Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները ազդեցին, որ 9-ը ամիս է՝ 120 հազար հայ Արցախում սովի է ենթարկվում»․ Արա Աբրահամյան

Օգոստոս 23,2023 13:47

«Վերջին հինգ տարում սփյուռքը բաժանված ու քայքայված է։ Այսօր սփյուռք գոյություն չունի ոչ միայն ՌԴ-ում, այլև բոլոր տեղերում։ Կապը խզվել է։ Մի հզոր ուժից ՀՀ-ն զրկվել է»,- դիտարկմանը՝ ՀՀ-սփյուռք հարաբերություններում որոշ կնճիռներ կան և հարցին՝ ո՞նց եք գնահատում ՀՀ-սփյուռք հարաբերությունները վերջին հինգ տարում, «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն անբավարար է սփյուռքի նկատմամբ․ «Եթե վերցնենք Փաշինյանի հայտարարությունները, կարող եմ թվել երեսուն կետ, որոնք ասել է, և դրանցից ոչ մեկը չի կատարվել։ Հակառակը, վերջին հինգ տարվա ընթացքում ի՞նչ է արել Ռուսաստանի հայերի միությունը և եթե համեմատենք, թե ինչ միջոցառումներ էինք անում Հայաստանում վերջին տասը տարում։ Տասնյակ միջոցառումներ էինք անում միայն պետության հետ, կար ԱԳՆ, սփյուռքի նախարարություն, որոնց հետ աշխատում էինք։ Գոնե ինչ-որ կապ կար, հույս կար, որ ամեն բան էլ ավելի լավ կլինի։ Ցավոք, միշտ բոլոր երեք նախագահներն էլ իրենց բացասական կողմերն ունեցել են։ Բայց մենք այսօր պետք է Սփյուռք-Հայաստան ոչ թե իրար մեղադրենք, այլ միասին աշխատենք։ Ոչ թե ոչնչացնենք իրար, այլ բացատրենք, որ էդ սխալը այլևս թույլ չտան։ Փորձում են ինչ-որ մարդկանց հետ միջոցառումներ անել, որոնք ոչ մի կապ չունեն, պատկերացում չունեմ։ Սա ցավով եմ ասում։ Ցավալի է, որ սփյուռքի ուժը չի օգտագործվում»։

Ըստ Արա Աբրահամյանի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցածն անարդյունք էր․ «Կարճ եթե ասենք, եթե մենք բերք չստանանք, ուրեմն անարդյունք է։ Ոչ պատժամիջոցներ, ոչ բանաձև ընդունվեց, ոչ մի պետություն չհայտարարեց պատժամիջոցների մասին, ոչ մեկը չխոսեց այսօր Արցախի ժողովրդի կարգավիճակի մասին։ Ոչ մեկը չբացատրեց, չասաց, որ, օրինակ՝ Նախիջևանում 67 տոկոս հայ էր ապրում, այսօր հայկական գերեզմանաքար այնտեղ չկա, այդպես էլ հարյուրավոր գյուղեր»։

Արա Աբրահամյանը նաև քննադատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունների համար․ «Եթե նման հայտարարություն ես ուզում անել, պետք է խորհրդակցես փորձագետների հետ, գիտական ժողով հրավիրես, աշխարհի հեղինակավոր մարդկանց լսես, սփյուռքում մեր հայերին։ Ես, օրինակ, ստեղծել եմ Ռուսաստանի հայերի միության Բարեկամների խումբ, որտեղ ընդգրկված են նահանգապետեր, քաղաքապետեր, արտաքին ու ներքին քաղաքականությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ։ Գնում, նրանց ասում եմ՝ խնդիրներ ունենք, փորձում ենք խնդիրները լուծել»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարություններն ինչպե՞ս ազդեցին հայ-ռուսական հարաբերությունների վրա, Արա Աբրահամյանը պատասխանեց․ «Ազդել է, որ 9-ը ամիս է 120 հազար հայ՝ Արցախի ժողովուրդը, սովի է ենթարկվում։ Չեմ կարող հասկանալ՝ տարածքային ամբողջականություն ճանաչելու մրցո՞ւյթ է։ Պիտի հասկանաս՝ այս մարդկանց իրավիճակը ո՞նց է լինելու։ Չկա ոչ կարգավիճակ, ոչ էլ փոքր լույս կա իրենց անվտանգության համար։ ՄԱԿ-ում դնում ես անվտանգության խնդիր, որը ոչ մի բանով չի վերջանում։ Այդ հայտարարությունը շատ վատ է ազդում։ Այսօր հայ-ռուսական հարաբերությունները մենք զգում են մեր հայության վրա, իրենք էլ մեզ հետ են սկսում ուրիշ ձևով վարվել։ Ճանապարհն ունենք։ Հնարավոր է ուղղել։ Սա ամենավատ սցենարն է, որ կա»։

ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին՝ եթե զիջումների չգնանք, ուրեմն պատերազմ կլինի, Արա Աբրահամյանն այսպես արձագանքեց․ «Ժողովրդին ասում են՝ եթե հանկարծ չլինեն զիջումներ, պատերազմ է լինելու։ Ճիշտ չեն ասում, իրենք են բերում պատերազմը։ Ասում են՝ Ղարաբաղը տանք, խաղաղություն կլինի։ Հակառակը, մտնում են Արցախ, մարդկանց գողանում են, ասում են՝ դու կռվել ես մեր դեմ։ Այսինքն՝ պոտենցիալ այդ 120 հազար մարդն իրենց դեմ են կռվել, ամեն մեկին էլ կարող են ասել՝ պետք է բանտում նստես։ Ոչ մի իրավունք չկա»։

Արա Աբրահամյանն ասաց, որ իր հետ Հայաստան են եկել տարբեր երկրներից գործարարներ ու նշեց․ «Ինձ հարցնում են՝ որ բերում ես, ի՞նչ է լինում։ Ժողովուրդ ջան, ինչ որ լինում է, այս պետության մոտեցումից է կախված։ Եթե պայմաններ չեն ստեղծում, ի՞նչ կարող է լինել»։

Խոսելով Երևանի ավագանու ընտրություններից՝ Արա Աբրահամյանը մտահոգություն հայտնեց՝ 300 հազար հայ բոլորը զրկված են ընտրելու իրավունքից․ «Կամ անձնագիրը մի տվեք, կամ այդ մարդկանց իրավունքները պահպանեք»։

Ըստ նրա՝ Երևանի ավագանու ընտրությունները նաև քաղաքական են․ «Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է իրենց կարծիքն ասեն Արցախի վերաբերյալ, ներքին քաղաքական բոլոր հարցերի պատասխանները պիտի իրենք ունենան։ Երևանում ՀՀ-ի բնակչության 40 տոկոսն է, եթե ոչ ավելի»։

Լրագրողների հիշեցմանը՝ ասում եք, որ ՌԴ իշխանության ներսում, ԱԳՆ-ում, Կրեմլում կապեր ունեք և հարցին՝ ի՞նչ են խոսում այնտեղ Արցախի շրջափակման հետ կապված, մասնավորապես ռուս խաղաղապահների դերակատարության հարցով ի՞նչ մոտեցում կա, Արա Աբրահամյանը պատասխանեց․ «Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ամենացածր մակարդակում են։ Այսօր չունենք այլընտրանք։ Եթե դու, ՀՀ վարչապետ, գիտես, որ մենք գնանք Ամերիկա, նրանք կամ եվրոպացիները կամ Հոնդուրասը օրինակ, կապահովեն մեր անվտանգությունը, Ադրբեջանը չի ունենա իրավունք մտնել մեր սահման, մեր սոցիալական խնդիրները կլուծի, գազ կտա, ցորեն, սահմանը կպահի, բա ինչո՞ւ ես մինչև հիմա մեզ թողել ՌԴ-ում։ Այսօր Ռուսաստանին այլընտրանք չկա։ Եթե Թուրքիան է, ասեք, էս ի՞նչ նոր հույս է առաջացել։ Ես դեմ չեմ որևէ մեկին, ամենախաղաղասեր մարդկանցից եմ, բայց չեմ ուզում, որ ժողովրդին կոտորեն։ Գիտեք՝ ռուսները չեն հասկանո՞ւմ հակառուսական քաղաքականությունը։ Դուրս է գալիս, որ մենք դարձել ենք կռվախնձորի նման մի բան, տուժողը մենք ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031