Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունը հերթական միլիարդն է ստացել պետությունից. «Հետք»

Օգոստոս 23,2023 13:55

«Հետք». Պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Դավիթ Սեդրակյանի գործերն այնքան էլ վատ չեն ընթանում․ միայն 2023 թվականի ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման տարբեր մարմիններ ընդհանուր 1 մլրդ 335 միլիոն դրամի գնում են կատարել Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։

Այդ ընկերության հետ այս տարվա ընթացքում կնքվել է 4 պայմանագիր, որոնցից 2-ը` Երևանի քաղաքապետարանը, 1-ը՝ Վաղարշապատի համայնքապետարանը, 1-ն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունը։

«Բիդեք» ՍՊԸ-ն ամենախոշոր պատվերը ստացել է Վաղարշապատի համայնքապետարանից։ Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 18-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերությունը 725 միլիարդ դրամի դիմաց պարտավորվել է կատարել Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ կնքած պայմանագրի արժեքն էլ կազմել է 432 միլիոն դրամ, որի դիմաց «Բիդեք» ՍՊԸ-ն պետք է հիմնանորոգի Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանը։ Այդ պայմանագիրը կնքվել է տարեսկզբին՝ 2023թ․ հունվարի 24-ին։

Այս տարվա մյուս երկու պայմանագրերի պատվիրատուն եղել է Երևանի քաղաքապետարանը։ Հունիսի 30-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ն 120 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է բարեկարգել Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 23 մանկապարտեզի բակը։ Քաղաքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև մարտի 1-ին կնքված պայմանագրով էլ ընկերությունը կատարել է Երևանի կենդանաբանական այգու էլեկտրական ներքին ցանցի բարելավման աշխատանքներ, որի համար ստացել է 58 մլն դրամ։

Հիշեցնենք՝ նախորդ տարիներին ևս «Բիդեք» ՍՊԸ-ն խոշոր պատվերներ է ստացել պետական տարբեր գերատեսչություններից։ Օրինակ՝ 2022 թվականին 2,6 միլիարդի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության կոմիտեն՝ Երևանի պետական կոնսերվատորիայի վերանորոգման աշխատանքների համար։ Այդ մասին «Հետքը» նախկինում հրապարակումներ ունեցել է։

Տրդատ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Նկարը՝ Արեն Նազարյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031