«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին հայտարարեց. «Երեւանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան այս անգամ է: Երբեք այսքան համահայկական չեն եղել»:
Նա հորդորեց երեւանցիներին անպայման գնալ ընտրությունների. «Ես 45 տարեկան եմ եւ իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս սեղանին, որովհետեւ համոզված եմ, թե որքան ճակատագրական է դա, նվիրում ու ջանք չենք խնայելու մեր սիրելի երեւանցիներին բացատրելու դա: Ես պատրաստ եմ իմ կյանքի հաջորդ 10 տարիներին նվիրել իմ երկրին անմնացորդ: Այսպես է միայն հնարավոր փոխել ապագան, այլ կերպ երազանքը չիրականացված պաթոսի կվերածվի, իսկ մենք գիտենք երազանքն ինչպես իրականության վերածենք»:
Նա ասաց, որ ծանր բեռ է գնալ դռնից դուռ, բակից բակ, բացատրել հանրությանը, թե ինչու է այսքան կարեւոր այս ընտրությունը, ինչպես է Երեւանում ընտրություններով փոփոխություն բերած նոր իշխանությունը բեկելու այս սրընթաց քանդվող ընթացքը, ինչպես է արտաքին ազդակ գնալու Երեւանից, որ մենք համաձայն չենք այն քաղաքականության հետ, որը որդեգրել են այսօրվա իշխանությունները. «Պատասխանատվությունը մեծ է քաղաքական ընթացքը փոխելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ