…Ու մինչ մի կողմում՝ 21-րդ դարի ամենաարյունարբու բռնապետերից մեկի՝ Իլհամ Ալիևի ցեղասպան բռունցքի տակ վերակենդանացման բաժանմունքի վերածված Արցախն է, որի 120 հազար բնակիչներն իրենց պատմական բնօրրանում բռնափակված՝ ոտքի վրա մնալու վերջին ճիգերով կռիվ են տալիս սովամահության դեմ… Այս կողմում՝ պետական ու ազգային ինքնության շեմին մարմրող Հայաստանն է՝ իր Հաղթանակներն ու Անկախությունը դաժանորեն մսխած երեսունամյա իշխանություններով ու անմիաբան հասարակությամբ։
Խոսում են բոլորը, ասելիք ունեցող, չունեցող՝ բոլորը։ Փակ բերան չկա։ Համացանցը ողողված է իրար նկատմամբ անվստահությամբ, մեղադրանքներով, զրպարտանքով, ստով, չարախոսությամբ և…
Արցախի մոտալուտ անկման վտանգին հանդիման՝ հայ հավաքական Սփյուռքի լռությամբ։ Մարդկության՝ միմյանց հանդեպ ինքնակործան չարությունն ու ատելությունը, վախը, անտարբերությունը, որոնք ակտիվ դրսևորումներ ստացան երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը հայտարարած «Կովիդ 19-ով», իրենց ամբողջ խտությամբ ասես շարունակվում են այս պահին Արցախի ողբերգությանն ականատես Հայաստանում, Երևանում։
… Քաղաքը խցանած ռեստորաններում ու զվարճանքի այլ վայրերում լեփ-լեցուն բիոլոգիական խրախճացողներին լրացնում են «նախկինների» ու «ներկաների» միջև «համերաշխորեն բաժանած» հասարակության տարաբնույթ խմբերը, կառույցները, անհասկանալի ծագումով կազմակերպությունները և բազմացող կուսակցություններն՝ իրենց լրատվամիջոցներով ու քարոզիչներով։ Եվ բոլորը, իմացաբար, թե անիմա, ելած իրար դեմ՝ շարունակում են մի մասը պաշտպանել «նախկիններին», մյուսը՝ «ներկաներին», մի մասը՝ Ռուսաստանին, մյուսը՝ Ամերիկային ու Արևմուտքին…այսպես շարունակ։
Կարդացեք նաև
Եվ, ամենօրյա իրադարձային լրատվության ու տարաձայն մեկնաբանությունների աղմուկ-աղաղակի մեջ, կրկնվում, պտտվում են իրենք իրենց շուրջ՝ թշնամու քմահաճույքին և օտարների բարեգթությանը թողած պաշտպանության կարիք ունեցող միակ Անպաշտպանին՝ կրկին «որբ ու արնավառ», կրկին «ողբի ու որբի հայրենիք» Հայաստանը՝ ափի մեջ սովամահվող Արցախը։
Մինչդեռ, այս նույն ժամանակ, Հայաստանի վարչապետը գերհզոր պաշտպանվածությամբ ծվարել է կառավարության շենքի իր թաքստոցում, իսկ Արցախի ու Հայաստանի նախկին «հերոս» նախագահները՝ Հայաստանի՝ իրենց իսկ ձեռքով փորած խոր փոսում և… լուռ սպասում են…
«Ապերախտ ժողովուրդ»,- Նժդեհի՝ ժողովրդին գրած նամակի վերջին բառերն են։
Հանճարը, ով իր գլուխը դրել էր Հայաստանի և հայ ժողովրդի Անկախության, Պետականության կերտման զոհասեղանին՝ նրան կոչեց «Ապերախտ»։ Ապերախտ՝ ինքն իր հաղթանակների հանդեպ, իր կերտած Պետականության և Անկախության հանդեպ, ապերախտ՝ Հայրենիքի կողմից պաշտպանված լինու հանդեպ…
Հայոց կենաց ծառը՝ ճյուղավորված մայր հողում ու մեր երակներում, սնուցելով մեզ ու սնուցվելով մեզնից՝ դարերի ընթացքում փարթամանալու փոխարեն հիվանդացավ։ Արդյոք այն պատճառով, որ նրան սնուցողները եղան եզակի՝ ոգեղեն անհատներ, նրանից սնուցվողները անհամար՝ սպառող, մաշող, անգետ ապերախտներ։
Այս չէ՞ր պատճառը, որ Դարերով երազած մեր Անկախության թագը, երեսուն տարվա ընթացքում, նույն ապերախտների ձեռքով վերածվեց մեր հպարտ ճակատն արյունող «փշե պսակի»։
Ի՞նչ է սպասվում Հայաստանին «խաղաղության պայմանագիր» «սև թուղթը» ստորագրելուց հետո։
Շարունակելի
Անահիտ ՔՆԱՐՅԱՆ