնք քննադատվեցին։
Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններն ունեն ճակատագրական, ջրբաժանային նշանակություն։ Նա վստահեցրեց՝ «Մայր Հայաստան» դաշինքն ունի Երևանի զարգացման հրաշալի ծրագիր, բայց նաև համոզված է, որ որևէ ծրագրային դրույթ չի իրականացվի, քանի դեռ Անկախության հռչակագիրը գլխատողն այսօր նստած է իշխանության։
Ռուբեն Հակոբյանը քննադատեց այն անձանց, որոնք բոյկոտում են Երևանի ավագանու ընտրությունները․ «Աքսիոմ է՝ ինչքան քիչ ընտրող, այնքան իշխանությունն ավելի հեշտ է հաղթանակում։ Ինչո՞ւ եք բոյկոտում, չեմ ուզում ասել, որ դավաճանություն եք սերմանում։ Համաձայն եմ, կասեք՝ ԱԺ գնաց ընդդիմությունը, ի՞նչ արեց։ Գնացին, որ ասեն՝ էս դավաճանին պիտի հեռացնենք, բայց, ցավոք, չստացվեց»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն մարդկանց, որոնք իրեն հարցում են, թե ինչո՞ւ է կոպիտ խոսում այս իշխանությունների հետ՝ Ռուբեն Հակոբյանն ասաց․ «Ի՞նչ է՝ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայի կոնվենցիայի՞ց խոսեմ, Մարդու իրավունքների հռչակագրի՞ց խոսեմ, թե՝ ՀՀ Սահմանադրությունից»։
Անդրադառնալով ՀՀ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու փաստին և այնտեղ տեղի ունեցածին՝ ԳԽ պատգամավորն ասաց․ «Ովքեր արտաքին քաղաքականությանը, դինավագիտությանը ծանոթ են, գիտեն՝ եթե միջազգային կառույց որևէ հարց ես ներկայացնում, առնվազն պետք է համոզված լինես, որ կհաղթես, առավել ևս, որ չես պարտվի։ Բայց մենք ոչ միայն չհաղթեցինք, այլև այլանդակ պարտվեցինք, և Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն տվեցինք, որ պատերազմ սկսի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ