«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավ իրականացրեց Արաբկիր վարչական շրջանում՝ շրջելով բակերով ու ներկայացնելով իրենց ծրագրերը:
«Մենք գնալու ենք բոլոր երեւանցիներին այցելության, պատմելու ենք այն երազանքի մասին, որն ունենք Երեւանի համար եւ այն տեսլականի մասին, որն ունենք մեր պետության համար: Մենք խոսելու ենք անվտանգ ու կանաչ Երեւանի մասին, առողջ ու անվտանգ Երեւանի մասին: Խոսելու ենք հին ու նոր Երեւանի, խելացի, հոգատար քաղաքի մասին եւ պատմելու ենք, թե ինչպես է իրենց սեպտեմբերի 17-ի որոշումն ազդելու մեր ամբողջ պետության զարգացման վրա: Մենք թիվ 13-ն ենք, ինչը նշանակում է, որ այդ թվով բերելու ենք այս իշխանության ավարտը Երեւանում, ապա ՀՀ-ում»:
Բակերում պատշգամբներից մարդիկ ձեռքով էին անում, ողջունում ու կարդում նախընտրական ծրագրի սեղմագիրը: Որոշներն ափսոսանք էին հայտնում, որ Երեւանի բնակիչ չեն, մարզում են գրանցված ու ընտրելու իրավունք չունեն:
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսկացության անդամները մտնում էին խանութներ, մոտենում վաճառասրահների մոտ կանգնածներին ու ներկայացնում, թե ինչպես են պատկերացնում անվտանգ Երեւանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ