Սահմանադրական դատարանը կրկին կասեցրել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները վիճարկել էին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքիսահմանադրականությունը։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք փաստաբան Արամ Օրբելյանի հետ: Նախ հարցրինք, թե ՍԴ-ի կողմից Գլխավոր դատախազությանն ուղղված հարցադրումները, իր կարծիքով, որքանով են առնչվում դիմումի քննությանը, իրականում կարո՞ղ է այդ հարցերի պատասխաններից կախված լինել ՍԴ-ի վերջնական որոշումը, թե՞ ցանկանում են ընդամենը ժամանակ ձգել:
«Սահմանադրական դատարանը կարող է որոշակի հանգամանքներ ուսումնասիրել։ ՍԴ որոշման մեջ, որում այդ հարցադրումներն են արվել, որոշ հարցերի տրամաբանությունն ընկալելի է, որոշ հարցերի տրամաբանությունն այս փուլում ինձ համար պարզ չէ, բայց չեմ էլ կարող բացառել, որ սահմանադրական որեւէ հիպոթեզ ստուգելու համար անհրաժեշտ են նաեւ տեղեկություններ: Ամեն դեպքում, մի բան է խիստ անհանգստացնում, որ փաստացի ժամկետի վերջին օրն են վերսկսել` Վենետիկի հանձնաժողովի որոշումը ստանալուց բավականին երկար ժամանակ հետո կասեցրել են ու դիմել դատախազություն, եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից ստացված դիրքորոշման ու դատախազություն ներկայացրած հարցերի միջեւ էլ օրգանական կապ չեմ տեսնում։ Այսինքն՝ չեմ կարող ասել, որ Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացան, եւ անհրաժեշտություն առաջացավ դիմել դատախազությանը։ Որոշ հարցեր, կարծես, բխում են Վենետիկի հանձնաժողովի որոշումից, օրինակ՝ հանցագործություն հետ կապին վերաբերող հարցը, բայց որոշ հարցեր էլ, կարծես, ուղղակի կապ չունեն, եւ ինքնին ՍԴ-ում քննության ժամկետը բավականին խնդրահարույց եմ դիտում ընդհանրապես պետական եւ հանրային ռեսուրսների կառավարման տեսակետից՝ ի հավելումն սահմանադրականության հարցին: Որովհետեւ այս պահին բազմաթիվ գործեր ներկայացվում են դատարան, այդ գործերի շրջանակներում դատավարական հսկայական աշխատանք է տարվում՝ ե՛ւ դատախազության կողմից, ե՛ւ մասնավոր սեկտորի, եւ դատախազությունը հարցումներ է անում տարբեր պետական մարմինների, հսկայական ծավալի անձնական տվյալներ են մշակվում, այդ թվում՝ նաեւ այդ անձանց կապը համապատասխան ուսումնասիրվող գույքերի հետ այդքան էլ պարզ չի լինում, եւ այդ ընթացքում Սահմանադրական դատարանը բավականին․․․ չասեմ՝ չի շտապում, բայց հնարավորություն ունենալով այդ հարցադրումներն անել ամենասկզբից, ավելի պատասխանատու մոտենալ հարցին… այսինքն՝ ես այստեղ խնդիր եմ տեսնում, գուցե «պատասխանատու» բառը լավ չհնչի։ Այսինքն՝ երբ ի սկզբանե գործը ստացել է զեկուցող դատավորը եւ խորացել է գործի մեջ, հարցադրումներն ամենասկզբնական փուլում պարզ պետք է լինեին, եւ պատասխանը ստանալուց հետո նոր հարցադրումներ կարող էին անել, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։ Այս դեպքում ես տպավորություն ունեմ, որ գործել են «դե թողնենք, վերջում կնայենք» տարբերակով»,- պատասխանեց Օրբելյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: