Սոցիալական ցանցերում չեն դադարում սեռական բնույթի հայհոյանքները, անեծքները, սպառնալիքներն ու խիստ անհանդուրժող մեկնաբանություններն այսօր Արցախից Հայաստան տեղափոխված 17-ամյա Էլեն Առստամյանի հասցեին։
Այսօր Հայաստան է ժամանել արցախցի ուսանողների մի խումբ, Հակարիի կամրջի մոտ, ադրբեջանական անցակետում ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Էլենի հետ կարճ ճեպազրույցում հարցնում է՝ անխոչընդոտ, անվտանգ անցնում եք սահմանը, բավարարվա՞ծ եք։ Էլենը դրական պատասխան է տալիս, հավելում, որ ամեն ինչ նորմալ է։ Այս տեսանյութը տարածվել է ֆեյսբուքյան հայկական տիրույթում, իսկ 17-ամյա աղջնակը օգտատերերի կողմից թիրախավորվել է, նրա հասցեին վիրավորանքների ու հայհոյանքների տարափ է սոցիալական ցանցում։
Մարատ Եգանյանը, որն, ըստ իր ֆեյսբուքյանի օգտահաշվի, ապրում է Ստեփանակերտում, տարածել է ադրբեջանական տեսանյութը՝ մեկնաբանելով՝ ուղղակի ասելիք չունեմ։ Այս տեսանյութով գրառման տակ մեծամասամբ Էլենին քննադատող ու հայհոյող մեկնաբանություններ են։
Կարդացեք նաև
«Անգրագետ, հիմար․․․Ըսել իբրև Արցախցիյա, ուսանողուհիյա համարվում։ Անգրագիտության աստիճանն շատ բարձրա։ Օրիշ ասելիք չունեմ։ Աղջիկ ջան էդպիսի դեպքերում գոնե չեզոք դիրքում մնա, որ հետո նայելուց չամաչես քո արարքներից»-Մարատի գրառման տակ մեկնաբանել է օգտատերերից մեկը։ Այլ օգտատերերի պատասխանին, որ աղջիկն ուղղակի վախեցած ու շփոթված է, մյուսները կրկին վիրավորելով հակադարձել են, թե՝ վախեցած է, թող չխոսեր։ Իհարկե, չենք ներկայացնում, թե սեռական բնույթի ինչպիսի հայհոյանքներով են արձագանքում օգտատերերը։
Կին օգտատերերից մեկն էլ գրել է․«Դե իհարկե լավա ինան, իմ խոխեքս սոված թերսնված 250 օր պահիմ, ուրանք ուսանողներին ղարկին Երևան ու սաղ աշխարհավ անին ասին շտղա ծեր բլոկադան (((Շատ լավա ընտիր»։
Իհարկե, քիչ չեն այն քաղաքացիները, որոնք կոչ են անում դադարեցնել Էլենին քննադատելն ու հայհոյելը․ «Աա, բօլա ծեզ էէէ, խօխայա նդեղ կաղնած,վախած ,պանիկայում խօխա։ Լավ կինար վէր մին փիս պէն ասար,փրնեյին տնեյին, նստցնեյին ու հետո մորթած հետ տային? Մտածեցիք, հետո քննադատեցիք»։
«Էսի ովա՞ որ թուրքին հարցազրույցա տալիս թեթևսոլիկը, լավ գնացեք թուրքի հետ ապրեք այ տականքներ ինչի համար եք գալիս լցվեք Երևան»,-գրել է մեկ այլ օգտատեր՝ տեսանյութը կիսվելով։
Արցախցի ուսանողների՝ Երեւան տեղափոխվելու մասին լուրը սցցանցում եւս ակտիվ քննարկվում է, քննադատում են, գրում են՝ դատարկում են Արցախը, քննադատում, թե ինչո՞ւ են լքում Արցախը։
«Չեք տեսնում, որ մենակ դուրս են թողնում ՆԵՐՍ ԳՆԱԼԸ ՉԵՆ ԷԼ ԹՈՂՆԵԼՈՒ, նրանք դատարկում են Արցախը, մի տրվեք այս գործարքներին, սիրելի Արցախի բնակիչներ։ Դուրս մի եկեք ժող ջան, Մնացեք էնտեղ»,-գրում են օգտատերերը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով ադրբեջանական տեսանյութին եւ Էլեն Առուստամյանի վրա սոցցանցային հարձակումներին, գրել է, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել եւ իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել այդ պահին նրա հոգեբանական իրավիճակին և ապրումներին։ Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տասնյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տվել է նաև հայ հասարակության մի մասը։ Պահանջում եմ զերծ մնալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ