Օգոստոսի 22-ին Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Գյումրու շուրջօրյա կենտրոնում Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Մասանորի Ֆուկուշիման և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրեցին դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի 66 137 ԱՄՆ դոլար կհատկացվի խնամքի կենտրոնի վերանորոգման և կահավորման համար։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետի տեղակալ Վահագն Մկրտչյանը:
Դրամաշնորհի միջոցով կվերանորոգվի 2-րդ հարկի միջանցքը, կկահավորվի 2-րդ մասնաշենքի 10 սենյակ, որոնք կհարմարեցվեն տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀԿԽԸ-ին պատվիրակվել է 2020 թվականից՝ նպատակ ունենալով կենտրոնում մինչև 160 խնամվող անձանց համար ապահովել կացության բարենպաստ միջավայր՝ տրամադրելով պատշաճ խնամք, որակյալ սնունդ, համապատասխան առողջապահական, սոցիալ-հոգեբանական և այլ անհրաժեշտ ծառայություններ:
Ավստրիական զարգացման համագործակցության, Ավստրիական, Իտալական, Ճապոնական և Շվեյցարական Կարմիր խաչերի, ԿԽՄՖ ֆինանսական աջակցությամբ մինչ օրս իրականացվել են հետևյալ բարեփոխումները․
- վերանորոգվել, կահավորվել, տեխնիկապես հագեցվել և բնակեցվել է առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետ բնակության և կոմունալ կենցաղային կարիքները հոգալու համար: Բոլոր բնակելի մասնաշենքերը ապահովվել են տաք ջրով: Ամբողջությամբ ավարտվել է առաջին հարկի միջանցքի և դահլիճի վերանորոգումը, ինչպես նաև ստեղծվել է 16 անկողնային հիվանդների համար հարմարեցված մասնաշենքը, որը կահավորվել է համապատասխան գույքով և տեխնիկայով։
- վերանորոգվել և տեխնիկապես հագեցվել է խոհանոցը, ընդլայնվել և կահավորվել ճաշասենյակը, բարելավվել է սննդակարգը, բարեկարգվել է փոքր այգին, ինչպես նաև հիմնվել է սոցիալական ակտիվությունների համար նախատեսված սենյակ։
- Աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացման նպատակով կազմակերպվել են դասընթացներ, որոնց նպատակն է բարելավել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակիցների մասնագիտական կարողությունները, տրամադրել գիտելիքներ՝ տարեցներին տրամադրվող խնամքի, առաջին օգնության, սոցիալ-հոգեբանական ծառայությունների նոր մոտեցումների և մեթոդների վերաբերյալ։
- 25 կամավորներ, մասնագիտական անձնակազմի հետ համագործակցությամբ, ամենօրյա աջակցություն են ցուցաբերում ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի խնամքի թիմին և շահառուներին՝ հաղորդակցվելու, ընթերցանության և կենցաղային հարցերում: Խնամքի կենտրոնում ձևավորված Ակտիվ երկարակեցության խմբերին տրամադրվում են փոքր դրամաշնորհներ՝ իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:
Կենտրոնի հիմնանորոգման, կահավորման, տեխնիկական հագեցման, կենցաղային պայմանների բարելավման և խնամքի որակի բարձրացման նպատակով 2020 թվականից մինչ օրս ներդրվել է մոտ 328 միլիոն ՀՀ դրամ։
Կարդացեք նաև
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն