Լրահոս
Օրվա լրահոսը

Համատիրությունները պետք է վերացվեն. «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարբերվող թեզը Երևանի ավագանու ընտրություններին

Օգոստոս 23,2023 15:29

Մեր քարոզարշավն իրականացնելու ենք այս տրամաբանության մեջ, լսելու ենք մարդկանց տեղային խնդիրները և առաջարկելու ենք դրանց համակարգային լուծումները: Այս մասին այսօր տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ նախընտրական քարոզարշավը «Բյուրեղ» թաղամասից մեկնարկելով, ուր նա՝ իր մի քանի կողմնակիցների հետ գնացել էր հանդիպելու հնաբնակ այն բնակիչների հետ, որոնք խնդիրներ ունեն կառուցապատող ընկերության հետ:

«Ավագանու անդամ լինելով, տարիներ շարունակ նույն կերպ աշխատել եմ և մենք որոշել ենք, որ քարոզարշավը ևս օգտագործենք՝ լսելու մարդկանց խնդիրները, բարձրաձայնելու և ընտրություններին մեր քաղաքացիների աջակցությամբ լուծումներ տալու դրանց »,-նշեց Դավիթ Խաժակյանը:

Դիտարկմանն ի պատասխան, թե կառուցապատողը օրինական գործունեություն է իրականացնում, սակայն բնակիչների հետ, միևնույն է խնդիրներ կան, այնպիսին, ինչպիսիք կան մյուս համայնքներում ՝ Խաժակյանը նկատեց. «Այո, Երևանում գոնե վերջին 5 տարիների ընթացքում բազմահարկ շենքերն առանց շինթույլտվության չեն կառուցվում, խնդիրն այլ տեղ է, որ քաղաքում շարունակում է իրականացվել հախուռն շինարարություն, առանց հաշվի առնելու տեղի ենթակառուցվածքները և հնարավորությունները: Այս պարագայում, երբ առկա է դպրոց, սեփական տների թաղամաս՝ երկու կողմից և մեջտեղում բազմահարկ բնակելի համալիր, շատ լավ է, երբ կառուցապատում իրականացվում է և վերակառուցվում է թաղամաս, բայց դա ամբողջական իրականացնելու համար այստեղ ապրող բնակիչները չպետք է տուժեն, պետք է իրականացվի համապատասխան իրացում, որը պետք է լինի քաղաքապետարանի պահանջը: Քաղաքապետարանը պետք է կառուցապատողին ասի, դու պետք է ձեռք բերես այս հողատարածքը, հակառակ դեպքում՝ բնակիչների հետ ունենալու ես խնդիր, երբ սեփական տան պատին կիպ-կպած բազմահարկ շենք կարող է կառուցվել և անգամ հակահրդեհային նվազագույն պայմանները չպահպանվեն: Ես կողմ եմ նման թաղամասերի կառուցմանը, եթե տեղի բնակիչների խնդիրները ևս հաշվի են առնվում և դա պետք է իրականացվի քաղաքային պլանավորման տրամաբանության մեջ՝ շինթույլտվությունը տրամադրելիս»:

Նա որևէ քաղաքական ենթատեքստ չտվեց այն փաստին, որ կառուցապատող «Ջերմուկ» գրուպի սեփականատերը նախկին ՀՀԿ-ական է, նրա որդին Ջերմուկի համայնքապետն է, «Բյուրեղ» թաղամասում էլ այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ բնակարաններ են ձեռքբերել: Նա կարծում է, որ այս պարագայում պետք է տեղի բնակիչներին հասցված վնասն արդարացի կերպով փոխհատուցվի:

Ինչպես օրեր առաջ քարոզարշավի նպատակով կազմակերպված դրամահավաքին, այնպես էլ այսօր Դավիթ Խաժակյանը կրկնեց, որ բարձր է գնահատում իր մրցակիցներին, ծանոթ է նրանց ծրագրերին : Շանսերի մասով, հավելեց, թե բնակիչներն են ընտրությունների ժամանակ գնահատելու, թե որ քաղաքական ուժի ծրագիրն է իրատեսական ու բխում երևանցու շահերից: Նա վստահեցրեց, թե իրենցից բացի՝ որևէ այլ ուժ իր ծրագրում համատիրությունների խնդիրը չի բարձրացրել, իսկ իրենք հստակ ասում են, թե համատիրությունները պետք է վերացվեն, հավաքագրվող 4 մլրդ. դրամը պետք է ուղղվի բազմահարկ շենքերի բարեկարգմանը, քանի որ այդ գումարների 70-80 տոկոսը գնում են համատիրությունների վարչական ծախսերին:

Նա չհերքեց և չհաստատեց ընտրություններին որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու հնարավորությունը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031