Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես որպես Երեւանի փոխքաղաքապետ իմ աշխատանքը լավ եմ կատարել, կարծում եմ՝ քննադատությունը տեղին չէ»․ Տիգրան Ավինյանը՝ անհավասար ընտրապայքարի մասին

Օգոստոս 23,2023 22:06

«Ես արձակուրդի մեջ եմ»,- այսօր Նուբարաշեն վարչական շրջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամի քարոզարշավով զբաղված։

Ավինյանին ուղեկցում էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները, նրա թիմակիցները։ Ավինյանը բնակչության հետ հանդիպման ժամանակ հանձնարարականներ էր տալիս իր ենթականերին։ Հարցին, թե իր աշխատակիցները նույնպե՞ս արձակուրդում են, նա պատասխանեց․ «Ես հանձնարարական եմ տալիս վարչական շրջանի ղեկավարին, ով նույնպես արձակուրդի մեջ է։ Այստեղ դուք ում տեսնում եք, 90 տոկոսը մեր ավագանու ցուցակի թեկնածուներ են նաեւ»։ Անդրադառնալով հարցին, որ մյուս ուժերի հանդեպ արդար մրցապայքար չի վարում, Տիգրան Ավինյանն ասաց․ «Երեւանի փոխքաղաքապետն ունի կոնկրետ պարտականություններ։ Եվ կարող էր լավ իրականացնել իր պարտականությունները, լավ կատարել այն աշխատանքը, որն ինքը պարտավոր էր անել, եւ վատ կատարել։ Եթե ես վատ կատարեի իմ աշխատանքը, այս մեղադրանքը ենթադրում եմ, չէր հնչի, այլ մեղադրանք կհնչեր։ Եթե ես որպես Երեւանի փոխքաղաքապետ իմ աշխատանքը լավ եմ կատարել, կարծում եմ՝ քննադատությունը տեղին չէ։ Իսկ այսօր մենք մասնակցում ենք մեր քաղաքական թիմով, ընտրական ցուցակի անդամներով, ովքեր նաեւ մեր թիմի անդամներն են։ Եվ այն պատասխանատվությունը, որն ստանձնում ենք, ծրագիրը, որը ներկայացնում ենք, հենց այդ թիմը պետք է իրագործի»։Անդրադառնալով իրենց «Դուք ասեք, եւ մենք խոստանում ենք, որ դա կանենք» կարգախոսին՝ Ավինյանն ասաց․ «Մեր կարգախոսն այն մասին է, որ առաջին հերթին մեր գալիք 5 տարիների աշխատանքում ամենակարեւորն այն է, թե ինչ է ասում մեզ երեւանցին։ Եվ եթե երեւանցին մեզ ասում է՝ պետք է բարեկարգվեն բակերը, պետք է հիմնանորոգվեն մանկապարտեզները, պետք է բարեփոխվի հանրային տրանսպորտը, դա է մեզ համար այն հանձնարարականը եւ նպատակը, որը պետք է իրականացնենք։ Ամենակարեւոր մեր ասելիքը հենց կայանում է դրանում՝ սիրելի երեւանցիներ, ասեք այն  ամենը, ինչը մեզանից պահանջվում է, եւ մենք պատասխանատվություն ենք ստանձնում դա իրականացնել»։ Նա նշեց, որ համայնքի միջոցներն իրականում շատ սուղ են, եւ շատ կարեւոր է այդ միջոցները ճիշտ կառավարել»։

Տիգրան Ավինյանը նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչպես է վերաբերվում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջադրմանը եւ այն տեսակետներին, որ Մարությանը լուրջ մրցակից է գործող իշխանության թեկնածուի համար։ «Ես կարծում եմ, որ մեր թիմի հիմնական թիրախը երեւանցին է։ Եվ մեր հիմնական խոսքն ուղղված է երեւանցուն։ Մեր լսելիքն էր երեւանցուց պետք է գա։ Եթե մենք կենտրոնանանք մեր ծրագրի ու ասելիքի վրա, ես կարծում եմ՝ մենք կարիք չենք ունենալու կենտրոնանալ մրցակիցների վրա։ Մենք արդեն իսկ ապացուցել ենք, որ ունակ ենք կատարել մեծ ծավալի աշխատանք։ Եվ գալիք հինգ տարիներին Երեւան քաղաքը էական ու հեղափոխական տրամաբանությամբ պետք է փոխվի»,- ասաց նա։

Անդրադառնալով հայտնի հրապարակմանը, ըստ որի՝ ՔՊ-ն համայնքապետերի միջոցով ցուցակագրում է մարզերում բնակվող, բայց Երևանում հաշվառված ընտրողների տվյալները՝ Ավինյանի օգտին քվեարկելու համար, Ավինյանն ասաց․ «Իրականում մենք ունենք երեւանցիներ, որոնք գրանցված են տարբեր մարզերում։ Կուսակցական գործունեություն է, առանձնապես մեկնաբանելու բան չեմ տեսնում։ Ես էլ եմ լսել այդ ձայնագրությունները, եւ այնտեղ ընդամենը կուսակցականները խոսում են կուսակցական գործունեության մասին, քարոզչություն իրականացնելու մասին։ Մարզերում եւս կան երեւանցիներ, նրանց ձայնը պետք է լսելի լինի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031