Ուշ երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակից «Մայր Հայաստան» դաշինքի անդամները դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի հեղինակած երգի հնչյունների ներքո երթով շարժվում էին Երևանի փողոցներով։ Նրանք երթը ավարտեցին կրկին Շառլ Ազնավուրի հրապարակում։
Երթին նախորդած՝ նախընտրական արշավի մեկնարկին կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն ասաց․ «Ինքս եմ նախաձեռնել այս ընտրությանը մասնակցելը։ Հավատացնում եմ՝ կապ չունի, թե ով, ինչ կարգավիճակ է ունենալու այս ընթացքում։ Ես պատգամավորի մանդատից հրաժարվել եմ, որպեսզի իրավունք ունենամ յուրաքանչյուր քաղաքացուց պահանջել որոշակի հրաժարում իր կոմֆորտից, ալարկոտությունից, այն մտածողությունից, որ սա աթոռակռիվ է»։
Նա ասաց, որ իրավունք չունենք հանգիստ նստել տանը, քանի որ այս հանդիպումն էլ հնարավոր է դարձել, որովհետև 120 հազար արցախցի սովի գնով պահում է մեր՝ այստեղ ազատ շարժվելու իրավունքը։
Անդրանիկ Թևանյանն ասաց՝ պատրաստ է լինելու ցանկացած քայլի․ «Ես համարյա հիսուն տարեկան եմ դառնում, չեմ կարող այլ երկրում ապրել, իմ մոտիվացիան այս ընտրապայքարին մասնակցելու ՀՀ-ում ու Երևանում ապրելն է։ Ուզում եմ այստեղ ապրել մինչև կյանքիս վերջ, ուզում եմ բոլորիս երեխաներն այստեղ ապրեն։ Երևանում եմ ծնվել ու Երևանում էլ պիտի մնամ»։
Կարդացեք նաև
Նրա փաստմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները կայանում են մի իրավիճակում, երբ Արցախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ․ «Հայաստանը լինել-չլինելու խնդրի առաջ է։ Երևանի ավագանու ընտրությունները մենք պետք է վերածենք իշխանափոխության։ Անձամբ ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությանը և վերցնել իշխանափոխության բեռը։ Ինձ համար այս ընտրությունները քաղաքական չեն նույնիսկ, այլ առաջին հերթին սա արժանապատվության խնդիր է։ Ամբողջ աշխարհով խայտառակ ենք եղել։ Մեր արժանապատվությունը պետք է վերականգնել։ Բոլոր քաղաքական ուժերը, անհատները, նրանք, ովքեր փոփոխություն են ուզում, կարող են օգտագործել այս գործընթացը դրա համար։ Ես ինքս հավատում եմ, որ հնարավոր է հասնել հաջողության»։
Անդրանիկ Թևանյանն ահազանգեց՝ վտանգավոր զարգացումներ են։ Նիկոլ Փաշինյանի՝ անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով տարածած ուղերձի մասին էլ ասաց․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բավարարել է թուրք-ադրբեջանական նախապայմանները՝ նրանց ցանկությունն իրականացնելով ՀՀ անկախության հռչակագրի մասով։ Ես այս ավագանու ընտրություններում առաջադրված որևէ թեկնածուի որևէ ուժի առաջին համարի ընդհանրապես չեմ անդրադառնալու, ոչ թե, որ արհամարհում եմ, ո՛չ։ Իմ հաճախորդը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ռիսկ ունի, թող մտնի այս ընտրապայքարի մեջ, ես իրեն հրավիրում եմ ցանկացած ձևաչափով բանավեճի, քաղաքական պայքարի։ Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մինչև նրան չվռնդեմ կառավարության շենքից, չեմ դադարեցնելու պայքարը՝ անկախ նրանից՝ ինչ արդյունք կլինի, երբ կլինի և այդ արդյունքից հետո ինչ կլինի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ