Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ «Այսօր էլ կան տեղական ֆեոդալիկներ․ նրանք ՀՀԿ-ի «զնակը» հանել, ՔՊ-ի «զնակն» են դրել»

Օգոստոս 23,2023 22:47

Մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կտեւի 24 օր։

Այսօր «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսեց դահլիճային հավաքով։ Կուսակցությունը ներկայացրեց ավագանու ցուցակն ու նախընտրական ծրագիրը։ Կուսակցությունը քվեաթերթիկում 3-րդ համարն է, կարգախոսը՝ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելու ենք»։

Կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը ելույթ ունեցավ։ Ասաց՝ Երեւան քաղաքում իրականացվում է սխալ եւ ոչ արդյունավետ կառավարում, Երեւանի վերջին հինգ ընտրովի քաղաքապետերը այդպես էլ չեն պաշտոնավարել իրենց ամբողջ ժամկետով՝ դառնալով օրվա ղեկավարի կամ իշխող քաղաքական թիմի քմահաճույքների զոհը․«Երեւանի կառավարման համակարգը պետք է ենթարկվի արմատական վերափոխման, եւ ընտրված քաղաքապետը չպետք է դառնա ներիշխանական կամ ներքաղաքական քմհաճույքների զոհը»։ Կուսակցությունն առաջարկում է Երեւանում իրականացնել որակական եւ ռազմավարական փոփոխություններ։
«Ոչինչ նախապես կանխորոշված չէ, ոչ ոք նախապես ընտրված չէ։ Սիրելի՛ ժողովուրդ, ձեզ խաբում են, մոլորեցնում ու հիշեցնում տխրահռչակ ժամանակները, երբ ասում էին՝ 100-ից 70 կխփենք ։ Հիմա նույն վիճակն է՝ որ պատուհանը, դուռը բացում ես, որ մեկին խոսացնում ես, ասում են՝ Ավինյանն անցել, պրծել ա, անելիք չունեք։ Ամեն ինչ կախված է ձեր քվեից ու կամքից, դուք ընտրեք ձեր ուզած թեկնածուին, տեսնեմ Ավինյանը ո՞նց է հաղթելու»,-ասաց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ հաղթել Երեւանում, նշանակում է հաղթել Հայաստանում, եւ պետք է պարտության, հիսաթփության շքերթը կասեցնել, գնալ հաղթնակի եւ ժողովրդին ոտքի կանգնեցնել։

Նորիկյանի խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրություններին իշխանության թեկնածուին՝ Տիգրան Ավինյանին, ամեն գնով քաղաքապետ կարգելու նպատակով ձեռնարկած քայլերի տրամաբանությունը, որոշ ուժերի եւ անհատների մասնակցությունը վկայում է, որ պետության ինստիտուտների եւ պետականության վերջնականապես վարկաբեկման գործըթացը շարունակվում է։

«Իշխանության կողմից տեւական ժամանակ քաղաքական դաշտի կանխամտածված հեղինակազրկմանը նպաստելու գործընթացը, այս դեպքում նաեւ ընտրական պայքարին մասնակցելու քաջալերելու միջոցով որոշ անհասկանալի երեւույթներին առաջին պլան բերելը վկայում է այն մասին, որ մեր արժեհամակարգին հասցվող վնասը հասնում է իր գագաթնակետին։ Իշխանությունը խնդիր է դրել խարխլել եւ խեղել հայոց պետականության հիմքերը։ Նաեւ այս պատճառով է, որ մասնակցում ենք այս ընտրություններին՝ փորձելով արժեքային եւ քաղաքական բովանդակություն հաղորդել այս ընտրական գործընթացին»։

Նորիկյանը վստահեցրեց՝ իշխանությունը հավակնում է սահմանել վարչական ռեսուրսի օգտագործման, թաղային եւ այլ տեսակի հեղինակությունների ներգրավման նոր ռեկորդներ։

Ընդդիմադիր քաղաքապետ ունենալն, ըստ Նորիկյանի, կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը։

«Երեւանը պետք է ունենա ինտելեկտուալ, խելացի, չվարկաբեկված, Երեւանը սիրող ու Երեւանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն իրականացնելու ունակ քաքաղապետ։ «Արդար Հայաստանը» նախորդ վեց ամսիներին առավելագույն ջանքեր գործադրեց առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացիա ապահովելու եւ քաղաքապետի միասնական թկենածուով ընտրություններին մասնակցելու համար՝ չհավակնելով, որ ցուցակը կգլխավոր մեր թեկնածուն։ Առաջին տեղի կռիվ չենք տվել, ասել ենք՝ հավաքվեք, նորմալ ուժ ձեւավորեք։ Սակայն ապարդյուն, որեւէ քաղաքական ուժի կողմից համարժեք արձագանք այդպես էլ չստացվեց»,-ասաց Նորիկյանը։

Նա խորհրդարանական ընդդիմությանն էլ անդրադարձավ, քննադատեց, ասաց ՝ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացված չէ ավագանու ընտրություններում․«Սա խոսում է այն մասին, որ ձեւավորվել է կեղծ քաղաքական համակարգ, կեղծ իշխանություն, կեղծ ընդդիմություն․․․ Ազնիվ քաղաքական ուժերն ու ժողովուրդը պետք է կողմնորոշվեն՝ շարունակո՞ւմ ենք թույլ տալ, որ գործող իշխանությունն ու նախկին իշխանությունն իրար հետ շարունակեն իրար պաս տալով խաթարված պահել քաղաքական դաշտը՝ թույլ չտալով նոր ուժերի ազդեցության մեծացումը, թե՞ սթափվում ենք եւ մեկնարկում իրական քաղաքական այլընտրանքի ձեւավորմանը։ Մենք պետք է ձեւավորենք իրական այլընտրանք, որ կարողանանք ազդել քաղաքական գործընթացների վրա՝ հավակնելով դառնալ հաջորդ իշխանությունը։ Նիկոլն ասում էր՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, որն այդպես էլ չտեսանք։ Մենք ասում ենք՝ գալիս է քաղաքական աղբը մաքրելու ժամանակը, գալիս է Հայաստանը ապականած, ողբերգության հասցրած ուժերից հաշիվ պահանջելու ժամանակը»։

Նորիկյանի խոսքով՝ այսօր կան տեղական ֆեոդալիկներ․ «Սթափվե՛ք, տեսե՛ք դրանց։ Նրանք պարզապես ՀՀԿ-ի զնակը հանել են, ՔՊ-ի զնակ են դրել, մի մասն էլ գաղտնի են ՀՀԿ-ականից ՔՊ-ական գործընթացի մեջ տեղավորվել»։

Գործող իշխանությունը, ինչպես Նորիկյանն ասաց՝ անընդհատ շեշտում է նոր ավտոբուսներ, փոխված վերելակներ, որոնց մի մասն արդեն չի աշխատում, ասֆալտ․«Կառավարման 5-րդ տարվա վերջում մի քանի տասնյակ ավտոբուս բերել ու խոսել համակարագային փոփոխության մասին, ակամա հիշեցնում է «Կարգին հաղորդման» մի դրվագ՝ լուսամուտը դրիմ, լուսամուտը դրիմ։ Հինգ տարի ոչինչ չանել, ու վերջին երեք ամսում երեսուն հատ ավտբուս բերել ու ասել՝ փոխել ենք տրանսպորտային համակարգը․․․ սպանեցիք՝ ավտոբուսը բերիմ, վերելակները փոխիմ, ասֆալտը փռիմ»։

ՔՊ-ին ձայն տալ, ըստ Նորիկյանի, նշանակում է հավանություն տալ վերջին հինգ տարվա քաղաքկանությանը, ձայն տալ նախկին քաղաքապետին՝ նշանակում է ձայն տալ ՔՊ-ից վիրավորված ու անջատված թիմին․«Ձայն տալ այս երկու ուժին, նշանակում է հավանություն տալ գործող ավագանու աշխատանքին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031