Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար էր «նախագծված» Երրորդ հանրապետությունը

Օգոստոս 23,2023 10:00

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է՝ մի փաստաթղթի, որի հիման վրա ստեղծվել է Հայաստանի ներկայիս հանրապետությունը: Փաստաթուղթ, որն արտացոլում է 1988 թվականի Արցախյան շարժման պատումները՝ ինչի հետ, կարծես թե, քչերն են վիճում: Բացի այդ, Հռչակագիրն, իմ համոզմամբ, միջնորդավորված ձեւով արտացոլում է նաեւ 1960-70-ական թվականների ազգային զարթոնքի ոգին, հայ քաղաքական միտքն իր «այլախոհական» եւ «թույլատրված» դրսեւորումներով:

Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում են վերանայել Անկախության հռչակագրի այն կետերը, որոնք վերաբերում են Արցախին եւ Հայոց ցեղասպանությանը: Ակնհայտ է, որ այդ պահանջները նրանք դնում են նաեւ Փաշինյանի հետ իրենց հանդիպումների ժամանակ: Ենթադրում եմ, որ Հայաստանի վարչապետը հենց սկզբից՝ վճռականորեն չի մերժում այդ պահանջները: (Նա զայրացկոտ է եւ ագրեսիվ միայն «ներքին թշնամիների» մասին խոսելիս): Այդ ենթադրության օգտին են խոսում Փաշինյանի դատողությունները Մասիս սարի եւ Հայաստանի զինանշանի մասին:

Ինչո՞ւ են մեր թշնամիները պահանջում վերանայել Անկախության հռչակագիրը: Այդ հարցի պատասխանը նույնպես պարզ է: Որովհետեւ նրանք ուզում են, որ Հայաստանի Երրորդ հանրապետությունն այլեւս գոյություն չունենա: Առանց Արցախի, առանց ազգային խորհրդանիշների, առանց պատմական հիշողության այս պետությունը գոյություն չի ունենա: Ի դեմս Հայաստանի ներկայիս իշխանության՝ Թուրքիան տեսնում է փայլուն հնարավորություն՝ Հարավային Կովկասից հայկական պետականությունը վերացնելու: Բնականաբար, ամեն ինչ անելու է՝ այդ շանսը 100 տոկոսով իրականացնելու համար:

Հնարավո՞ր է արդյոք պաշտոնապես «փակել» Երրորդ հանրապետությունը եւ «բացել» Չորրորդը՝ նոր Հռչակագրով եւ Սահմանադրությամբ: Կարծում եմ՝ հնարավոր չէ: Ընդհանրապես հնարավոր չէ պետություն ստեղծել՝ այլ պետությունների նվաստացուցիչ պահանջների հիման վրա, երբ այդ պահանջներն ուղղված են հենց պետության ոչնչացմանը:

Առանց պայքարի պետություն ոչ մի տեղ չի ստեղծվում՝ դա՛ է հուշում այսօր գոյություն ունեցող բոլոր պետությունների պատմությունը: Պայքարել՝ չի նշանակում պարտադիր պատերազմել՝ չնայած դա էլ հնարավոր չէ բացառել: Բայց մեր դեպքում պայքարելը նշանակում է հասկանալ, թե ինչպես է 1990 թվականի  օգոստոսի 23-ին «նախագծվել» մեր պետությունը: Այն «նախագծվել» է որպես մի պետական միավոր, որն ապահովելու է Արցախի մեր հայրենակիցների ազատ եւ անվտանգ կյանքը՝ ադրբեջանական լծից դուրս: Եթե հրաժարվում ես քո այդ գործառույթից, ուրեմն այլեւս պետություն չես:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եղնիկի տեսակի լավագույն ներկայացուցիչներն ապագա ունեն, նրանց ոչ մի գայլ չի հասնի, որ բռնի ու ուտի, գայլի տեսակի լավագույն ներկայացուցիչները ապագա ունեն, որովհետեւ միշտ էլ գտնում են եղնիկի տեսակի ոչ լավագույն ներկայացուցչի, որն իրենից դանդաղ է վազում եւ սոված չի մնում: Բոլոր դեպքերում ապագա ունեն բոլոր տեսակների լավագույն ներկայացուցիչները: Ո՞րն է հայի տեսակի լավագույն ներկայացուցիչը: Երեւանը լքած երեւանցին սփյուռքից վերադառնում է Երեւան, գյուղը լքած գյուղացին Երեւանից վերադառնում է գյուղ, արեւմտահայը վերադառնում է իր պապական հողեր: Սա այն վեկտորներն են, որոնց մենք բոլորս պետք է պատրաստվենք ու հետեւենք: Համաշխարհային տենդենցը՝ պետաքանդությունն է, բոլոր հիվանդ դանդաղ վազող պետությունները մնալու են անցյալում, ապագա են անցնելու միայն բոլոր տեսակների արագ վազողները, որոնք ամեն օր պատրաստվում են, մարզվում են: Տեղաբնիկներն իրենց հողում ամրոցներ են կառուցում եւ զինվում, իսկ քոչվորները թամբում են ձիերն ու գնում փնտրում ծղոտից կամ ճյուղերից թքած կպցրած տեղաբնիկների ամրոցներ եւ իրենց ապագան ապահովում, իսկ քարից ամրոցները շրջանցում են, որովհետեւ անիմաստ զբաղմունք է: Ինչքան շատ լինեն հայի տեսակի լավագույն ներկայացուցիչներն, այնքան հայի ապագան լավ կլինի, դրա համար հայի տեսակի լավագույն ներկայացուցիչները պետք է ժամանակ ու էներգիա չխնայեն համոզեն եւ օգնեն մնացածին դառնալ լավագույն, որ նրանք էլ ապագա ունենան: Իսկական հայը իր քարե ամրոցն ունի եւ զինված ու մարզված ամրոցի ժողովուրդ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031