Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է Արփենիի ջրագծերի գումարը․ ուղիղ մեկ տարի պաշտոնավարած գյուղապետի գործը՝ հակակոռուպցիոն կոմիտեում

Օգոստոս 23,2023 19:06

Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի գյուղերից մեկի՝ Արփենիի նախկին գյուղապետ Վահագն Առաքելյանը կասկածվում է վստահված գույքը հափշտակելու մեջ։

ԱԱԾ-ի օպերատիվ տեղեկությունների հիման Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը ստուգողական գործողություններ է կատարել ու փաստական տվյալներ ձեռք բերել առ այն, որ ընդամենը մեկ տարի՝ 2015-2016 թթ․-ին պաշտոնավարած 44-ամյա Վահագն Առաքելյանը թույլ է տվել ֆինանսատնտեսական բնույթի չարաշահումներ։

Նա, ըստ ձեռք բերված տվյալների, անգամ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատող փաստաթուղթ է կեղծել, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս:

Նրա կողմից կատարված յուրացումներից մեկը, ըստ օպերատիվ տվյալների, վերաբերում է գյուղում ջրագծի ցանցի կառուցմանը, որն այդպես էլ նրա պաշտոնավարման օրոք գյուղացիների համար երազանք մնաց։

Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթում գրված է․ «Նպատակ ունենալով հափշտակել համայնքի բյուջեի դրամական միջոցները՝ 2016թ. սեպտեմբերի 26-ին համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել է փոփոխություններ, և այն իրականացնելու նպատակով կազմել է ավագանու նիստի կեղծ արձանագրություն /համար 5/, որի համաձայն՝ ավագանու հիշյալ նիստին մասնակցել են ավագանու 4 անդամներից 3-ը։ Կողմ են քվեարկել 3-ը:

Այնինչ, համաձայն ՍԷԿՏ համակարգում առկա տեղեկությունների, ավագանու անդամներից Վանիկ Եդիգարի Մարգարյանը 2016թ. ապրիլի 24-ից մինչև դեկտեմբերի 2-ը և  Վլադիկ Աշոտի Մարտիրոսյանը 2016թ. ապրիլի 18-ից մինչև նոյեմբերի 21-ը բացակայել են ՀՀ-ից և չէին կարող ներկա գտնվել հիշյալ ավագանու նիստին, իսկ նիստը նախագահել է անձամբ Վ.Առաքելյանը:

Վ.Առաքելյանն, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, նիստի որոշմամբ համայնքային բյուջեով ջրագծի ցանցի կառուցման համար նախատեսված ընդհանուր մոտ 4.600.000 դրամ գումարը  բյուջեի «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածից մասնատել և տեղափոխել է այլ հոդվածների վրա և, նպատակ ունենալով հափշտակել, փոխանցել է Գյումրի քաղաքի մի շարք շինանյութի խանութների հաշվեհամարներին՝ մասնավորապես «Ալբերտ Մելոյան» ԱՁ-ին / 582.333 դրամ, «Գևորգ Խուրշուդյան» ԱՁ-ին՝ 1.980.000 դրամ, «Թուրվանդ» ՍՊԸ-ին՝ 1.980.000 դրամ, որոնք հետագայում կանխիկացման եղանակով յուրացրել է, և Արփենի համայնքում ջրի ցանցի վերանորոգում չի իրականացվել։

Ջրագծի ցանցի կառուցումը ընդգրկվել է Աշոցք խոշորացված համայնքի 2022-2023թթ. սուբվենցիոն ծրագրի մեջ»:

Ջրագծի թեման Քրեական ոստիկանության գլխավոր վարչության միակ բացահայտումը չէ։

Իրավապահները պարզել են նաև, որ Արփենի համայնքի նախադպրոցական և կրտսեր տարիքի թվով 15-20 երեխաների համար 2015թ. ընթացքում համայնքապետարանի կողմից ամանորյա պարկեր տրամադրելու նպատակով ծախսվել է մոտ 50.000 դրամ, սակայն տվյալ ժամանակահատվածում համայնքային բյուջեից մշակույթային միջոցառումներ անցկացնելու համար 200.000 դրամ է փոխանցվել «Աշոցք ԱՍԱ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որը նույնպես կանխիկացման եղանակով յուրացվել է Վ.Առաքելյանի կողմից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել նախկին գյուղապետի հետ՝ նրանից ևս այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն մեզ փոխանցեցին, որ վերջինս մի քանի ամիս է՝ եվրոպական երկրներից մեկում է։

Ի դեպ, այդ գյուղապետը կուսակցական չի եղել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031