Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ-սպիտակ» մտածողությունը եւ ներքին թշնամիների փնտրտուքը

Օգոստոս 23,2023 13:30

Ինչո՞ւ են մարդիկ անհանգիստ, երբ որեւէ մեկին չեն կարողանում «յուրայինի» կամ «օտարի» պիտակ կպցնել

Հասարակությունը եւ ընդհանրապես մարդկությունը «սեւերի» եւ «սպիտակների», «յուրայինների» եւ «օտարների» բաժանելը զուտ հայաստանյան եւ զուտ 21-րդ դարի երեւույթ չէ: Այդ բաժանումը մարդկային մտածողության մշտական եւ կասեի՝ հիմնարար արատն է: Բայց պետք է հասկանալ, թե որ փուլում է այն առաջանում: Եթե որեւէ մեկն ասում է «մենք», ապա նա անպայման նկատի ունի, որ կան «նրանք», եթե կա «այստեղ», ապա պարտադիր պետք է լինի «այնտեղ»: Ինքնին այդ բաժանումների մեջ որեւէ վատ, վտանգավոր բան չկա: Օրինակ, եթե ես ասում եմ «մենք՝ լրագրողներս», ապա ինձ նույնականացնում եմ մի խմբի հետ, որը զբաղվում է որոշակի գործով: Դա չի նշանակում, որ մյուս մասնագիտությունները պակաս հարգանքի են արժանի: Նույնը՝ քաղաքական համոզմունքները, կրոնը, ազգը, սեռը, սեռական կողմնորոշումը, մաշկի գույնը եւ այլն:

Օտարը, ոչ յուրայինը, «սեւը» հայտնվում են այն ժամանակ, երբ դու կարծում ես, որ մարդկանց ինչ-որ խումբ սպառնալիք է ներկայացնում այն աշխարհի համար, որում դու ապրում ես, խանգարում է քեզ իրագործել այն նպատակները, որոնք դու ունես: Բայց դա էլ դեռ չի նշանակում՝ աշխարհը բաժանել «սեւերի» եւ «սպիտակների»: Բաժանումն առաջանում է միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են անհանգստանալ՝ տեսնելով անհատների եւ խմբերի, որոնց դժվար է կպցնել «յուրայինի» կամ «օտարի» պիտակը:

Սահմանափակ ուղեղներում դա անորոշություն, շփոթմունք է առաջացնում: Այդ տեսակի մարդիկ մշտական ջանքեր են գործադրում, որպեսզի «սեւի» եւ «սպիտակի» իրենց կառուցած աշխարհը պահպանվի իր «անարատ» տեսքով:

Ես իմ պրակտիկայում բազմիցս առնչվել եմ այդ «սեւ-սպիտակ» բաժանումը սրբորեն պահպանողների հետ: «Այնքան վտանգավոր չեն բացահայտ ՀՀՇ-ականները, որքան նրանք, ովքեր «տակից» ՀՀՇ-ական քարոզչություն են իրականացնում», – ասվում էր 1998 թվականից հետո: «Այնքան սարսափելի չեն բացահայտ հանրապետականները, որքան «չեզոք» եւ «օբյեկտիվ» ձեւացնողները», – նման դատողություն էր հնչում 2008-ից հետո: «Ավելի լավ է՝ մարդ լինի բացահայտ ՔՊ-ական, քան լատենտ, թաքնված նիկոլական», – ասվում է հիմա: Երեք դեպքերում էլ մեղադրանքն ուղղված էր ինձ եւ ինձ նման մտածող մարդկանց: Ես իսկապես Հայաստանի ներսում ոչ մեկին թշնամի չեմ համարում եւ մշտապես իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ իմ ուժերի սահմաններում  իջեցնեմ ներքաղաքական կյանքում ատելության «ջերմաստիճանը»: Հասկանում եմ, որ դա չի տեղավորվում «սեւ-սպիտակ» աշխարհընկալման մեջ, բայց մի՞թե մենք չենք տեսնում, թե ինչի են մեր երկիրը հասցրել փոխադարձ ատելությունն ու թշնամանքը:

Նման մտածողության ուղիղ հետեւանքն է, որ մարդիկ, որոնք իրենց «սպիտակ» են համարում, սկսում են «սեւեր» փնտրել սեփական միջավայրում: Օրինակ, այն, ինչ ազգային խոսույթում կոչվում է «ներքին թուրք»: Արդյոք դուք նկատե՞լ եք, որ քաղաքական որոշակի կուսակցությունները, այս կամ այն կուռքի պաշտամունքն ունեցող աղանդները, կրոնական ֆունդամենտալիստներն ավելի խիստ են վարվում սեփական այլախոհների, հերետիկոսների, «ռենեգատների» հետ, քան նրանց հանդեպ, ում ի սկզբանե թշնամի են հռչակում: Դրա համար կան հատուկ «հավատաքննիչներ» (ինչպես էլ նրանք կոչվեն), որոնք ստուգում են՝ արդյոք տվյալ խմբի անդամը չի՞ շեղվել հայտարարագրված դոգմաներից: Ֆիզիկական կրակի վրա այդ «ուրացողներին» այլեւս, բարեբախտաբար, չեն այրում: Հիմա այդ «կրակը» փոխարինվում է սոցցանցային բուլինգով:

Ումբերտո Էկոյի հերոսներից մեկն ասում է. «Սատանան մարմնականության հաղթանակը չէ: Սատանան ոգու մեծամտությունն է: Դա հավատք է՝ առանց ժպտալու: Դա ճշմարտություն է, որը երբեք կասկածի չի ենթարկվում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031