«Իմ Երևանն ես…»՝ այս ռոմանտիկ կարգախոսով այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեց «Հանրապետություն» կուսակցությունը:
Մեկնարկի համար այս այգին էին ընտրել, քանի որ ինչպես կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց. «Սա Երևանի ամենահաճելի և տեսարժան վայրերից է, երևանցիներիս պատանեկությունն է այս այգում անցել, ու այստեղ երազանքները նյութականանալու հատկություն ունեն»:
Իր ելույթում Զեյնալյանը վստահեցրեց, որ իրենց քաղաքական ուժը Երևանի կառավարման խնդիրների լուծմանը մասնակից է դարձնելու յուրաքանչյուր երևանցու, քանի որ քաղաքացին պետք է նախանձախնդիր լինի, որպեսզի քաղաքն, ասենք, մաքուր լինի, կարգավորված լինի, անշնորհքություններ չլինեն, անկանոն շինարարություններ չլինեն, իրավախախտումներ չլինեն: Նա այն կարծիքին է, որ ներկայում Երևանի քաղաքապետարանի լիազորությունները գերկենտրոնացված են, ուստի այդ լիազորություններից շատերը պետք է վերապատվիրակվեն թաղապետարաններին, որոնց նկատմամբ վերահսկողությունը պետք է երևանցին իրականացնի:
Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե համագործակցելո՞ւ են իշխանական ուժի հետ, Զեյնալյանը նշեց. «Եթե որևէ քաղաքական ուժ՝ իմ մրցակիցներից, կասի, որ չի համագործակցելու քաղաքական մեծամասնության հետ, նա հասարակագիտական կամ քաղաքագիտական բազային գիտելիքներ չունի կամ ազնիվ չի հասարակության հետ: Երևանում, ինչպես ցանկացած տեղական ինքնակառավարման մարմնում իրականացվում է իշխանություն՝ վերապատվիրակված կառավարության կողմից»:
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախ մաղթեց, որ քարոզարշավը լինի գաղափարական և անցնի արդարության մթնոլորտում ու հաջողություն մաթեց բոլոր մասնակիցներին: «Ես կարծում եմ, որ ընտրություն կատարելիս քաղաքացին նախ պետք է նայի, թե որ կուսակցությանն է ձայն տալիս, քանի որ այս ընտրությունները քաղաքական են, ու քաղաքացին ձայն է տալիս ոչ թե անհատին, այլ քաղաքական ուժին: Իսկ դա շատ պարզ է, քաղաքացին մինիմում պետք է նայի, թե տվյալ կուսակցությունը 2020թ. պատերազմից հետո ինչ տեսակետներ է հայտնել երկրում՝ ընդհանրապես, Արցախի վերաբերյալ, արդյոք այդ կուսակցության մոտեցումները համահունչ են, թե՝ ոչ, որից հետո նայի, թե ի՞նչ թեկնածու են առաջադրում, թե ի՞նչ կենսագրություն ունեն, ու ինքանո՞վ են իրենց նվիրվածությունը հայտնել հայրենիքին: Դրանից հետո, եթե իրենց թեկնածուն հաղթում կամ պարտվում է, պատրաստ լինեն շնորհավորեն հաղթողին: Նախորդ ընտրություններին մեր թեկնածուն շնորհավորեց իրեն սևերի շարքում դասած թեկնածուին: Ես կարծում եմ, որ այս ընտրություններին ճիշտ կլինի, որ իրենք շնորհավորեն մեր թեկնածուին, դա ոչ միայն արդար, այլեւ՝ աստվածահաճո կլինի»,-ասաց Սարգսյանը:
Նա կարծում է, որ Երևանի ավագանու այս ընտրությունները քաղաքական են, ավելին՝ արտաքին քաղաքական, իսկ այդ հարցում իրենք ընտրել են արևմուտքի ուղղությունը: «Երևանի ընտրությունները կապված են հետագա արտաքին քաղաքական մարտահրավերների հետ, ու, կարծում եմ, քաղաքացուն նախ հետաքրքրելու է Հայաստանի ապագայի, ապագա տեսլականի հարցը, հետո՝ քաղաքային խնդիրները»,- նշեց Արամ Սարգսյանն՝ ընդգծելով, որ քաղաքացին պետք է հստակ ընտրություն կատարի Կազանի՞, թե՞ Միլանի ուղղությունն է ընտրում:
Արամ Սարգսյանն այս ընտրություններում իրենց քաղաքական ուժի միակ մրցակիցը համարում է գործող իշխանության թեկնածուին՝ Ավինյանին, «քանի որ մնացած ուժերը պայքարում են իշխանափոխության նպատակով, դա որևէ կապ չունի Երևանի քաղաքային ընտրությունների հետ»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ