ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 23-ին Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:
Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ծրագրի մասնակիցներ ու հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ արդեն չորրորդ անգամ իրականացվող այս միջոցառումը փաստում է, որ «Ներուժ»-ը կայացած և հաստատուն հիմքերի վրա դրված ծրագիր է, որի հիմնական նպատակներից մեկը Սփյուռքից դեպի Հայաստան տեխնոլոգիական ներգաղթի ապահովումն է։
«Մեր մասնակիցներն՝ ապրելով, կրթվելով, աշխատելով աշխարհի տարբեր երկներում, իրենց հետ Հայաստան են բերում այդ երկրների փորձը, նոր գաղափարներ ու մշակույթ, որոնք հաջողությամբ տեղայնացնելով՝ նոր մտքեր են տալիս ոլորտին»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Նախարարը վստահություն է հայտնել, որ միջոցառումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում նոր ծրագրեր, բիզնես գաղափարներ ու համագործակցություններ կձևավորվեն, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
Ռոբերտ Խաչատրյանը նաև հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել «Ներուժ 4.0» մասնակիցներին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր խոսքում արձանագրել է «Ներուժ» ծրագրի դրական ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական համայնքում՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում այն կընդլայնի իր ծավալները։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ «Ներուժ»-ը պետք է վերածվի տեխնոլոգիական ոլորտում «համահայկական խաղերի»՝ հնարավորություն տալով Սփյուռքի գաղթօջախներում հիմնված տեխնոլոգիական ընկերություններին և ստարտափներին ինստիտուցիոնալ կերպով և ավելի մեծ ծավալներով ներգրավվել Հայաստանի տնտեսական կյանքին, և տեղի ստարտափ էկոհամակարգի հետ միասին կամուրջներ կառուցի Հայաստանի և Սփյուռքի միջև։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերահաստատել է Կենտրոնական բանկի շարունակական աջակցությունը «Ներուժ» ծրագրին՝ ընդգծելով գիտելիքի և նորարարության կարևորությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին ներկայացրել է «Ներուժ 4.0» ծրագրի առանձնահատկությունները` նշելով այն փոփոխությունները, որոնք արվել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի համեմատ։
«Ներուժ 4.0» ծրագրին մասնակցում է 22 թիմ՝ աշխարհի 7 երկրից։
ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ծրագրին դիմած ընկերություններն ունեն հետևյալ ուղղությունները՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, կենսատեխնոլոգիաներ, կրթական տեխնոլոգիաներ և այլն:
Դասախոսություններով, սեմինարներով, մենթորային հանդիպումներով, մշակութային այցերով, ժամանցային միջոցառումներով հագեցած «Ներուժ 4.0» ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը, երբ տեղի կունենա միջոցառման փակման պաշտոնական արարողությունը և կհայտարարվեն ծրագրի հաղթողները, որոնց որոշելու է նախապես ձևավորված հանձնաժողովը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն