«Էս իշխանությունների ապշեցնող, զայրացնող արարքներն այնքան պարբերաբար են թարմացվում, որ մի քիչ վաղ անցյալում կատարվածներն ակամայից մոռանում ենք»,- Շառլ Ազնավուրի հրապարակում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական արշավի մեկնարկին կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Սուքիասյանը։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին՝ նա հայտարարեց․ «Այդ թեկնածուն ՔՊ-ից որակապես ոչնչով չտարբերվող է։ Նրանց խտացված մարմնացումն է։ 2020-ին՝ քովիդի ժամանակ եղել է պարետը, հազարավոր զոհեր են եղել, յուրացումներ, վատնումներ, տարբեր մարդիկ այդ գործերով են անցնում։ Դուք որոշեք՝ ովքեր յուրացումներ են արել, միայն իրենց գրպա՞նն են դրել, թե՞ իրեն էլ են բաժին տվել։ Ինքն, իբր, կապ չունի։ Երկրորդ դրվագը, երբ հայտարարվեց, որ ադրբեջանցիները Սև լիճ են մտել, նա կամուֆլյաժ հագավ, գնաց, էդ ֆոնին կանգնեց, ասաց, որ չեն վերցրել Սև լիճը։ Մինչդեռ պարզվեց, որ կեսը վերցրել են։
Երկրորդ խայտառակությունը, այդ անձնավորության գործունեության թագն ու պարծանքը ուղիղ մեկ տարի առաջ Սուրմալուի պայթյունի ժամանակ էր, երբ դեռ փլատակների տակից մարդկային ձայներ էին լսում։ Նա հայտնվեց փլատակների վրա ու իրեն հայտարարեց ՔՊ-ի թեկնածու։ Այս մարդուն, ովքեր կընտրեն քաղաքապետի թեկնածու, թող հիշեն Սուրմալուի զոհերի ձայները, թող հիշեն, թե այդ մարդը որտեղ է կարիերա արել, ինչի վրա է անուն հանել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ