Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ Երեւանի եւ Բուդապեշտի օպերային թատրոնների համագործակցությունը կհաջողի»

Օգոստոս 23,2023 12:30

Հարցազրույց Հունգարիայի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրենի գլխավոր խորհրդական, Արվեստների պալատի (Müpa) գեղարվեստական խորհրդատու եւ գլխավոր խմբագիր Տամաշ Բատորի հետ

– Պարոն Բատոր, ձեզ մտաբերում ենք շուրջ 15 տարի առաջ Երեւանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ աշխարհահռչակ օպերային երգիչ Բրուզոնի մենահամերգից, որի կազմակերպիչն էիք։ Այս օրերին կրկին մեր երկրում եք, բայց չենք հանդիպում որեւէ ազդագրի, որը հուշում է ձեր անվան հետ կապվող որեւէ արվեստագետի հյուրախաղ։

– Իրավացի եք։ Այս անգամ Երեւանում եմ զուտ անձնական դրդապատճառներով, ինչը, համոզված եմ՝ չի հետաքրքրի ոչ ձեզ, ոչ էլ ձեր ընթերցողներին։

– Ի դեպ, Երեւանում Բրուզոնի փառահեղ մենահամերգից հետո միայն «հայտնաբերեցինք», որ դուք մինչ պրոդյուսերական գործունեություն ծավալելը բավական հարուստ բեմական կյանք եք ունեցել։

– Այո, հանդես եմ եկել բազմաթիվ օպերային թատրոններում եւ համերգասրահներում՝ Փարիզ, Տոկիո, Լոզան, Բարսելոնա, Բրյուսել…, ընդգրկուն երգացանկով՝ բարոկկոյից մինչեւ ժամանակակից ստեղծագործություններ, իտալական օպերաներից մինչեւ գերմանական ու ռուսական։ Բեմ եմ բարձրացել Ելենա Օբրազցովայի, Խոսե Կարերասի, Ռենատո Բրուզոնի, Եվա Մարտոնիի, Ռոմոն Վարգասի, Մարչելլո Ջորդանիի… ընկերակցությամբ, դիրիժորներ Մարչելլո Վիոտտիի, Միխայիլ Յուրովսկիի, Ֆաբիո Լուիսիի եւ այլ անվանիների ղեկավարությամբ։ Իսկ արդեն 2000-ականների սկզբից տարբեր պաշտոններ եմ վարել. հանդիսացել եմ  Միշկոլցի միջազգային օպերային փառատոնի գլխավոր տնօրեն… Հետոն արդեն գիտեք. այսօր Բուդապեշտի Արվեստների պալատում եմ՝ որպես գեղարվեստական խորհրդատու եւ Հունգարիայի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ դարձյալ գեղարվեստական խորհրդատու։

– Փաստորեն, 2020-ից է սկսվում պրոդյուսերի ձեր գործունեությունը։ Կարելի՞ է ենթադրել, որ դուք ճիշտ ժամանակին եք հեռացել մեծ բեմից։

– Հասկանալի է, որ երգչի եւ պրոդյուսերի աշխատանքը, հենց թեկուզ ժամանակի իմաստով՝ հնարավոր չէր համատեղել։ Ես գոհ եմ իմ երգչական կարիերայից։ 1985թ., այն ժամանակաշրջանի համար հեղինակավոր մրցույթներից մեկի՝ Չայկովսկու անվան, մասնակիցն եմ եղել, անցել եմ եզրափակիչ, բայց բասի համար ես շատ երիտասարդ էի, իսկ եզրափակիչ էին անցել  այնպիսի անուններ, ինչպիսիք էին Մարիա Գուլեգինան, Բարսեղ Թումանյանը… Այնտեղ ես ծանոթացա մեծանուն Եվգենի Նեստերենկոյի հետ։ Հետագայում, իհարկե, վարպետության դասերի մասնակցեցի նրա ղեկավարությամբ, համագործակցեցի եւ այլն։  Գիտեք, երգչական կարիերաս չափից ավելի սահուն էր ընթանում, բայց մինչ օրս դժվարանում եմ պատասխանել, թե երբվանից, ինչ պատճառով ինձ սկսեց ձգել պրոդյուսերի աշխատանքը։

– Ռենատո Բրուզոնի երեւանյան համերգից հետո մի առիթով Գեղամ Գրիգորյանը մեզ հայտնել էր, որ «3 տենոր» նախագիծ եք իրականացրել՝ ընդգրկելով նաեւ իրեն…

– Այո, դա շքեղ երեկո էր Գեղամ Գրիգորյանի, Բադրի Մայսուրաձեի եւ Միխայիլ Դավիդովի մասնակցությամբ։ Մինչ օրս ես էլ տպավորված եմ այդ համերգով։ Խոսքերով դժվար է նկարագրել, հանդիսատեսը նրանց վերջին կատարումից հետո մոտ մեկ ժամ չէր լքում դահլիճը…

– Գիտենք, որ ձեր տեսադաշտում հայ օպերային աստղերը մշտապես տեղ ունեն։

– Ոչ միայն օպերային աստղերը։ Օրինակ՝ կազմակերպել եմ սոպրանոներ Կարինե Բաբաջանյանի, Լիանա Հարությունյանի, Մարինե Դեինյանի, տենոր Հովհաննես Այվազյանի եւ մյուսների հյուրախաղերը Եվրոպայում ու Ամերիկայում։ Վերջերս ձեր երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի բեմելն էր Վիեննայում, որը ցուցադրվեց ամերիկյան TV-ով եւ մեծ արձագանք ունեցավ, նշեմ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի ելույթը, որը ոչ միայն փայլուն արվեստագետ է, այլ նաեւ դերասանուհի։ Հավանաբար գիտեք, որ նա տեւական ժամանակահատված է, ինչ իր մենահամերգները զուգահեռում է դերասանական խաղով։ Կազմակերպել եմ մաեստրո Էդուարդ Թոփչյանի եւ իր «Սերենադ»  նվագախմբի եվրոպական հյուրախաղերը…

– Դուք չմանրամասնեցիք Երեւանում այս անգամ, ձեր խոսքով՝ անձնական դրդապատճառներով գտնվելը։ Թեեւ մենք տեղեկացված ենք այդ մասին, բայց հարգելով ձեր որոշումը, չենք հանրայնացնի պատճառը։ Ելնելով դրանից, վստահ կարող ենք ասել, որ սիրում եք մեր երկիրն ու մեր ժողովրդին։

– Դա գալիս է հորիցս՝ Շտեֆան Բատորից։ Նա Բուդապեշտում հայկական եկեղեցու գլխավոր ճարտարապետն է եղել։ Բնականաբար, նա ոչ միայն ուսումնասիրել է հայկական մշակույթը, մասնավորապես՝ ճարտարապետությունը, այլեւ բազմաթիվ հայ ընկերներ է ունեցել, շփվել նրանց հետ։ Մեր ընտանիքում մշտապես դոմինանտել է խոսքուզրույցը հայերի, ձեր պատմության փառահեղ ու տխուր էջերի մասին… Հիմա կուզեի խոսքս շարունակել մաժոր լադում։ Վերջերս ձեր օպերային թատրոնում ներկա գտնվեցի Պուչինիի «Տուրանդոտ»-ի պրեմիերային ներկայացումներից մեկին (ռեժիսոր՝ Վյաչեսլավ Ստարոդուբցեւ, երաժշտական ղեկավար եւ դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան- Ս.Դ.)՝ պարզապես ցնցված եմ։ Իհարկե, այս գլուխգործոցը դիտել եմ բազմաթիվ, այդ թվում՝ հեղինակավոր թատրոններում։ Հավատացեք, բառերով դժվարանում եմ արտահայտել հիացմունքս այն ամենի մասին, ինչի ականատեսը եղա Երեւանում։ Իհարկե, կասկած չունեի երգիչների առումով, բայց նվագախումբը, երգչախումբը, դեկորները, հագուստները, լույսը, կարճ ասած՝ ամեն ինչ շքեղ էր, բարձրակարգ։ Այդ օրը դիրիժորական վահանակի մոտ էր Հարություն Արզումանյանը, մինչդեռ ես գիտեի, թե ներկայացումը ղեկավարելու է մաեստրո Դուրգարյանը, ում ագենտի՝ Էտտորե Վոլենտիերի հետ բարեկամական հարաբերություններ ունեմ եւ նրանից շատ եմ լսել Դուրգարյանի՝ բարձրարվեստ դիրիժոր լինելու մասին։ Ի դեպ, տեղեկացա, որ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելուց հետո վերջերս նշանակվել է թատրոնի տնօրեն։ Ուզում էի շնորհավորել նրան եւ, կարծում եմ, մոտ ապագայում այդ առիթը կունենամ…

– Գուցե մտածում եք Երեւանի եւ Բուդապեշտի թատրոնների միջեւ համագործակցության մասին։

– Դուք կարդացիք իմ միտքը։ Այն տպավորությունը, որ ստացա (նկատի ունի «Տուրանդոտ» ներկայացումը- Ս. Դ.) կփոխանցեմ մեր թատրոնի տնօրենին՝ Սիլվեսթեր Օկովաչին։ Ի դեպ, նա էլ երաժիշտ է, բարիտոն եւ, ինչպես մաեստրո Դուրգարյանը, երկար ամիսներ ժամանակավոր պաշտոնակատար էր։ Վստահ եմ, որ մեր թատրոնների համագործակցությունը կհաջողի, մանավանդ որ՝ վերջին շրջանում Հունգարիայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են։

– Մեզ հետ զրույցում 20-րդ դարի լավագույն դիրիժորների ցանկում ընդգրկված Պավել Կոգանը մտահոգություն էր հայտնել, որ վերջին շրջանում անտեղյակ, անհասկանալի մարդիկ հայտնվում են մշակութային օջախներում որպես տնօրեն ու փորձում են կառավարել դրանք իրենց անհասկանալի գործընթացներով։ Կուզեինք լսել ձեր կարծիքը՝ պարտադի՞ր է մշակութային օջախի տնօրենը լինի արվեստագետ։

– Իմ կարծիքը միանշանակ է. այո։ Տեսեք՝ պարոն Օկովաչը եւ պարոն Դուրգարյանը հանրահայտ դեմքեր են, արվեստագետներ, ունեն միջազգային կապեր, ինչը տնօրենի համար պարզապես պարտադիր է։ Տարբեր նախագծեր, համագործակցություն իրականացնելու համար պետք չէ նրանց ներկայացնել։ Բայց շատ կարեւոր է, որ օպերային թատրոնն ունենա պետական աջակցություն ու հովանավորներ։ Իսկ ցանկացած, նույնիսկ հարուստ երկրի համար, օպերային թատրոնը ճոխություն է։

– Հետաքրքիր է՝ պարոն Օկովաչը միակ թեկնածո՞ւն էր ձեր թատրոնի տնօրենի պաշտոնի համար։

– Ոչ, ինձ էլ առաջարկ եղավ ղեկավարել թատրոնը, բայց ես առանց երկմտելու հրաժարվեցի, որովհետեւ ինձ այլեւս չեմ կարող պատկերացնել առանց պրոդյուսերի աշխատանքի։ Մի բան էլ կուզեի ավելացնել. իմ երկրում լավ են ճանաչում հայերին, հատկապես ձեր մշակույթի միջոցով։ Բուդապեշտի համալսարաններից մեկում գործում է հայագիտության ամբիոն, որի հիմնադիրն ու ղեկավարն է ճանաչված պրոֆեսոր, մեծ հայագետ Բալինտ Կովաչը։ Տարիներ շարունակ մեր համալսարաններն ընդունում են ուսանողներ Հայաստանից։ Կարծում եմ՝ այս մեկ-երկու օրինակը խոսուն փաստ է։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031