Aravot.am-ը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին հարցրեց՝ ինչո՞ւ պետք է երեւանցին հենց իրենց ուժին ձայն տա: «Եթե մենք՝ երեւանցիներս ցանկանում ենք, որ մեր երեխաները ստանան եվրոպական կրթություն, ծնողները՝ եվրոպական մակարդակի բուժօգնություն, որ բոլորս առանց վիզաների եւ ստորացումների ճամփորդենք աշխարհով մեկ, որ մեր երկիրը լինի անվտանգ եւ խաղաղ, ուրեմն պետք է ընտրել Հայաստանի Եվրոպական կուսակցությանը»,-ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահը:
Մեր հարցին՝ միթե Երեւանի ավագանու ընտրություններով նման հարցեր են լուծվում, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ արձագանքեց. «Երեւանն իր մեջ ամփոփում է եւ տնտեսական, եւ արդյունաբերական, եւ մտավորական ներուժի մեծ մասը… Բնականաբար, Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները բնույթով քաղաքական են, առավել եւս, որ մասնակցում են քաղաքական կուսակցությունները: Ուստի Երեւանը պետք է առաջնորդի Հայաստանին այն անխուսափելի եւ մոտակա գործընթացին, որը մենք անվանում ենք եվրաինտեգրում»:
Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ ինչպես մյուս ուժերի, այնպես էլ Հայաստանի եվրոպական կուսակցության ցուցակում շատ են մարդիկ, որոնց անվան դիմաց գրված է ՝ չի աշխատում, Տիգրան Խզմալյանը նշեց. «Սկսեմ ինձանից: Ես չեմ աշխատում, ինչն ինձ համար, իհարկե մեծ դրամա է: Չեմ աշխատում, որովհետեւ ինձ ժամանակին հեռացրել են բոլոր աշխատանքներից՝ կինոստուդիայի տնօրենի պաշտոնից՝ լուծարելով կինոստուդիան, հեռացրել են համալսարանից, Սլավոնական համալսարանից: Ինձ արգելել են որեւէ տեղ աշխատել: Մարդիկ, որոնք գրանցված են որպես ոչ մի տեղ չաշխատող, իրականում աշխատում են: Ունենք, օրինակ, օպերային երգչուհի, որը հաստիքով չէ: Կարելի՞ է ասել, որ նա չի աշխատում, իհարկե՝ ոչ: Ովքեր չունեն ԱՁ, աշխատում են որպես բանվորներ տաքսու վարորդներ եւ այլն:
Մեր երկրում իրականում չկան չաշխատող մարդիկ, պարզապես հարկային քաղաքականությունը թերի է, եւ թվում է, թե պարապ մարդկանց հասարակություն է: Կարելի՞ է ասել, որ ես չեմ աշխատում, երեւի՝ այո, կարելի է ասել, որ չեմ ստեղծում հասարակական արժեք, երեւի՝ ոչ, որովհետեւ ես իմ ֆիլմերով, աշխատանքով փորձում եմ արժեք ստեղծել: Ես 20 ֆիլմերի հեղինակ եմ, բայց միեւնույն ժամանակ համարվում եմ ոչ մի տեղ չաշխատող, որովհետեւ չեմ մտել այդ համակարգի մեջ եւ համապատախանել ստեղծված կարծրատիպերին»:
Կարդացեք նաև
Տիգրան Խզմալյանին հարցրինք՝ ինչպե՞ս է դերասան Հովհաննես Ազոյանը հայտնվել իրենց ցուցակում: «Նա եկել է իր թիմով, իր հետ նաեւ Լեւոն Հունանյանն է՝ իր պրոդյուսերը: Իրենք ունեն պրոդյուսերական կենտրոն, զբաղված են ազատ ձեռներեցությամբ: Նրանք դիմել են մեզ կուսակցության անդամ դառնալու խնդրանքով, բնականաբար մենք բաց ենք բոլորի համար, եւ այժմ հանդես են գալիս որպես կուսակցության անդամներ: Ինչո՞ւ ընդգրկեցինք, որովհետեւ իրենք ցանկություն հայտնեցին զբաղվել հասարակական գործունեությամբ:
Գաղտնիք չէ, որ շատերը ցուցակներից հետո դուրս են գալիս, բայց օրինակ, Լեւոն Հունանյանը՝ Հովհաննես Ազոյանի պրոդյուսերը, հենց այդ նպատակով էլ եկել է, որ ավագանի աշխատի: Մենք ունենք մեր կորիզը, որը պատրաստվում է հենց ավագանիում աշխատել, ունենք ծրագրեր, ուզում ենք վերահսկել տենդերները, թե ինչպես է աշխատում քաղաքը: Ուզում ենք վերահսկելի ու թափանցիկ դարձնել քաղաքապետարանի աշխատանքը, այնպես որ Ազոյանի թիմը այդ նպատակով է եկել»:
Ի դեպ, Հովհաննես Ազոյանն ասաց, որ առաջիկայում պատրաստ է պատասխանել Aravot.am-ի հարցերին, բայց ոչ հեռախոսով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից