Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Արցախում. Մարսել Պետրոսյանը վաղը կիմանա

Օգոստոս 22,2023 23:03

Այսօր Արցախի hանրապետության խորհրդարանի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել՝ Արցախի ԱԺ նախագահ  Դավիթ Իշխանյանի եւ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանդիպման մասին: Արցախում, վերջին օրերի ներքաղաքական լարվածության ֆոնին, այս հանդիպումը ուշադրություն է գրավում: «Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում: Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ապա ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես Ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային  անվտանգությունն ապահովելու և անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ: Հատուկ քննարկման նյութ են դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Պաշտոնական հաղորդագրությունից հստակ չի երեւում՝ Արցախի ԱԺ նախագահը եւ ՆԳ նախարարը քննարկե՞լ են օրեր առաջ Արցախի խորհրդարանի շենք զինվորական համազգեստով անձանց ներխուժման հարցը, թե՝ ոչ:

Թեեւ այս միջադեպը ԱԱԾ-ի տիրույթում է, քանի որ, ըստ էության, հարձակում է եղել խորհրդարանի՝ պետական ինստիտուտի վրա: Պաշտոնական աղբյուրները միջադեպի եւ դրա հետեւանքների մասին լռում են: Ավելին, ըստ պաշտոնական աղբյուրների, վաղն Արցախի հանրապետության նախագահի մոտ խորհրդակցություն է տեղի ունենալու, որին, որքան էլ տարօրինակ է, մասնակցելու է նաեւ խորհրդարանի շենքի վրա հարձակում գործած  Արցախի աշխարհազոր կոչված կառույցի հրամանատար Կարեն Մաթևոսյանը: Այս կառույցը ստեղծվել էր հետպատերազմյան շրջանում, Արայիկ Հարությունյանի կողմից:

Կարեն Մաթեւոսյանը երեկ տեսաուղերձ էր հրապարակել, որում ասում է. «Արցախի աշխարհազորը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո մի խումբ մարդկանց կողմից գիտակցաբար՝ հաշվի առնելով Արցախի բնակչության անվտանգության բոլոր սպառնալիքները, ինչպես Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ագրեսիվ քաղաքականությունը, այնպես էլ այն վտանգները, որոնք բխում են Արցախի ռազմաքաղաքական, հասարակական-քաղաքական վերնախավին համախմբելու անկարողությունից, ժողովրդի ապագա ճակատագրի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու անկարողությունից։ Աշխարհազորը ստեղծվել է մեկ նպատակով՝ պաշտպանել մեր ժողովրդին, մեր ընտանիքներին ոչնչացման սպառնալիքից»:

Բացի սպառնալիքներից, սադրիչ հայտարարություններից եւ հոխորտանքներից, նա իր տեսաուղերձում նաեւ կոչ էր արել՝ հրատապ խորհրդակցություն հրավիրել ու հավաքվել Արցախի նախագահի շուրջ: Կարեն Մաթեւոսյանի կոչով Արայիկ Հարությունյանի հրավիրած հրատապ խորհրդակցությանը կմասնակցեն նաեւ «Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը, Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, ովքեր եւս աչքի են ընկնում իրենց սադրիչ հայտարարություններով եւ գործողություններով:

Վերջիններիս, ի դեպ, խիստ դուր չի եկել Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ընտրությունը եւ արդեն մի քանի օր է՝ նրանք վարկաբեկիչ եւ վիրավորական հայտարարություններ են անում Դավիթ Իշխանյանի հասցեին, նաեւ Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի հասցեին, որ հանդգնել է քննադատել Արայիկ Հարությունյանին, ասելով. «Ցավոք, դուք չկարողացաք դառնալ, ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար, և դա գալիս է ձեր պահելաձևից»:

Արայիկ Հարությունյանի պատասխանն էլ չէր ուշացել. երեկ երեկոյան, իշխանական «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի դեմ արված քննադատությունները պետականության դեմ են եւ հետապնդում են նեղ խմբային շահեր:

Այդ ամենին ի պատասխան՝ Դավիթ Իշխանյանն այսօր հիշեցրեց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է քաղաքական ուժերի համախոհության արդյունքում. «Համոզված եմ, որ այդ համախմբումը միս ու արյուն է տալու պետականության պահպանման վեհ գաղափարին, որի լեգիտիմ ներկայացուցիչներն են Նախագահի և Ազգային ժողովի ինստիտուտները: Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին: Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային և իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարևորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը»:

Արցախի ԱԺ նախագահի եւ ՆԳ նախարարի այսօրվա հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ պաշտպանության, անվտանգության և  օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին՝ Ձեր գնահատմամբ, մեկնաբանմամբ՝ ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ կարող այս պահին պատասխանել, ավելի ճիշտ՝ այսօր, որովհետեւ տեղեկատվություն չունեմ կամ ինչ-որ ունեմ՝ կիսատ պռատ է»: Պնդմանը՝ ինչ-որ բա՞ն է կատարվում այս պահին, մեր զրուցակիցը հակադարձեց, որ հարցին արդեն պատասխանել է եւ հորդորեց վաղը լրացուցիչ խոսել, երբ ինքը ամբողջական տեղեկատվություն կունենա:

Մի քանի օր առաջ Մարսել Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ Ռուբեն Վարդանյան-Արայիկ Հարությունյան փոխադարձ կշտամբանքների մասին ու եզրահանգել էր. «Ինչու՞ է անհանգստացել Ռուբեն Վարդանյանը, որ Արայիկ Հարությունյանը հրաժարվում է հրաժարական տալ: Ինչո՞ւ չի ուզում իրերը կոչել իրենց անվամբ ու պարզաբանել թե Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետ ստվերային իշխանությունը, որ բաղկացած է հիմնականում պաշտոնաթող նախկին չինովնիկներից, առանց ժողովրդի իմացության, ժողովրդի թիկունքում, ու՞մ են ծրագրել բրդել ու ամրացնել նախագահի բազկաթոռին: Ո՞րն է նման քայլի նպատակը, տրամաբանությունը, հեռանկարը: Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը ինչ-որ քաղաքական խմբակի հույսերն ու ակնկալիքները չի արդարացրել»:

Հիշեցրեցինք ու խնդրեցինք իր իսկ հնչեցրած հարցերին պատասխանել՝ բացելով իր ասելիքն ու մտավախությունները:

«Ես ոչ մեկից չեմ վախենում, բայց չեմ բացում»,- եղավ պատասխանը:

Ուշագրավ է, որ մեկ այլ գրառման մեջ, ԱԺ ներխուժած աշխարհազորայիններին պատժելու մասին Սամվել Բաբայանի զինակից Մարսել Պետրոսյանը հստակ չի արտահայտվում, բայց հիշեցնում է, որ անկախ նրանից՝ վերջիններս ուղղորդված, թե ինքնաբուխ են գործել, նրանք ժողովրդի մաս են:

Արցախի նախագահի նախկին թեկնածու, գործարար, գյուղատնտես Սերգեյ Ամիրյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքին, մասնավորաբար, աշխարհազորայինների թեմային, կարծիք հայտնեց, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր համար «սեփական բանակ է ստեղծել», որը իր կարծիքով, պետք է Արայիկ Հարությունյանի անվտանգությունն ապահովի:

Մեր զրուցակիցն ասաց, որ նոր է Վերածննդի հրապարակով անցել, այնտեղ դեռ տեղադրված վրանների տակ այդ նույն աշխարհազորայիններին է տեսել. «Զարմանալի է, երեք օր առաջ, որ զենքով մտան ԱԺ, պիտի ձերբակալված լինեին, բայց երեկ այդ հրամանատարն է հայտարարություններ անում, սահմանադրական կարգի տապալման կոչեր անում ու չգիտես ինչո՞ւ… ու սա խոսում է այն մասին, որ նախագահն իր թիկունքին կանգնած է: Դուք ո՞նց եք պատկերացնում, այդքանը հիմա մենք անեինք, անմիջապես կձերբակալեին»:

Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյան-Արայիկ Հարությունյան՝ հրապարակ նետված հակասություններին էլ, մեր զրուցակիցը կարծում է, որ այդ ամենն ինչ-որ տեղից ուղղորդվում է. «Ու այնքան բազմաշերտ են խաղում, որ մեկ ամիս հետո ես հասկանում, թե ի՞նչ են արել»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակով է Արայիկ Հարությունյանը փորձում այդ քաոսը ստեղծել՝ աշխարհազորի մասնակցությամբ, ինչո՞ւ են իր շրջապատի մարդիկ պահանջում ԱԺ-ի լուծարում, ինչո՞ւ են քննադատում ԱԺ նախագահին, որի թեկնածությանը կողմ է քվեարկել նաեւ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը:

«Ինչպես ասացի՝ իրենց խաղերը մեկ-երկու ամիս հետո ես հասկանում: Իսկ խորհրդարան ցրելն, իրականում Ադրբեջանի պաշտոնական պահանջն է: Արայիկին լավ ճանաչելով՝ կարող եմ ասել՝ ուզում է այստեղ իրավիճակը լարի, Ադրբեջանը, ներքին զորքերի անվան տակ ինչ-որ խմբեր մտցնի այստեղ, ասի՝ այս ի՞նչ է կատարվում իմ «տարածքում», մտնում եմ կարգ ու կանոն հաստատեմ՝ դրանով հարցերը լուծվի: Կամ, մարդկանց այնպիսի վիճակի է հասցնում, նաեւ հոգեբանական ճնշում գործադրում, որ բոլորը ձեռքերը բարձրացնեն՝ ասեն՝ հանձնվում ենք, պատրաստ ենք ինտեգրման, միայն թե շաքարավազ լինի, երեխան քաղցր թեյ խմի: Բայց ասեմ՝ շուտ հանձնվողը չենք, Արայիկը հանձնվելու է, բայց մենք դեռ պայքարելու ենք, փորձելու ենք Արցախը հայկական ու հայեցի պահել»:

Իրավիճակի հանգուցալուծման, հնարավոր ելքերի, ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության մասին հարցին էլ այսպիսի պատասխան հնչեց. «Լուծումը մեկն է՝ Արայիկը պետք է հեռանա: Որպեսզի Արցախն ապրի, Արայիկի կլանը պետք է գնա: Արայիկը չպիտի մնա իշխանության, ոչ էլ իր հետ հաց կիսած որեւէ մեկը: Քաղաքական ուժերի 90 տոկոսն Արայիկի շրջապատն է, բյուջեից սնված տզրուկներ ու հենց Արայիկը՝ քաղաքական ուժերով բերեց ու հասցրեց այս իրավիճակին: 10-15 տարի է պարզ երեւում էր, թե ի՞նչ են անում, ուղղակի, որոշ մարդիկ, որ բյուջեից բարձր աշխատավարձ էին ստանում, փակում էին աչքերը, որպեսզի չտեսնեին: Կեղծ ընդդիմադիր դաշտ էին ձեւավորել ու նրանք էլ օգնեցին, որ հասնենք այս վիճակին: Ընդդիմադիրներ կան, իհարկե, բայց դե՝ թույլ են»:

Նա վստահ է, որ նոր նախաձեռնությունը՝ Արցախի ազգային շարժումը, որի անդամներից է նաեւ ինքը, արագ թափ է հավաքում ու կարճ ժամանակում  կարողանալու է իրավիճակը շտկել: Վստահեցնում է, որ իրենք ունեն ռեսուրս. «Այնպես չէ, որ մենք ասելու ենք՝ Արցախը Հայաստան է եւ, վերջ կամ մենք անկախ պետություն ենք հռչակվում: Ոչ: Ընդամենը՝ անհրաժե՞շտ է թուրքերի հետ բանակցել, մենք բանակցելու ենք, ոչ թե՝ ինչ ասեն, ասենք՝ այո. դա բանակցություն չի արդեն, մենք մեր շահն առաջ ենք տանելու, ունենք այդ հնարավորությունը, համապատասխան մասնագետներն ունենք բոլոր ոլորտներում»:

Իսկ ո՞րն է մեր շահը՝ ինքնորոշո՞ւմը, թե՞ հացի խնդիրը լուծելը՝ հարցին էլ այսպես պատասխանեց. «Այս պահին հացի խնդիրը լուծել, որպեսզի ժողովուրդը չհայրենազրկվի, մնան իրենց տներում, երկրորդ փուլում արդեն ինքնորոշման հարցը դնելու»: Դիտարկմանն էլ՝ հացի խնդիր լուծելը չի՞ ենթադրում ինտեգրման առաջին քայլ, նա պատասխանեց. «Իմ ունեցած տեղեկություններով, Արայիկն այս երկու օրում ուզում է այնպես անել, որ Ակնայից հումանիտար օգնություն բերեն: Ինձ թվում է Ադրբեջանը խաբում է, երբ ասում է, որ Ակնայից մուտքերին զուգահեռ Հակարիից թույլ կտա խաղաղապահների մեքենաներով էլ բեռների տեղափոխում: Բայց այսպես, թե այնպես՝ հացի խնդիրը պետք է լուծվի: Մեկ շաբաթ էլ ձգեցինք. հետո՞: Դրա համար եմ ասում՝ Արայիկը պետք է հեռանա»:

Մեր զրուցակիցը նաեւ հավաստիացնում է, որ Արայիկ Հարությունյանն իր ընտրողների հետ անկեղծ չէ եւ երբեք էլ անկեղծ չի եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031