«Հիմնական դրդապատճառն այն է, որ մենք քաղաքական ուժ ենք եւ 2016 թվականից փորձում ենք ինստիտուցիոնալ ձեւով ձեւավորվել: Մարզերում ՏԻՄ ընտրությունների ենք մասնակցել, սա համապետական առաջին ընտրությունն է, որին մասնակցում ենք »,-ո՞րն է դրդապատճառը, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին հարցին՝ այսօր այսպես պատասխանեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) նախագահ, կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկը ՀԱՍԱԿ-ը տվեց կուսակցության Ավանի գրասենյակում՝ ճեպազրույցով, ապա Ավան վարչական շրջանում շրջեցին՝ զրուցելով քաղաքացիների հետ:
Իրենց ծրագիրը Արման Ղուկասյանը համարում է իրատեսական. «Մենք չենք խոստանում երեւանցիներին երկհարկանի մետրո, ֆանտաստիկ մեգանախագծեր, քանի որ համարում ենք, որ մեր քաղաքում կան այնպիսի պրիմիտիվ խնդիրներ, որոնք շատ զարգացած քաղաքներում արդեն լուծված են՝ սկսած աղբահանությունից մինչև ջրամատակարարում, տրանսպորտ և այլն»:
ՀԱՍԱԿ-ի ծրագիրը 15 կետից է բաղկացած, այն կներկայացնեն քարոզարշավի ընթացքում:
Կարդացեք նաև
«Դու կարող ես»․ սա էլ կարգախոսն է, որով ՀԱՍԱԿ-ը կներկայանա երեւանցիներին: Արման Ղուկասյանը հավաստիացնում է՝ իշխանությունների հետ չի համագործակցելու, լինելու է իրական ընդդիմություն։ Գուցե թեկնածուների մեջ ճանաչված չէ, բայց ճանաչված լինելն էլ համարում է հարաբերական. «Շատ մարդիկ կան, որ ճանաչված են, բայց ավելի լավ է ճանաչված չլինեին: Մենք ճանաչված ենք բավականին՝ տարբեր շրջանակներում, ճանաչված ենք մեր շրջապատում. ճանաչվելը՝ կճանաչվենք, Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, քարոզարշավի ժամանակ, ավելի լայն շրջանակներ մեզ կճանաչեն, բայց ամենակարեւորը՝ մենք ունենք երկխոսություն երեւանցիների հետ»։
Երկխոսության ձեւաչափը սոցցանցային է. Արման Ղուկասյանն ասում է՝ շատ ակտիվ է սոցիալական ցանցերում: Իսկ թաղամասերում, բակերում շրջելու ընթացքում էլ, ներկայացնելով իրենց տեսլականները, լսելով քաղաքացիների մոտեցումները՝ խոստանում է՝ «ավելի մոբիլ լինել, ադապտացվել հանրության պահանջներին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ