«Ազատագրելով Երեւանը՝ մենք պետք է ազատագրենք մեր երկու հանրապետությունները»,- «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի իրազեկման երթի ժամանակ հայտարարեց դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Նա պնդում է, որ Երեւանի Ավան թաղամասում եւ Աջափնյակ թաղամասին հարակից տարածքում կառուցվող երկու նոր բնակելի թաղամասերը նախատեսված են 600 հազար, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ «կովկասյան թաթարների» համար, որոնք իրականում թուրքեր են:
Երթի ընթացքում դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը զրույցի բռնվեց երթը հսկող բարձրաստիճան ոստիկաններից մեկի հետ՝ հետաքրքրվելով՝ իր կարծիքով Արցախն Ադրբեջա՞ն է: Փոխգնդապետի կոչումով ոստիկանը պատասխանեց, որ ինքն իր ծառայողական պարտականություններն է կատարում, քաղաքական հարցերի էլ չի պատասխանում. «Մի շահարկեք, ես եկել եմ, որ ձեր երթը կազմակերպեմ»:
Անդրանիկ Թեւանյանը պնդեց իր հարցը՝ նկատելով, որ իբրեւ ուսադիր կրող, փոխգնդապետի խնդիրն է պետությանը ծառայել, ոչ թե իշխանական խմբին: Փոխգնդապետը հեռացավ:
Կարդացեք նաև
Անդրանիկ Թեւանյանն արձանագրեց, որ փոխգնդապետի ուսադիրներ կրող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը խուսափում է պատասխանել հարցին՝ Արցախը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական. «Սա նշանակում է, որ մենք ներսում ունենք խնդիր եւ նախեւառաջ ներսում պետք է լուծենք այս խնդիրները: Ոստիկանը, որը կրում է ուսադիրներ, պետք է ծառայի ՀՀ-ին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությանը: Մենք այս ամեն ինչը պետք է սրբենք, մաքրենք եւ ծառայեցնենք պետական համակարգերը պետությանը, ոչ թե մեկ անձի»:
Երթի ընթացքում Անդրանիկ Թեւանյանը նույն հարցի պատասխանը փորձում էր ստանալ նաեւ երթը հսկող մյուս ոչ բարձրաստիճան ոստիկաններից:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Իրազեկման երթի ընթացքում Անդրանիկ Թեւանյանը զրույցի էր բռնվում քաղաքացիների հետ՝ ճշտելով նրանց կարծիքը՝ համամի՞տ են Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ Արցախն Ադրբեջանի մաս է եւ դիտարկո՞ւմ են Երեւանի ավագանու ընտրությունները իբրեւ Հայաստանում ամբողջական իշխանափոխության հնարավորություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ