Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախն ինքնորոշվել է՝ հենվելով ինչպես խորհրդային, այնպես էլ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման սկզբունքների և նորմերի վրա: Պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին համապատասխան՝ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո չճանաչված անկախ պետություն է։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու հայի իրավունքը բացարձակ արժեքներ են:
Հայրենակիցնե՛ր, սկսած 1988 թ. աշխարհասփյուռ հայ ժողովուրդը արել է հնարավորինս Արցախի պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար: Արդյունքում՝ կայացած Արցախի Հանրապետությունը հայության հպարտությունն է:
2020թ. նոյեմբերի 9-ից հետո և հատկապես շրջափակման պայմաններում արցախցիները դրսևորել են պետականության պահպանման բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, ցուցաբերելով դժվարությունները հաղթահարելու կամք և տոկունություն։
Ստեղծված ծանր իրավիճակում թշնամին նպատակադրվել է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, կլանել Արցախը, բռնի կերպով հպատակեցնել արցախցիներին, իրականացնել էթնիկ զտումներ:
Կարդացեք նաև
Այն, որ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակում պետականության դեմ ուղղված սպառնալիքը կարող է պայմանավորված լինել նաև ներքին հակասություններով, թշնամանքով և պառակտումով, անթույլատրելի են և դրանք շատ արագ կտանեն պետության հիմքերի քայքայման ու ինքնաոչնչացման: Ստեղծված ծանր իրավիճակում ոչ թե ներքին հակասությունների, անգամ արդարացի պահանջների լուծմամբ պետք է զբաղվել, այլ պետք է լինեն նպատակաուղղված գործողություններ հայ ժողովրդի միասնականությամբ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման իրավունքի իրացման համար:
Հորդորում ենք բոլորին՝ պետական այրերին, քաղաքական, հասարակական ու ռազմական գործիչներին, լինել զգոն, հանդուրժող և ունեցած գիտելիքները, փորձը, ամբողջ ներուժը ծառայեցնել միայն ու միայն ինքնորոշման իրավունքի իրացմանը:
««Արցախ» հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպություն