Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է տուն չգալ այն կառույցների դռներից, որտեղ ճակատագրեր են որոշում, այնինչ զբաղված են սելֆիներով, մարդկանց դեմքին թքելով, կակաչներ տնկելով». Թանդիլյան

Օգոստոս 23,2023 17:50

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր հասցեին քննադատություններին ու իրեն թիրախավորելուն՝ ասաց. «Իմ աշխատանքը մեր երեւանցիների հետ է եւ իմ պայքարը իշխանությունների դեմ է, ուրիշ որեւէ մեկի դեմ պայքար չունեմ: Այդ պայքարի ճանապարհը ես տեսնում եմ երեւանցիներին մեր գաղափարները, մեր միտքը տեղ հասցնելը: Եթե հասցրեցինք տեղ հասցնել, կասկած չունեմ մեր հաջողության մեջ»:

Մանե Թանդիլյանն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են: Հարցին՝ Արցախի այս իրավիճակի հետ կապված ո՞րն է ձեր թիմի պատկերացումը, եթե դուք իշխանափոխության հասնեք, ինչպե՞ս կվարվեք դուք, օրինակ, Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դուք ի՞նչ կանեք՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Մենք պարտավոր ենք այսօր իրականացնել իշխանափոխություն, որ այդ ընթացքը կասեցվի: Մենք հասկանում ենք՝ ինչ ճանապարհով է գնում ու պարտավոր ենք կասեցնել: Մեր գործն է ապացուցել մեր հայրենակիցներին, որ մենք պատրաստ ենք դա անել ու ստանձնել այդ պատասխանատվությունն ու առաքելությունը: Դա անելու համար պետք է ուժեղ Հայաստան, դրա համար պետք է ուժեղ Երեւան: Այս ամենը փոխկապակցված շղթայի մաս է: Մեզ համար այս պայքարը նրա համար է, որ ամրացնենք մեր պետականությունը»:

Ճշտմանը՝ դուք կճանաչե՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Թանդիլյանը պատասխանեց. «Իրավունք չունենք, սահմանադիրը, մեր ժողովուրդը դա չի ճանաչել: Մեր ժողովուրդը դեմ է դրան, մենք ո՞վ ենք, որ դեմ կանգնենք ժողովրդի կամքին»:

Հարցին՝ դուք ասում եք, որ մայրաքաղաքի խնդիրների ժամանակ Հայաստանի խնդիրների մասին եք խոսելու, Արցախի թեմա՞ն է լինելու ողջ քարոզարշավի ժամանակ ձեր մեխը՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Մենք երեւանցիներին ազնվորեն ասել ենք, որ հասկանում ենք, թե տարբեր մարդիկ ինչպիսի ընտրություն են անելու: Լինելու են մարդիկ, ովքեր քաղաքական ընտրություն են անելու եւ մենք նրանց առաջարկելու բան ունենք: Կան մարդիկ, ովքեր իրենց բակի խնդիրների համար են ընտրություն անելու, կան մարդիկ, ովքեր ճոպանուղու համար են ընտրություն անելու: Եվ այս ամենն ասելով՝ մենք ընդամենը ցույց ենք տալիս, որ գիտենք բոլոր ընտրողների ցանկությունը, դրանք բոլորը արժեքավոր ենք, որպեսզի մենք լսենք ու իմանանք»:

Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենք կատարողական ցուցանիշներ են տալու, որ երեւանցիները վերահսկեն իրենց. «Տալու ենք ամբողջ գործիքակազմը՝ մեզ հետ Երեւանում փոփոխությունների համար: Ինչ վերաբերում է Արցախին, դուք գիտեք, որ մեր կուսակցությունը, 2021-ին ստեղծվելով՝ նաեւ ստեղծվել է պատերազմից հետո օրհասական վիճակում հայտնված մեր հայրենիքի՝ ՀՀ-ի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու համար ու տարօրինակ չէ, որ այդ հարցը մեզ համար միշտ օրակարգային է»:

Թե ինչպես են հասնելու Արցախի անվտանգությանը, Մանե Թանդիլյանն ասաց, որ թերի է դիվանագիտությունը, կրթությունը, սփյուռքի հետ աշխատանքը. «Պետք է տուն չգալ այն կառույցների դռներից, որտեղ կարծում են այսօրվա իշխանությունները, որ ճակատագրեր են որոշում, այնինչ նրանք զբաղված են սելֆիներով, փողոցներում մարդկանց դեմքին թքելով, կակաչներ տնկելով: Ինձ համար դա անընդունելի վարքագիծ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031