Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ապրես, իմ Երեւան». Մեկնարկեց «Ապրելու երկրի» քարոզարշավը՝ խոստանալով իշխանազրկել ու անկախության պատին ամեն օր նոր քար դնել

Օգոստոս 23,2023 11:27

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանն այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին հայտարարեց. «Այս օրը պատահական չէ, մեր թիմը պատրաստ է առաջիկա ընտրություններին տանելով հաղթանակ՝ ուժեղացնել Հայաստանը եւ Արցախը: Երեւանում իրականացվող փոփոխությունները տարածվելու են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի եւ համայն հայության վրա: Տարբեր բակերում ներկայացնելով մեր ծրագրերը՝ ցույց ենք տալու, թե ոնց ենք փոխելու իրավիճակը»:

«Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լեւոն Օհանյանն ասաց. «Պետք է փոխենք ապագան, մեզ պետք չէ այն ապագան, այն իրականությունը, որը վրա է հասնելու, եթե մենք ոչինչ չանենք: Մենք այսօրվանից կպնում ենք գործի, աշխատելու ենք ու անելու ենք հնարավորինս, որ իշխանազրկենք»:


Թեկնածու Մերի Պողոսյանն ասաց. «Ասում են՝ հարցրեք մարդուն իր երազանքների մասին եւ կիմանաք՝ ով է նա: Ես պատիվ ունեմ այսօր այստեղից ասելու՝ ես հպարտ եմ, որովհետեւ հայ եմ: Հայ լինելն իրականում շատ դժվար է: Ինչպես Արթուր Մեսչյանն է ասում՝ հեշտ է լինել ամերիկացի, եվրոպացի, որովհետեւ դա մեծ պատասխանատվություն է: Եթե ես պիտի այլ ազգ ծնվեի, ավելի լավ է չծնվեի»: Նա հորդորեց երեւանցիներին, որ տեր կանգնեն եւ իրավասու լինեն իրենց գոյության առաքելությանը:


Թեկնածու Տիգրան Սահակյանն ասաց, որ ջանք ու եռանդ են ներդրել, որ ամենաարժանապատիվ նախընտրական քարոզարշավն իրականացնեն, որովհետեւ ունեցել են հավատ հաղթանակի նկատմամբ. «Մեր հաղթանակն այլընտրանք չունի: Մեր հաղթանակն առաջին հերթին պետք է Արցախին, հետո Երեւանին: Մենք պետք է կանգնեցնենք պարտությունների այս ամբողջ շղթան: Մեր հաղթանակով շատ բան է փոխվելու, մարդիկ նոր հույս են ստանալու, փոխվելու է մեր կյանքի որակը: 24 օր թակելու ենք դռներ, խոսելու ենք երեւանցիների հետ: Քաղաքացիները, լսելով մեր իրատեսական գաղափարները, հավատալու են մեզ, տեսնելու են մեր վճռականությունը եւ հաղթանակն ապահոված է լինելու»:

Այսօր Տիգրան Սահակյանի դստեր ծննդյան տոնն էր ու հարթակից շնորհավորելով նրան՝ խոստացավ, որ Երեւանը լինելու է նրա ու իր ընկերների ամենալավ, ամենանվիրական տեղը:

Թեկնածու Աշոտ Աղաբաբյանն էլ նշեց. «Երբ Հայաստանն ու Արցախը անկախություն ստացավ, 4 տարի պատերազմի մեջ էր: Երբ ստորագրվեց զինադադարի պայմանագիր, 26 տարի խաղաղություն էր՝ չհաշված քառօրյա պատերազմը: Արցախի եւ Հայաստանի նման երկրների համար խաղաղությունը միայն մի բանի համար է՝ պատրաստվել նոր պատերազմի: Եթե մենք դա հասկանանք, պատերազմ չի լինի: Եթե ոչ՝ անկախությունը վտանգի տակ կհայտնվի: 26 տարի մենք ի՞նչ արեցինք: Ի՞նչ ենք մենք արել մեր անկախության համար: Հռչակագիրը մի բան է, անկախությունը պահպանելը՝ այլ բան: Հավերժ սեփականություն չի անկախությունը, դա կադաստրից ստացած սեփականության վկայական չէ, որ դնես բարձիդ տակ ու հանգիստ ապրես, պիտի ամեն օր մի քար դնես ու շաղախես դա: 26 տարի տեսանք ինչ եղավ՝ բանակի բարոյական անկում, Ղարաբաղի առաջնագծում երբեմն մարտական զինվորը, տանկիստը, աշխատում էին որպես անասնապահ: Որոշ գեներալներ, որպես պատերազմի ավար ունեին մեծ քանակի անասնագլխաքանակ, այդպես սկսվեց հյուծվել բարոյական առումով մեր բանակը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, գիտենք ով է մեր թշնամին: Հետո եկան նորերը: Մինչեւ վերջին պատերազմը խոսեցին խաղաղության մասին, բայց մենք գիտենք, որ բռունցք արած ձեռքը չեն սեղմում ու դրա արդյունքը 44 -օրյա պատերազմն էր: Ունենք այն, ինչ ունենք, բայց ի՞նչ ունենք: Երբեմն ասում ենք ամեն ինչ կորսված է, բայց ապագան դեռ մնում է: Հուսով եմ, ձեր ձայնը երբ տաք, անկախության պատին ամեն օր նոր քար կդնենք»:

Քարոզարշավի մեկնարկին հնչեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական երգը՝ «Շատ ապրես, Երեւա՛ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031