Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ՝ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում․ ահազանգ ոստիկանությանը

Օգոստոս 22,2023 20:10

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով խախտվել են հաստատությունում բնակվող երեխաների իրավունքները:

Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի իրավասու ներկայացուցիչների «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության այցի վերաբերյալ կազմված ամփոփագրում արձանագրված են մի շարք խախտումներ։ Օրինակ՝ հաստատությունում պահպանված չեն անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսներ, սենյակներում առկա չեն փոքր պահարաններ և աթոռներ, սենյակներում 3 կամ 4 անձի համար առկա է 1 հանդերձապահարան, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում գործող սենյակը ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հանգստի սենյակ, երեխաների հանգստի և դասերը պատրաստելու համար առանձին սենյակներ հատկացված չեն ապահովված երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխան։ Հաստատությունում ապահովված չի առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական կարիքները ինքնուրույն բավարարելու հնարավորություններով, անկողնային պարագանների, սրբիչների, սանրերի, ատամի խոզանակների անհատականացումն իրականացվում է առանց դրանց շփոթելու հավանականությունը բացառելու պատշաճ նշումների, առաջնային հրդեհաշիջման միջոցները ոչ բարվոք վիճակում են, իսկ որոշ տեղերում ուղղակի բացակայում են, կազմված ճաշացուցակը միատարր է, չի պարունակում տարվա եղանակի, երեխաների տարիքային խմբի, կերակրատեսակների չափաբաժնին համապատասխան սննդային նյութերի, էներգետիկ արժեքների, վիտամինների, միկրոտարրերի վերաբերյալ տեղեկություններ:

Ստուգողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ 2020-2023թթ. ընթացքում բժշկական կենտրոններ տարբեր ախտորոշումներով դիմել է թվով 13 երեխա, իսկ ՊՈԱԿ-ում գործող բուժկետ և կենտրոնը սպասարկող Երևան քաղաքի թիվ 16 պոլիկլինիկա են դիմել բազմաթիվ անգամներ, ինչը ենթադրաբար պայմանավորված է հաստատությունում առկա վերը նշված սանիտարահիգենիկ ոչ բարվոք պայմաններով: Բացի այդ, պարզվել է նաև, որ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում անվտանգության ծառայություններ մատուցող «Սուր և Նիզակ» ՍՊԸ աշխատակից, պահնորդ Ռ․ Գ․-ն իր հերթապահությունների ընթացքում պարբերաբար ՊՈԱԿ-ի սաներ Հ․ Կ․-ի, Վ․ Մ․-ի , Ս․ Մ․-ի նկատմամբ հնչեցրել է սպառնալիքներ և ցույց տալով իր մոտ եղած դանակը՝ ասել է, որ «կսպանի, եթե իրենց խելոք չպահեն»: Նշենք, որ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Նշենք, որ Aravot.am-ը վաղը կներկայացնի նաև այս խախտումների վերաբերյալ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի պարզաբանումները։

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031